ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ 65 ՏՈԿՈՍԸ 1000 ՀՈԳՈՒ ՁԵՌՔՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցակը ՀՀ տնտեսության հիվանդությունը բնորոշող ամենավառ ապացույցն է: Բանն այն է, որ նշված հազար խոշոր հարկատուները վճարում են Հայաստանում հավաքագրված ընդհանուր հարկերի 65 տոկոսը: Այս ցուցանիշը տարօրինակ չէր լինի, եթե Հայաստանում գործեին ընդամենը երկու կամ տասը հազար տնտեսվարողներ: Սակայն նույն հարկային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա ինն ամիսների արդյունքներով Հայաստանում գործում են 95 հազար տնտեսվարողներ:

Այսինքն՝ Հայաստանի բոլոր տնտեսվարողների մեկ տոկոսը վճարում է երկրում հավաքվող հարկերի ու տուրքերի 65 տոկոսը, որը այս տարվա 9 ամիսների կտրվածքով կազմում է 515 միլիարդ 435 միլիոն դրամ: Իսկ տնտեսվարողների մնացած 99 տոկոսը, կամ նույն է թե՝ 94 հազար ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ այս տարվա 9 ամիսներին կարողացել են վճարել ընդհանուր հարկեր-տուրքերի 35 տոկոսը, որը կազմում է 270 միլիարդ 160 մլն դրամ: Առաջին հայացքից կարող է թվալ՝ ոչ մի վատ բան չկա նրանում, որ խոշոր հարկատուներն են հիմնական հարկեր-տուրքերը վճարում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ հարկ վճարելը ենթադրում է նաեւ համապատասխան գումարների շրջանառություն: Այլ կերպ ասած՝ եթե հազար խոշոր ընկերությունները վճարում են հարկեր-տուրքերի 65 տոկոսը, ապա դա նշանակում է, որ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն 65 տոկոսը հենց նույն այդ ընկերություններն են տնօրինում. փողը նրանց ձեռքում է: Այս փաստը ցույց է տալիս, թե որքանով է կենտրոնացված, կամ նույն է թե՝ մենաշնորհված Հայաստանի տնտեսությունը: Եւ հենց կենտրոնացվածությունն է պատճառը, որ տարիներ շարունակ Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված տնտեսվարողների ցանկը տարիներ շարունակ գրեթե չի փոխվում: Եթե այդ ցանկում որեւէ անուն փոխվում էլ է, ապա դա ձեւական բնույթ է կրում, որովհետեւ եթե ուսումնասիրենք, կհամոզվենք, որ այդ «նորեկի» սեփականատերը նույն օլիգարխ-պաշտոնյան է, որին պատկանել է «նախկին» խոշոր հարկատու հանդիսացած ընկերությունը:
Խոշոր հարկատուների այս տարվա 9 ամիսների ցուցակը, ինչպես միշտ, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը ՀՀ պետական բյուջե է վճարել 31 մլրդ 29 մլն դրամի հարկ:
Երկրորդ հորիզոնականի ընկերությունը նույնպես այդ տեղի մշտական հավակնորդ «Զանգեզուրի ՊՄԿ»-ն է, որը այս տարի պետբյուջե վճարել է 19 միլիարդ 8 մլն դրամի հարկ:
Երրորդ տեղում հայտնվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը, որը վճարել է 16 մլրդ 705 մլն դրամի հարկ: «Որոտան ՀԷԿ»-ը սովորաբար խոշոր հարկատուների ցուցակում երրորդ տասնյակի վերջին հորիզոնականներում է լինում, ուստի այս առաջխաղացումը ժամանակավոր բնույթ է կրում եւ պայմանավորված է ընկերության բաժնետոմսերի վաճառքի փաստով: Հիշեցնենք, որ «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքի 180 մլն դոլար արժողությամբ գործարքը կյանքի կոչվեց այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին: Այս տեսանկյունից տարօրինակ է «Օրանժ Արմենիայի» ցուցանիշը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա օգոստոսին «Յուքոմ» ընկերությունը գնեց «Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերը: Այս գործարքը ընթացիկ տարում կնքված ամենախոշոր գործարքներից մեկն է: Նրա հետ թերեւս միայն «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքը կարող է մրցել: Բայց ողջ խնդիրն այն, որ գործարքը որեւէ կերպ չի արտահայտվում ո՛չ «Օրանժ Արմենիայի» եւ ո՛չ էլ «Յուքոմ»-ի վճարած հարկերում: «Օրանժ Արմենիան» անցած տարվա ինն ամիսների արդյունքներով խոշոր հարկատուների ցանկում եղել է 20-րդը` 3 մլրդ 442 մլն հարկային վճարումներով, այս տարի 34-րդն է եւ վճարել է ընդամենը 2 մլրդ 667 մլն դրամի հարկ: «Յուքոմ» ընկերությունն անցած տարի եղել է 49-րդը` 1 մլրդ 895 մլն դրամի հարկային վճարումներով, այս տարի նահանջել է 75-րդ հորիզոնականը եւ վճարել է ընդամենը 1 մլրդ 166 մլն դրամի հարկեր: Տեսականորեն բացառված չէ, որ գործարքի ֆինանսական կողմը կյանքի կոչված լինի հոկտեմբերին, եւ այդ պատճառով առաջին ինն ամիսների արդյունքներում այդ ամենը չի արտացոլվել: Ժամանակը ցույց կտա:
Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» «Զանգեզուրի ՊՄԿ» եւ «Որոտան ՀԷԿ»-ից բացի՝ 10 միլիարդ եւ ավել դրամի հարկեր վճարած հաջորդ խոշոր հարկատուների ցանկը, որոնք զբաղեցնում են ընդհանուր ցուցակի 4-ից 9-րդ հորիզոնականներն, այսպիսնն է՝
ընկեր. վճ.հարկեր
«Ղ-Տելեկոմ» 13 մլրդ 738 մլն դրամ,
ՀԷՑ 13 մլրդ 730 մլն դրամ,
«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» 11 մլրդ 949 մլն դրամ,
«ԱրմենՏել» 11 մլրդ 826 մլն դրամ,
«Գրանդ-Տոբակո» 10 մլրդ 120 մլն դրամ:
Որպես կանոն հենց այս ընկերություններն են մշտապես տեղ զբաղեցնում խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Երեկ ԱԺ-ն 81 կողմ, 16 դեմ եւ 14 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց նույնականացման քարտերով քվեարկելու իրավունք տվող օրենսդրական փաթեթը: Դեմ քվեարկած պատգամավորներն էին՝ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, նույն խմբակցության անդամներ Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, նույն խմբակցության անդամներ Լեւոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը եւ Իշխան Խաչատրյանը:

 

ԷՏ ԱԶՆԻՎԸ ԴՈՒՔ ԵՔ
Երեկ ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթը կարծես «դաստիարակչական ապտակ» լիներ իշխանության ներկայացուցիչներին: Բանն այն, որ նախորդ օրը ԱԺ քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն իր խոսքում Նիկոլ Փաշինյանին դիմելիս ասել էր «ազնիվ պատգամավոր»: Փաշինյանը երեկ հետեւյալ կերպ պատասխանեց իշխանական պատգամավորի «հաճոյախոսությանը». «Հովհաննես Սահակյանն իմ մասին խոսում եւ ասում է՝ Դուք՝ որպես ազնիվ պատգամավոր, հասկանո՞ւմ եք՝ Հանրապետական խմբակցության պատգամավորն է այդպես ասում իմ մասին: Պարո՛ն Սահակյան, մենք ի՞նչ ազնիվ, բոլոր ազնիվ պատգամավորները հավաքված են Ձեր խմբակցությունում: Ես Ձեր իշխանության տարիներին երկու անգամ դատվել եմ «քրեական հանցագործություններ» կատարելու համար: Ո՞նց է Ձեր լեզուն պտտվում ինձ ազնիվ ասել, ազնիվը Դուք եք, ազնիվը Ձեր խմբակցությունն է: Ազնիվը Ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է, Ձեր խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն է, որոնց համատեղ ջանքերով դեռ 1999 թ.-ին ՀՀ դատարանն ինձ երեք տարվա ազատազրկման է դատապարտել», – եզրափակեց Փաշինյանը:

 

ԴԵՌ ՏՈՒՆ ՉԻ ԳՆՈՒՄ
Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ազգականը` Կարինե Ավետիսյանը, դեռ չի համաձայնում վերադառնալ իր տուն: Հիշեցնենք, նա բնակվում է նույն այն բակում, որտեղ ժամանակին ապրել է ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը: «Դեռ պարիսպը չեն դրել, սպասում եմ, տեսնենք, ինչ կլինի, իսկ հիմա քեռուս տանն եմ մնում: Մենակ մարդ եմ ու չգիտեմ էլ ոնց եմ կարողանալու գնալ այնտեղ եւ ապրել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Կարինե Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներին, այդ թվում երկու մանկահասակ երեխաներին սպանել էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Այս գործն առաջիկայում կուղարկվի դատարան:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վիրահայոց թեմի հրավերով այսօր կմեկնի Վրաստան, որտեղ հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում Վեհափառ Հայրապետը կհանդիսապետի վերանորոգված Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծման արարողությունը:

 

ՎՆԱՍ ԿԿՐԵՆ
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին երեկ ընդդիմացել են անգամ ՀՀԿ-ական պատգամավորները: Վախթանգ Միրումյանը նշել է, որ ԵՏՄ անդամակցության շրջանակներում իրենք պարտավոր են հարկային դրույքաչափերը համապատասխանեցնել: Ինչին ի պատասխան՝ Խաչատուր Քոքոբելյանը զգուշացրել է, որ նախագծի ընդունման դեպքում արտադրության որոշակի ճյուղեր փակվելու վտանգի տակ կհայտնվեն.
«Այս դեպքում օղու արտադրությունը փակվելու է: Անխուսափելի է լինելու թանկացումը, անխուսափելի է լինելու տեղական արտադրողի անպաշտպան վիճակը եւս մեկ անգամ խորացնելը»: Էդմոն Մարուքյանը նույնպես նշել է, որ այդ դեպքում մեր տեղական արտադրողներն էական վնաս կկրեն:

 

70 ԽԱԽՏՈՒՄ
Հոկտեմբերի 28-ին եւ լույս 29-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

 

ՀԱՍՏԱՏԵԼ Է
Արձագանքելով նախօրեին մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե Հովիկ Աբրահամյանը հանդիպել է գործարար պատգամավորների հետ եւ հայտնել, որ 700 հազար «այո» ձայնի կարիք կա, Գալուստ Սահակյանը հաստատել է, որ հանդիպում եղել է. «Այդ թիվը ի հայտ է եկել այն պատճառով, որովհետեւ պետք է 650-ից 700 հազար այո-ներ լինեն, որ հանարաքվեն իրականցվի»,- ասել է նա: Հարցին, թե իր վրա այո-ի որքա՞ն թիվ է դրվել, ԱԺ նախագահը պատասխանել է, թե որեւէ մեկի վրա թիվ չկա դրված, առավել եւս՝ իր վրա: «Բոլորս մեր գործը գիտենք՝ ինչպես ենք անում: Թիվը վերաբերում է օրենքին, որովհետեւ 650-ից, հազարից ավել պետք է լինի քվեն»:

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
«Մենք հանդիպել ենք նախագահ Ալիեւի, ինչպես նաեւ նախագահ Սարգսյանի հետ: Երկուսն էլ ցանկություն են հայտնել հանդիպել մինչ ընթացիկ տարվա ավարտը»,- երեկ հայտարարել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Վերջինս անհիմն է համարել Մինսկի խմբի հասցեին հնչեցվող քննադատությունները: «Ես չեմ հասկանում մեր հասցեին հնչեցվող քննադատությունները: Մենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անում ենք, որպեսզի լուծենք հակամարտությունը: Կարեւոր են երկրների ղեկավարների կողմից կատարվող քայլերը, այլ ոչ թե մեր հայտարարությունները»,- ասել է համանախագահը:




Լրահոս