Հայաստանում հանքարդյունաբերության սեփականաշնորհման մութ և ստվերային գործարքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանքարդյունաբերության սեփականաշնորհման ընթացքում տեղի ունեցած մութ եւ ստվերային գործարքները եթե երբեւէ ամբողջությամբ բացահայտվեն, ապա դրանց հիման վրա բազմահատորանոց աշխատություններ կարելի է գրել, թե ինչպես մի խումբ պաշտոնյաների հաջողվեց թալանել պետության ունեցվածքը եւ դառնալ միլիոնատերեր, ոմանք՝ նույնիսկ միլիարդատեր:

Հանքարդյունաբերության ոլորտի սեփականաշնորհման գործընթացին մեկ, նույնիսկ մի քանի նյութում հնարավոր չէ ներկայացնել: Սակայն մի ընդհանրություն, այնուամենայնիվ, կա. այս ոլորտում իրականացված մութ գործարքները հիմնականում նույն սխեմայով են եղել, պարզապես գործող անձինք են փոխվել:

Որպես օրինակ ներկայացնենք Սյունիքի մարզի երեք ձեռնարկությունների սեփականաշնորհման պատմությունները: Բայց մինչ այդ նշենք, որ ինչպես Հայաստանի մնացած ձեռնարկությունները, հանքարդյունաբերությունը եւս սեփականաշնորհվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Ավելին՝ Քոչարյանների ընտանիքի միլիարդատեր դառնալու գործում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ հանքարդյունաբերության սեփականաշնորհման գործարքները:

«Կապանի լեռնահարստացման կոմբինատը» վաճառվեց 2002-ին: Փաստաթղթերով նշված ընկերության սեփականատերը դարձավ շվեյցարական «Դենո» ընկերությունը: Վերջինս ընկերության բաժնետոմսերի համար պետական բյուջեին պետք է վճարեր 5,5 մլն դոլար, սակայն այդ գումարն այդպես էլ չվճարվեց: Բանն այն է, որ ընդամենը երկու տարի անց կոմբինատը ՀՀ տնտեսական դատարանի կողմից սնանկ ճանաչվեց, որի արդյունքում ընկերության պարտքերը «ջրվեցին», ինչպես նաեւ փոխվեց սեփականատերը: Իսկ արդեն 2005-ից «Կապանի ԼՀԿ»-ի սեփականատերը դարձավ «Վաթրին Ինվեստմենթ» ընկերությունը, որը ներկայացվում է իբրեւ անգլիական ընկերությունը: Իսկ մեկ տարի անց՝ 2006-ից այդ կոմբինատը պատկանում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությանը:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» սեփականաշնորհվեց 2004 թվականին: ՀՀ կառավարության համապատասխան որոշումը կայացվեց 2004-ի մարտի 10-ին, ըստ այդմ, «Ագարակի ՊՄԿ»-ն ընդամենը 600 հազար դոլարով վաճառվեց «Կոնսապ» անվանումով ընկերությանը, որը ներկայացվում էր իբրեւ ամերիկյան ընկերություն: Կառավարության որոշմամբ նոր սեփականատերը 2 տարվա ընթացքում 3,5 մլն դոլարի ներդրում պետք է կատարեր ձեռնարկությունում: Սակայն այդ ամենը ընդամենը խոստումներ էին՝ գործարքի ծիծաղելի ցածր լինելու հանգամանքը արդարացնելու համար: Իսկ հետագայում այդ ընկերությունը դարձավ «ԳեոՊրոՄայնին Գոլդ» (GeoProMining Gold) ընկերության սեփականությունը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» սեփականաշնորհվեց 2004-ի դեկտեմբերին: Պաշտոնապես ընկերության բաժնետոմսերի սեփականատերերը դարձան գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ընկերությունը՝ 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն` 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ-ն` 12,5% բաժնեմասով եւ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն` 12,5% բաժնեմասով: Ձեռնարկության նոր սեփականատերերը գործարքը կնքելուց հետո պետական բյուջե պետք է վճարեին 45 մլն դոլար, եւս 87 մլն դոլար էլ նրանք պարտավոր էին վճարել մեկ տարի անց: Այսինքն՝ Հայաստանի հանքարդյունաբերության այդ հսկան վաճառվեց 132 մլն դոլարով: Սա այն դեպքում, երբ հաջորդ տարում գործարանի շահույթը կազմել էր մոտ 180 մլն դոլար: «Զանգեզուրի ՊՄԿ»-ի սեփականատեր դարձած անձանց անունները մինչ օրս մնում են անհայտ: Նրանցից հայտնի է միայն Մաքսիմ Հակոբյանի անունը, որը սեփականաշնորհման պահին գործարանի տնօրենն էր, հետագայում դարձավ դրա բաժնետոմսերի 12,5 %-ի սեփականատերը, քանի որ «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ընկերությունը պատկանում է հենց Հակոբյանների ընտանիքին: Վերջինս մինչեւ անցած տարի զբաղեցնում էր «Զանգեզուր ՊՄԿ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվել այն մասին, որ հանքարդյունաբերության հսկայում բաժնեմաս ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանի ընտանքիը, սակայն այդպես էլ անհայտ է մնացել, թե դա ինչպես կամ բաժնետերերից որ մեկի միջոցով է իրականացվել, եւ որքան է կազմում նրա բաժնեմասը:

Հանքարդյունաբերության սեփականաշնորհման մութ գործարքների մի զգալի մասն էլ հետեւյալ սխեմայով էին իրականացվում. այս կամ այն հանքի շահագործման իրավունքը ձրի տրվում էր պետական պաշտոնյաների հարազատներին, հետագայում այդ իրավունքը վաճառվում էր միլիոնավոր, երբեմն մի քանի տասնյակ միլիոն դոլար արժեքով: Այս գործում առավել հաջողվածներից ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն է: Նա 2001-ից մինչեւ 2007 թվականը զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը եւ այդ ընթացքում, հենց հանքերի շահագործման իրավունքները վաճառելով, հաջողացրել է դառնալ մեծահարուստ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս