Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տուլայի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը:
Այնուհետև Աբրահամյանը նշեց, որ այս հարցով ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի անդամներ` տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գտնվում են Ռուսաստանում, հանդիպել են վնասվածք ունեցողներին, բժիշկներին, հետևում են իրավիճակին:
Վարչապետը հայտնեց, որ երեկ քննարկում են ունեցել նախագահի հետ և որոշում կայացրել, որ բուժման, ինչպես նաև հուղարկավորության բոլոր ծախսերը կառավարությունը կվերցնի իր վրա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը վթարի էր ենթարկվել, որի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել` 43 ՀՀ քաղաքացի: