«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՄԵՐԻԿԱ ԿՌՎԻՆ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգիչ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ հետ զրույցում պարզ դարձավ, որ նա Հայաստանի ներքաղաքական կյանքով հետաքրքրվում է, սակայն, ինչպես ինքը նշեց, 2008 թվականի մարտի 1-ից հետո որեւէ քաղաքական իրադարձության մեջ մասնակցություն չի ուզում ունենալ:
-Շատ հարգում եմ ժողովրդի կարծիքը, բայց չեմ մասնակցում իմ պատճառներով: Հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին որպես մարդ, ընդունում եմ նրա կարծիքը, բայց քաղաքական դիրքորոշումները չեմ կիսում: Բայց նաեւ այնպես էլ չէ, թե այսօրվա իշխանությունների հետ եմ: Ե՛վ ընդդիմության, ե՛ւ իշխանության լավ մարդկանց ընդունում եմ, իսկ մնացածին` ոչ: Պարզապես Ռուսաստան-Ամերիկա կռվին, որ տեղի է ունենում Ազատության հրապարակում, չեմ ուզում մասնակցել:
-Ո՞ւմ եք տեսնում լիդերի կարգավիճակում:
-Վազգեն Սարգսյանին, որ հիմա չկա: Ես սպասում եմ մեկին, որը նման կլինի նրա կերպարին: Խոսքս այն անկեղծ մարդու մասին է, որը որեւէ մեկի դուդուկի տակ չի պարում եւ, ի վերջո, պետության կողմից է:
-Ո՞ր հարցերում են թերանում մեզ հայտնի լիդերները:
-Մենք շատ մեծ քաղաքական տրավմա ունենք տարած` հոկտեմբերի 27-ը: Կարծում եմ` որեւէ բան փոխելու կամ բարելավելու համար անհրաժեշտ է պետության օգտին մի քար դնել: Բանակի հարցերն այսօր ավելի կարեւոր են, քան միտինգում գլխաքանակ ստեղծելը: Ավելի լավ կլիներ` որեւէ զորամասում հանդիպում ունենային զինվորների հետ, նրանց ոգին բարձրացնեին…
-Բանակից զատ, էլ ի՞նչ ակնհայտ խնդիր եք տեսնում:
-Շատ կարեւոր է մշակույթի դերի բարձրացումը, որ դեմք ունենանք ու ո՛չ Ամերիկայի, ո՛չ էլ Ռուսաստանի ստրուկը լինելու կարիք չունենանք: Այսօր նույնիսկ մշակույթն է թելադրվում, իրենք են ասում` որ նախագիծը որ գույնի մեջ արվի: Կուզեմ, որ, ի վերջո, գա պահ, երբ Հայաստանն ինքը որոշի իր կարգավիճակը: Վերջին շրջանում համոզվել եմ, որ նույնիսկ քաղաքական պայքարով էլ դա անել չի ստացվում: Հախվերդյան Ռուբոյի մոտ կան փայլուն խոսքեր. «Այս աշխարհը մերն է, բարեկա՛մս, չփորձես անգամ նրան փոխել, փոխվեցին կարծես թե հին տերերը, նոր տերերը խաղում են հին դերեր»: Շեշտեմ, որ խոսքս ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի մասին է: Խոսքս այն մարդկանց մասին է, որոնք Ր. Հովհաննիսյանի կողքին փորձում են հասնել ինչ-որ բանի եւ Սերժի կողքին էլ փորձում են պահել իրենց ունեցածը: Ա՛յ, եթե մի օր Հայաստանում հեքիաթ լինի, բարին ու չարը բաժանվեն, ես պատրաստ եմ բարու կողքին կանգնել: Չեմ կասկածում, որ Րաֆֆին բարի մարդ է, բայց չեմ էլ ուզում մտածել, որ Սերժն է ուզում, որ այս երկրի վիճակը վատ լինի: Երկուսին էլ որպես անհատ ընդունում եմ: Ես կուզեի, որ Րաֆֆին իշխանության մի մաս կազմեր, Սերժին թիկունք լիներ, ու իրենք պետություն սարքեին: Կայացման միջոցը հաստատ հեղաշրջումը չէ:
-Իսկ ո՞րն է:
-Անհատների միասնությունը եւ որ ամեն մեկն իր գործի մեջ ազնիվ լինի: Ես կուզեի մշակութային հեղափոխություն լիներ: Այդքան խոսում ենք` Նարեկացի, Քուչակ, Ֆրիկ, Չարենց, Խաչատրյան, Կոմիտաս, բայց գալիս ենք այսօրվա իրականություն ու տեսնում, որ ոչ մի կապ չունենք նրանց հետ: Չնայած կապ ունեցել ենք սրանից 25 տարի առաջ. մեր հեռուստատեսությամբ դա էր քարոզվում, եթե էստրադա էր, բաբաջանյանական էստրադա էր: 
-Ինչպիսի՞նն եք պատկերացնում իրական իշխանությունը:
-Իշխանությունը պիտի լինի անկախ, բայց, ցավոք, այսօր այդպես չէ: Նորից եմ ասում` ոչ մեկին չեմ ուզում պաշտպանել կամ էլ գցել, բայց եթե այսօր Ս. Սարգսյանի ձեռքին հնարավորություն լիներ անկախ Հայաստան ձեռք բերելու, նա անպայման դա կաներ, դրա համար էլ ժամանակ է պետք եւ ուժեղ տնտեսություն, որ այսօր չունենք: 
-Եթե մեր երկրի բարեկեցության բանալին Ս. Սարգսյանի ձեռքում չէ, ապա ո՞ւմ ձեռքում է:
-Դրանք հարցեր են, որոնց պատասխանելու համար ես նվազագույնը քաղաքական գործիչ կամ քաղաքական մեկնաբան պիտի լինեի: Միգուցե նրան հենարա՞ն է պետք, ա՛յ էն հենարանը, որը հիմա ընդդիմությունն ունի:
-Ինչպիսի՞ Հայաստան եք ուզում ունենալ վաղը:
-Ազատ, անկախ, սիրված, ամենակարեւորը` լքված չլինի մեր կողմից: Հասարակ բան եմ ասում. այսօր մեքենայով գնում էի, «գոլդ» համարներով մի մեքենայի միջից ինչ-որ անասուն ծխախոտի տուփը դուրս գցեց: Ա՛յ ինքը թքած ունի երկրի վրա, իսկ դա ո՛չ իշխանությունով, ո՛չ էլ ընդդիմությունով չի ուղղվի: 
-Գուցե օրենքո՞վ հարց լուծվի:
-Օրենքը հայի համար չէ: Հայը պիտի օրենքը սիրի, որ ընդունի: Հային վախեցնելով՝ հնարավոր չէ բան բացատրել: Ես կուզեմ, որ պետությունն ընտանիք դառնա ու չղեկավարվի ուրիշ ցինիկ ազգի կողմից: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս