ՆԱԽԱՐԱՐԻ «ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ» ԿՆՈՋ ՀԱՅՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով դատական նիստը:

Նկատենք, որ շուրջ 6 ամիս շարունակ ընթացող դատական վեճի պատճառն այն էր, որ «Հրապարակ» օրաթերթը «Հանրությունն ուզում է իմանալ» եւ «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածներում նախարարի կնոջ մասին նյութ էր հրապարակել՝ օգտվելով համացանցում արդեն հրապարակված մի շարք հոդվածներից: «Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց «թեթեւ» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմությունն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն՝ վերջինիս մահվան պատճառը դառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց է շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները գրում էին քրեական այս դեպքի մասին, դրան հետեւած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին: Միայն հիմա, երբ պաշտպանության նախարարի նախագահ դառնալու հեռանկարն այսքան տեսանելի դարձավ, մութ պատմությունները ջրի երես դուրս եկան»,- սա մեջբերում էր «Հրապարակ» օրաթերթի հրապարակումից, որն էլ արտատպված էր այլ լրատվամիջոցներից: Եւ, ահա, նախարարի կինն էլ, վրդովվելով իր մասին արված հիշեցումներից, «Հրապարակ» օրաթերթին է դատի տվել՝ կարծելով, թե հոդվածագիրը զրպարտել է իրեն եւ արատավորել բարի համբավը:
Երեկվա դատական նիստը մեկնարկեց նախարարի կնոջ ներկայացուցչի՝ Կարեն Մեժլումյանի բացատրությամբ, որը հերթականությամբ անդրադարձավ հոդվածների պարբերականություններին: Ներկայացուցիչը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք հանրությանն այդ տեղեկությունն անհրաժեշտ է եղել. «Տեղեկություն հրապարակելը պետք է հանրային շահ պարունակի: Հայտնի է, որ եթե անձը հանրային դեմք է, հետեւաբար պետք է հանդուրժողականություն դրսեւորի, սակայն հանդուրժող լինել չի նշանակում զրպարտություն հանդուրժել: Իմ վստահորդը հանդուրժողականություն է դրսեւորել օրաթերթի նկատմամբ՝ գումարային պահանջ չներկայացնելով: Ռուզաննա Խաչատրյանը երկու երեխայի մայր է, հանրային դեմք, այժմ արդեն դոկտոր, եւ, բնականաբար, նրա համար կարեւոր նշանակություն ունի իր պատիվն ու արժանապատվությունը»:
«Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հարց ուղղեց Կարեն Մեժլումյանին, թե ո՞ւմ է վերաբերում Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան այն գրառումը, որում ասվում է. «Կապույտի վրա ճանճեր չեն նստում»: Հարցին Կարեն Մեժլումյանը դժվարացավ պատասխանել: Ապա հարց հնչեցվեց, թե արդյո՞ք Ռուզաննա Խաչատրյանը չի գիտակցել կամ հասկացել, որ մի քանի լրատվամիջոցների խիստ անձնական բնույթի հարցազրույցներ տալը կարող է հանրային հետաքրքրվածություն առաջացնել (պատասխանողի ներկայացուցիչը նկատի ուներ Պնախարարի տիկնոջ կողմից տրված հարցազրույցները, որոնցում անդրադառնում է իր եւ Սեյրան Օհանյանի ծանոթությանը, հանդիպմանը, իրենց երեխաներին եւ այլն): Այս հրապարակումները կողմը ներկայացրել է դատարանին որպես ապացույց:
Կարեն Մեժլումյանը հարցին ի պատասխան՝ նշեց, թե իր վստահորդը չի ցանկացել, որ զրպարտչական երանգներ ստանան նշված հրապարակումները: Ինչից բխեց մյուս կողմի հետեւյալ հարցը՝ եթե օրաթերթի՝ խնդրո առարկա հանդիսացող հոդվածը բավարարեր Ռուզաննա Խաչատրյանին, նա հայց չէ՞ր ներկայացնի: Ռ. Խաչատրյանի ներկայացուցիչն ասաց, թե արդեն պատասխանել է հնչեցված հարցին:
Նշենք, որ երեկ դատական նիստին մասնակցում էր նաեւ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, որն ասաց, թե հայցը չի ընդունում մի պարզ պատճառով՝ վերոնշյալ հոդվածները զրպարտություն չեն պարունակում:
Իսկ, ահա, ArmLur.am-ի հետ զրույցում տիկին Օհանյանը նշեց, որ իրենք քաջ գիտակցում են՝ ում կինն է Ռուզաննա Խաչատրյանը, եւ չեն հանձնվելու ու համառ են լինելու մինչեւ վերջ: Արմինե Օհանյանը վստահեցրեց, որ սա այն քիչ դեպքերից է, որ ինքն անհանգիստ չէ, վստահ է, որ հաղթելու են, եթե Հայաստանում թեկուզ 1 տոկոսով ազատ է դատական համակարգը: Նրա խոսքով՝ սա կարող է լուրջ վտանգ ներկայացնել լրատվամիջոցների հետագա գործունեության համար:
Իհարկե, Սեյրան Օհանյանի կնոջ հաղթանակը դատարանում կարող է նախադեպ դառնալ, որ այսուհետ պաշտոնյաներն ու իրենց կանայք քննադատական հոդվածները սկսեն չհանդուրժել, սեփական արժապատվության հարց բարձրացնել դատարաններում եւ հաղթել: Սա կարող է լրատվամիջոցների համար պարզապես զսպաշապիկ դառնալ:
Սակայն մինչ դատարան դիմելը, լավ կլիներ, որ բոլոր պաշտոնյաներն ու իրենց կանայք, իսկ մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու իր տիկինը հետեւեն իրենց գործողություններին, հաշիվ տան իրենց քայլերին, որպեսզի հետագայում հայելու էֆեկտով վարքագծի անդրադարձը ստանալիս՝ շոկի մեջ չընկնեն: Կարո՞ղ է հանրության մեծամասնությունը լուրջ ընկալել ու գովեստի արժանացնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի կնոջ պահվածքը, որը «աշխարհը խալի է ոտիդ տակ» սկզբունքով 2 տարում դոկտոր դարձավ ու դեռ շարունակում է «ֆոտոսեսիաներ» կազմակերպել ինքն իր համար, աշխատասենյակում տեղադրված ծաղիկների գույները «բռնացնել» հագուստի հետ (կամ հակառակը), հրճվել իր կերպարով: Եւ այսքանից հետո նա դատարանում արժանապատվության ու պատվի հարց է բարձրացնում:
Ինչեւէ: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 9-ին:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԿՌԻՎԸ ՀԱՍԱՎ ԱԱԾ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հակամարտությունը հասավ ԱԱԾ:
Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր լուր, ըստ որի՝ ՀՔԾ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել էին, քանի որ նա անցնում է ՀՔԾ-ում կաշառքի գործով: Հայտնի էր դարձել, որ Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մտերիմներից է, եւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նրա դեմ գործ է հարուցել «վրեժխնդրությունից» դրդված: Հարուցված գործի հիմքում կալանավորի ապօրինի ձայնագրված հեռախոսային խոսակցություն է, որտեղ կալանավորը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային, 30 հազար դրամանոց համազգեստից մի հատ կտաս: Պետը գնացել, վերցրել է համազգեստը եւ տարել տուն:
Գեւորգ Կոստանյանն էլ այս հրապարակումից ՀՔԾ-ում կարճված գործը վերացնել տվեց եւ պատրաստվում է ուղարկել ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի այնտեղ օբյեկտիվ քննեն դեպքը:
Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվում: Մեզ հաջողվեց պարզել, որ դատախազը նաեւ «Հրապարակ» օրաթերթում հրապարակված տեղեկության արտահոսքի հետքերով է գնում, եւ ԱԱԾ-ում նախաքննության գաղտնիքի հրապարակման գործով ՀՔԾ քննիչի, գործը հսկող դատախազի հարցն է դրված: Ասել է թե՝ ԱԱԾ-ն պետք է պարզի՝ նրանցից ով է եղել տեղեկության արտահոսքի պատճառը: Այս պատմության մեջ թերեւս ամենաաղմկալի փաստն այն է, որ այս գործը հսկող դատախազը հոկտեմբերի 23-ին աշխատանքից ազատված դատախազության ավագ դատախազ Կարեն Բատիկյանն է: Կարծես թե կամաց-կամաց հայտնի է դառնում Կարեն Բատիկյանի աշխատանքից ազատման հնարավոր վարկածներից մեկը եւս: Հիշեցնենք, որ վարկած կար, թե Բատիկյանի ազատումը կապված է նաեւ Գեւորգ Կոստանյանի եւ նրա տեղակալ Հրաչ Բադալյանի հակամարտության հետ, քանի որ նա Բադալյանի թիմից է: Բայց պարզվում է՝ այլ պատճառ էլ կարող էր լինել Բատիկյանից ազատվելու համար:
Ինչեւէ: Իրավիճակը գնալով ավելի հետաքրքիր է դառնում, ու չի բացառվում, որ հետագայում արդեն ՀՔԾ քննիչն ու դատախազության նախկին ավագ դատախազը հայտնվեն մեղադրյալի աթոռին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍ
Էլեկտրաէներգիայի թանկացած սակագնի փոխհատուցման համար կառավարությունը երեկ փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը յուրաքանչյուրը՝ հավասար չափով, 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2016-ի հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց ամսական մինչեւ 250 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում ամսական մինչեւ 500 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառում ունեցող այլ սպառողների օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին կփոխհատուցեն հանձնաժողովի կողմից հաստատված նոր եւ նախորդ սակագների տարբերությունը՝ 6.93 դրամ մեկ կՎտ/ժ-ի դիմաց: Այդ որոշմամբ ամսական 250 կՎտ/ժ-ից ավել սպառում ունեցող բնակիչ սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում:

 

ՊՈՒՏԻՆԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ
Հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայում կայացել է ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը, որին ՀՀ ԱԱԾ-ն մասնակցել է ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ: Հիշեցնենք՝ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին երեկ ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

ՍԿՍՈՒՄ ԵՆ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը սկսում է մարզային այցելությունները։ Այդ մասին երեկ հայտարարել են նախաձեռնության անդամները` նշելով, որ այցելությունները կսկսեն Գյումրիից։ Առաջիկա կիրակի օրը միասնական շտաբը հանրահավաք կանցկացնի Գյումրիում, իսկ նոյեմբերի 3-ին՝ Վանաձորում։




Լրահոս