ՀՀ ոստիկանությունը արձագանքել է «Ժողովուրդ»-ի այն հրապարակմանը, որը Ռուսաստանում եւ այլ երկրներում հաշվառված ՀՀ քաղաքացիներին ընտրացուցակներից հանելու մասին էր: Մենք նշել էինք, որ ցանկության դեպքում ոստիկանությունը կարող է ձեռնամուխ լինել այդ քաղաքացիներին ընտրացուցակներից հանելու գործընթացին: Սակայն, դա չեն անում քանի, որ այդ դեպքում ընտրողների թիվը մոտ մեկ միլիոնով կպակասի եւ ընտրակեղծարարության հնարավորություններն էլ կնվազեն իշխանությունների համար: Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.
««Ժողովուրդ« օրաթերթում հրապարակված «Ընտրացուցակները շտկելու համար ինչ կարող է անել ոստիկանությունը, որ չի անում» վերտառությամբ հոդվածում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով իրենց մոտ գրանցված է 362 հազար 532 ՀՀ քաղաքացի: Կարծիք է հայտնվել, որ ցանկության դեպքում ոստիկանությունը կարող է այդ քաղաքացիներին հանել ընտրողների ցուցակներից, բայց չի արվում, քանի որ այդ դեպքում ընտրողների ցուցակը մոտ 1 մլն-ով կպակասի և ընտրակեղծարարության հնարավորություններն էլ կնվազեն: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներրից, քանի որ օրենքով նման իրավասություն չունի: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս քաղաքացու տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով»:
Իսկ ինչն է խանգարում, նույն ոստիկանությանը ՀՀ կառավարությանը ներկայացնել օրենսդրական նախագիծ, որպեսզի օրենսդրությամբ հնարավոր լինի այլ երկրում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացուն ընտրացուցակներից հանել: Ի դեպ, խոսքը հենց այնպես ընտրացուցակից հանելու մասին չէ, այլ տարբեր երկրների պատկան մարմիններից ստացված տվյալների հիման վրա: ՀՀ քաղաքացիները երբ բնակության նպատակով մեկնում են արտերկիր, նրանք այնտեղ հաշվառման են կանգնում, ինչը ՀՀ պետական մարմիններին շատ հեշտ է ճշտել` օրենքը փոխելով: