ՆԱՄԱԿ, ՆԱՄԱԿ, ՆԱՄԱԿ ԷԼ ԿՍՏԱՆԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ նամակագրական կապը գնալով ավելի է ջերմանում: Երեկ Ր. Հովհաննիսյանը պատասխան նամակ է ուղարկել Ս. Սարգսյանին` նրան հրավիրելով Ազատության հրապարակ` քննարկելու նամակում հնչեցված առաջարկը: 
Ու քանի որ Ս. Սարգսյանն իր նամակում հորդորել էր Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվել, այնուհետեւ նոր քննարկումների համար հանդիպել, «Ժառանգության» առաջնորդը նշել է, թե ինքը միանգամայն առողջ է եւ կազդուրվելու կարիք չունի: Ավելին, Հովհաննիսյանը պատրաստ է առանց հետաձգելու իրականացնել աշխատանքային հանդիպումը: «Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը` հանդիպելու Ձեզ եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով` Ազատության հրապարակում: Եթե ինչ-ինչ պատճառներով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազա՛տ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող` Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»,-գրել է Հովհաննիսյանը:
Իսկ Ազատության հրապարակում երեկ՝ քաղաքացիական իրենց ֆորումից առաջ, Հովհաննիսյանը ներածական ելույթում պատմել է, որ քաղաքացիներից մեկն իրեն հորդորել է չգնալ Ս. Սարգսյանի հետ երկխոսության, քանի որ իշխանությունները կարող են խաբել իրենց: «Հիմա մենք այն վիճակի մեջ ենք, սիրելի՛ հայրենակիցներ, որ քայլերը, խաչաձեւ կոմբինացիաները մե՛ր ձեռքում են լինելու, մե՛ր ձեռքում են»,-հակադարձեց Ր. Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե սա շախմատի խաղ է, ապա սա կյանքի, իրավունքի, հայրենիքի համար է: «Դրա համար թող ոչ մեկը չկասկածի, որ մենք միասին՝ ես եւ իմ ընկերները, մենք տանելու ենք բոլոր ճակատների վրա: Մեր բարդ հաղթանակի բարդ լուծումը տանելու ենք կոմբինացիայով, որը բերելու է հաղթանակի: Զուգահեռ ուղիները, որ գալիս են խաչմերուկ, բոլորը մեզ պետք են: Դրանք մեր խաղաղ, սահմանադրական զինամիջոցներն են: Մենք բոլոր ուղիները պիտի սնունդ տանք, ուժ տանք: Եվ դա բերելու է հաղթանակ համապետական առումով՝ Հայաստան-սփյուռք-Արցախ միասնությամբ ու նաեւ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրության պայքարի մեջ»,-ասել է նա: 
Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Ս. Սարգսյանը կրկին կպատասխանի Ր. Հովհաննիսյանի նամակին: Ըստ մեր տեղեկությունների` իշխանությունները մտադիր են խնդիրը հարթել մինչեւ ապրիլի 9-ը` Ս. Սարգսյանի երդմնակալության օրը, որպեսզի այն անցնի հնարավորինս հանգիստ միջավայրում:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս