ԼԱՎ Է ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՁԵՎԱՉԱՓԸ, ՔԱՆ ՏԱՊԱԼՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք իրենք տեղեկություն ունեն, թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը գերտերությունների հետ ԼՂՀ հարցի հետ կապված ինչ պայմանավորվածություն ունի, պատասխանեց. «Տեղեկությունները բաց են. բոլորը գալիս են ու ցանկանում, որ այդ հակամարտությունը կարգավորվի, եւ Հայաստանի իշխանությունը դրա մասին բազմիցս նշել է: Բայց կոնկրետ որեւէ բան, այսպես ասած՝ սցենար, չկա»:
-Պարո՛ն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին ժամանեցին ԼՂՀ, խնդրում եմ ասել, թե որն էր նրանց այցելության նպատակը, եւ ինչ արդյունք է արձանագրվել այս անգամ:
-Այս անգամ մի քիչ տարբեր է եղել այցելությունը. նախ եւ առաջ նրանք այցելել են Ստեփանակերտ, այնուհետեւ Հայաստան: Հետո վերադարձել են իրենց երկրներ, քանի որ Ադրբեջանը նրանց խնդրել է, որպեսզի նովրուզ-բայրամի տոների հետ կապված՝ Բաքու այցելեն արդեն ապրիլի սկզբին: Այդ այցելությունից հետո կրկին կգան Արցախ, հետո Հայաստան, նոր միայն կգնան իրենց երկրներ: Բայց որեւէ նոր բան, այսպես ասած՝ որեւէ առաջարկ, դեռեւս չկա: Իմ կարծիքով՝ սա ճանաչողական այցելություն էր, քանի որ ամերիկացի համանախագահը փոխվել է: Եվ սա նրա առաջին այցելությունն էր տարածաշրջան որպես համանախագահ: Ուրիշ որեւէ արտառոց բան չի եղել:
-Այսինքն՝ այս այցը ե՞ւս որեւէ արդյունք չի տվել:
-Սա շատ բարդ հարց է, եւ տարիներ են պահանջվում, որպեսզի ինչ-որ արդյունք լինի, սա մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքն է, ու նաեւ նրանց ջանքերի շնորհիվ են պահպանվում հրադադարն ու խաղաղությունը: Հետեւաբար, այսպիսի այցելություններ կլինեն:
-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին հղված շնորհավորական ուղերձներում գրեթե բոլոր երկրների նախագահները հույս հայտնեցին, որ ԼՂՀ հարցում եւս Ս. Սարգսյանն ուշիմ կգտնվի: Ինչո՞վ կբացատրեք այս երեւույթը:
-Քանի որ Հայաստանը նույնպես բանակցային գործընթացի անդամ Է, բնական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարեւոր մի գործընթաց է ամբողջ տարածաշրջանի առումով, գուցե նաեւ՝ գլոբալ հարթությունում, եւ բնական է, որ այդ բարեմաղթանքների ժամանակ հնչեցվում է նաեւ այդ հարցը: Ու ես դա արտառոց չեմ համարում:
-Հայաստանի մյուս նախագահներին շնորհավորանքներ հնչեցնելիս այդ հարցը կարծես թե չէր շեշտվում:
-Մշտապես բոլորին էլ այդ հարցով դիմել են: Արցախյան հիմնախնդիրը նաեւ հայոց պետականության, հայոց դիվանագիտության կարեւորագույն, հիմնարար սկզբունքներից եւ հիմքերից մեկն է: Չէ՞ որ մեծապես դրանից է կախված նաեւ ամբողջ հայության ճակատագիրը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում:
-Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, թե գերտերությունների հետ Ս. Սարգսյանն ինչ պայմանավորվածություններ ունի, ինչ խոստումներ է տվել՝ ԼՂՀ հարցի հետ կապված:
-Այն, որ տեղեկությունները բաց են, բոլորը գալիս են ու ցանկանում, որ այդ հակամարտությունը կարգավորվի, եւ Հայաստանի իշխանությունը դրա մասին բազմիցս նշել է: Բայց կոնկրետ որեւէ բան, այսպես ասած՝ սցենար, չկա: Ինչո՞ւ: Որովհետեւ դա շատ բարդ խնդիր է: Նախ եւ առաջ պետք է հաշվի առնել, որ խեղաթյուրված ձեւաչափով է ընթանում: Այո՛, Հայաստանը շարունակում է բանակցությունները, եւ մենք երախտապարտ ենք դրա համար: Քանի որ այլընտրանքը կլիներ Ադրբեջանի այդ ապակառուցողական քաղաքականությունը, այսինքն՝ բանակցություններից դուրս գալը, ընդհանրապես բանակցային գործընթացը տապալելը: Իսկ մենք չենք ցանկանում, որ այդպիսի բան լինի, հետեւաբար, մեզ համար ավելի ձեռնտու է` խեղաթյուրված ձեւաչափով լինի, քան թե ընդհանրապես բանակցությունները տապալվեն: Արցախի մասնակցությունը ժամանակի խնդիր է, շուտ թե ուշ, բայց դա լինելու է անպայման: Սա է հիմնական հարցը: Իհարկե, Հայաստանի համար շատ դժվար է լինելու առանց Արցախի ինչ-որ հարց լուծել: Բացի դրանից, կան նաեւ բազմաթիվ խնդիրներ: Այս պահի դրությամբ հիմնական շեշտը դրված է խաղաղության եւ կայունության պահպանման վրա: Ուրիշ այլ մոտեցում, ուրիշ այլ առաջարկ չի կարող լինել, քանի որ սա ամեն ինչի նախապայման է: Խաղաղ ու նորմալ պայմաններում պետք է այդ հարցը կարգավորվի:
-ԼՂՀ իշխանությունները մշտապես իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա: Վերջին շրջանում ՀՀ-ում ներքաղաքական լարված իրավիճակ է, ԼՂՀ իշխանությունները չե՞ն ցանկանում իրավիճակը թուլացնելու առումով որեւէ քայլի դիմել:
-Մենք երբեք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական դաշտին, իհարկե, մենք հետեւում, նայում ենք, ամեն օր տեղեկանում ու լսում ենք: Նախ եւ առաջ ճիշտ չի լինի, որ մենք խառնվենք, իսկ երկրորդն էլ՝ դրանք ինչ-որ ձեւով հետընտրական գործընթացներ են, որոնք բոլոր ժողովրդավարական երկրներում լինում են: Մենք շահագրգռված ենք, որ ամեն ինչ խաղաղ լինի, կայուն մթնոլորտում ընթանա:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս