ԿԸՀ-ԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՔ ՏԱԼԻՍ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գործող Սահմանադրության մեջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որեւէ կերպով հիշատակված չէ, ուստի ներկայումս ԿԸՀ-ի կարգավիճակը սահմանվում է օրենքով: Սակայն սահմանադրական փոփոխություններով ԿԸՀ-ն ստանում է սահմանադրական կարգավիճակ, այսինքն` այս մարմնի գործունեության հետ կապված առանցքային փոփոխությունները կրելու են սահմանադրական փոփոխությունների իմաստ: Այդուհանդերձ, հարց է ծագում, թե ինչո՞վ է ԿԸՀ-ի ոչ սահմանադրական կարգավիճակը խանգարում ընտրությունների կեղծման կանխարգելմանը, եւ այսօրինակ նորամուծությամբ ի՞նչ է փոխվելու ընտրական արատավոր համակարգում:

Սերժ Սարգսյանի ստեղծած մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության նախագծի 194-րդ հոդվածը պարզաբանում է ԿԸՀ-ի գործառույթներն ու լիազորությունները: Ըստ այդմ, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության մասին»: Նշենք, որ ԱԺ-ին ԿԸՀ-ի ներկայացրած հաղորդման դրույթը բնավ էլ նորություն չէ, այսօր եւս նման պրակտիկա գործում է: Ավելի հետաքրքիր է ԿԸՀ-ի` իբրեւ պետական մարմնի անկախության մասին սահմանադրական դրույթի ամրագրումը: Հազիվ թե այսօր հնարավոր է որեւէ մեկին մոլորեցնել, թե ԿԸՀ-ն անկախ չէ, քանի որ նրա մասին այդպիսի սահմանադրական նորմ գոյություն չունի: Ըստ էության, ԿԸՀ-ի անկախության հարցը որոշվում է ոչ թե իրավական նորմերով, այլ զուտ քաղաքական գործիքներով: Այս մարմնի անկախությունն ուղղակիորեն ածանցվում է իշխանության լեգիտիմության խնդրին, ինչի մասի «Հայեցակարգում» առկա ակնարկները սարգսյանական հանձնաժողովը հապճեպորեն մոռացավ` լծվելով ՀՀԿ նախագահի իշխանավարության երաշխավորման «սուրբ» գործին:
Բոլորը համակարծիք են, որ միակ արդար ընտրությունները Հայաստանում անկացվել են 1991թ. հոկտեմբերի 16-ին: Դրանից հետո կայացել են 5 նախագահական եւ 5 խորհրդարանական ընտրություններ, որոնց հաջորդել են բախումները, իսկ 2008թ. հետընտրական փուլում տեղի է ունեցել արյունահեղություն: Կասկած չկա, որ եթե բոլոր այդ ընտրությունների կազմակերպման առաքելությունը ստանձնած կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործեր բարեխղճորեն` հարիր իր անկախության իրավական կարգավիճակին, ապա ընտրություններից հետո, անգամ բողոքարկումների առկայությամբ հանդերձ, բախումներ չէին լինի: Ակնհայտ է, որ ընտրությունների կազմակերպման գործում թույլ տրված ապօրինություններն են պատճառը, որ հետընտրական փուլում տեղի ունեցող գործընթացները դուրս են գալիս օրենքի շրջանակներից: Քանի՞ դեպք կարող ենք հիշել մեր անկախ Հանրապետության պատմության մեջ, երբ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները համընկել են միջազգային դիտորդների դիտարկումների, օտարերկրյա դիվանագետների ստացած տեղեկությունների եւ հասարակության մոտ տիրող տրամադրությունների հետ: ԿԸՀ-ն փաստացիորեն այսքան ժամանակ որեւէ անգամ չի հրապարակել տվյալ, որը հաճելի չլիներ օրվա իշխանության քիմքին: Այսքանից հետո խոսել այս մարմնի անկախության մասին եւ Սահմանադրության մեջ էլ ամրագրել այդ դրույթը ու հաջորդ իսկ օրը խախտել սեփական նորամուծությունը, իշխանության կողմից ոչ այլ ինչ է, քան պարսավանք իր իսկ խոսքի նկատմամբ: Եթե դեկտեմբերի 7-ին ԿԸՀ-ն հրապարակի հասարակական տրամադրություններին լիովին հակադիր տվյալներ, այդպիսով իսկ կխախտի նոր Սահմանադրության 194-րդ հոդվածը` հաջորդող ցանկացած ընտրություն զրկելով լեգիտիմությունից, քանզի Սահմանադրության ընդունումը կեղծիքներով կազմակերպած մարմինը չի կարող երաշխավորել իր կողմից կազմակերպված այլ միջոցառումների իսկությունը:
Առաջարկվող Սահմանադրության 195-րդ հոդվածով էլ կարգավորվում է ԿԸՀ կազմավորման ընթացակարգը: Դրա համաձայն` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: ԿԸՀ-ի նախագահին եւ մյուս անդամներին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԸՀ-ի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: ԿԸՀ-ի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն»: Ի դեպ, ԿԸՀ-ի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Հարկ է նկատել, որ գործող «Ընտրական օրենսգրքով» ԿԸՀ-ի անդամներին նշանակում է նախագահը` ՄԻՊ-ի, վճռաբեկ դատարանի նախագահի, փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ: ԿԸՀ-ն բաղկացած է 7 անդամից, որոնք պաշտոնավարում են 6 տարի: Ստացվում է, որ ԿԸՀ-ի գործունեության ստարտային պայմանների իմաստով փոփոխություններ չկան: Կուսակցական չլինելու պայմանի առկայությունը հաստատապես չի կարող երաշխիք լինել ընտրությունների արդար անցկացման համար, քանզի այսօր էլ, օրինակ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ՀՀԿ-ական չէ, սակայն բոլոր ընտրություններում ՀՀԿ-ն «խփում» է այնքան, որքան ուզում է Սերժ Սարգսյանը: Այսպիսով` կարող ենք փաստել, որ ԿԸՀ-ին սահմանադրական կարգավիճակ տալը ամենեւին դրական չի դարձնում այս մարմնի դերակատարությունը ընտրական գործընթացի կազմակերպման մեջ: Հաշվի առնելով ներկայիս փորձը` համոզված կարող ենք պնդել, որ ընտրությունները կազմակերպվելու են հին մեթոդներով, իսկ ՀՀԿ-ն էլ կրկին մեծամասնություն է վերցնելու` անկախ նրանից, թե Սահմանադրության մեջ ինչ է գրված:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀՀԿ-Ն ՔՑՈ՞ՒՄ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ

ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Կանչի գյուղապետ Մրազ Բշարյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ ՀՀԿ Թալինի կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանը հանձնարարել է գյուղերում շտաբներ ստեղծել: Կանչի գյուղապետը կատարել է հանձնարարությունը՝ գյուղում վարձելով բնակարան: Սակայն գյուղապետը չգիտի՝ ի՞ր, գյուղապետարանի՞, թե՞ պետբյուջեի միջոցներով է մարելու տան վարձավճարը:

-Պարո՛ն Բշարյան, բնակիչները քննարկո՞ւմ են սահմանադրական փոփոխությունները:
-Ամեն մեկն իր կարծիքն է հայտնում: Նորության են սպասում: Ախր, Սահմանադրությունը իրավաբան մարդիկ են գրել, իսկ գյուղացին էլ կարդում, բայց բան չի հասկանում: Ինչի Դուք գիտեք, թե մենք բոլորս գիշեր-ցերեկ Սահմանադրությո՞ւն ենք կարդացել, հիմա էլ հինն ու նորը համեմատելու ենք ու գտնենք, թե որն է լավը, որը վա՞տ:
-Եթե հարցեր են ունենում, ապա ո՞ւմ են դիմում:
-Մեր տուն են գալիս, ես էլ հայեցակարգը վերցնում եմ ու հետները նստում, կարդում: Հետո հնի հետ ենք համեմատում:
-Ո՞ր կետերին են դեմ:
-Բոլորը դեմ են համամասնականին անցնելուն, դա լավ բան չէ: Մենք շատ էինք ուզում իրավաբանի հրավիրել, գար բացատրեր, բայց ցանկացած իրավաբան էլ առանց գումարի ոչ մի բան էլ չի բացատրի: Չէ՞ որ դատական, ընտրական համակարգի հետ կապված հարցեր ունեն գյուղացիները: Բայց, դե, ինչ արած, իրենք ինձ են հավատում, ես եմ փորձում բացատրել:
-Պարո՛ն Բշարյան, ինչպե՞ս եք պատրաստվում սահմանադրական հանրաքվեին:
-Թալինում ՀՀԿ-ի գրասենյակ ունենք, որտեղ ժողով եղավ եւ ղեկավարն ասաց, որ շտաբներ պետք է ստեղծենք, որն էլ կարող ենք տրամադրել ցանկացած կուսակցության: Թալինի տարածաշրջանի բոլոր գյուղերում էլ շտաբներ են ստեղծվել: Մենք էլ՝ գյուղում մի տուն ենք վարձել եւ ՀՀԿ-ի կողմից մենք մեր շտաբն ենք բացել: Տան ամսական վարձը դեռ չենք որոշել, բայց մի 15-20 հազար դրամի չափ կլինի: Այդ գումարը տանտիրոջն ենք տալու (տանտերն այստեղ չէ):
-Վարձած տան գումարը ՀՀԿ՞-ն է տրամադրելու:
-Ոչ մի քննարկում չի եղել գումարի, շտաբների վարձատրության մասին: Ծախսերի մասին էլ ոչ մի բան չի խոսվել: Մարդիկ նստում են, էլեկտրականություն ենք օգտագործում, բայց ոչ մի օժանդակություն չենք ստանում: Քանի անգամ նման բան ենք անում, անցնում է ամեն ինչ, ու ոչ մի օժանդակություն չկա, գոնե այդ օգտագործված հոսանքի փողը տան: Արդեն մի քանի օր է, ինչ օգտագործում ենք տունը, մի պլիտա ենք վառում:
-Եթե ՀՀԿ-ն չվճարի, ի՞նչ եք անելու:
-Եթե կուսակցությունը չվճարի, մենք մի բան պետք է անենք: Բայց, դե, մենք չենք կարողանում մեր գյուղապետարանը ջեռուցենք, ստիպված տնից եմ վառելիք տանում, որ մի երկու ժամ տաքացնեմ աշխատասենյակը: Ինչո՞վ վճարեմ, չգիտեմ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԿՈՄԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞

Հոկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքում գազային թունավորման հետեւանքով կոմայի մեջ է հայտնվել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի 24-ամյա բնակիչ Մհեր Գյանջալյանը:

Ըստ Կոթի գյուղից ստացված տեղեկությունների՝ երիտասարդը բնակարանի մեջ շմոլ գազից թունավորվել է: Նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ բաժանմունքի բժշկական ծառայության ղեկավար Սուրեն Ղազարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Մհեր Գյանջալյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն նրա մոտ բարելավման որոշ միտումներ են նկատվում: Դա հույս է ներշնչում, որ Մ. Գյանջալյանն առաջիկայում դուրս կգա կոմայից: Ս. Ղազարյանը հայտնեց, որ երիկամին փոխարինող բժշկական սարքն արդեն ոչ թե ամեն օր, այլ օրումեջ են միացնում Մ. Գյանջալյանին:
Հետաքրքրվեցինք` երբ հիվանդին անգիտակից վիճակում են տեղափոխում բժշկական կենտրոն, նրա բուժումը պետպատվերի շրջանակներում չի՞ իրականացվում: Բաժանմունքի ղեկավարը նշեց, որ պետպատվերով է կատարվում, սակայն հիվանդի կյանքը փրկելու համար որոշ ծախսեր են արվում, որոնք չեն տեղավորվում պետական պատվերով ցուցաբերվող բժշկական օգնության շրջանակներում:
Նշենք, որ Գյանջալյան ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ եւ ապրում միջինից ցածր սոցիալական պայմաններում: Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ Գյանջալյանների ընտանիքը նախկինում եղել է ընտանեկան նպաստառու: Այս տարվա հոկտեմբերին նպաստի վճարումը դադարեցվել է, քանի որ ընտանիքի երեխաներից մեկը դարձել է 18 տարեկան, ինչի հետեւանքով ընտանիքի կարիքավորության գործակիցը իջել է: Գյանջալյանները Մհերի բուժման ծախսերը հոգալու նպատակով ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Կոթիի գյուղապետ Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը ընտանիքին տրամադրել է 100 հազար դրամ օգնություն: Գյուղապետի խոսքով` Մհերին անհրաժեշտ արյունը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարության արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, ով ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղից է: Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ կոթեցիները որոշել են առաջիկայում կենսաթոշակների եւ ընտանեկան նպաստի գումարները ստանալուց հետո դրամական հանգանակություն կատարել Մհեր Գյանջալյանի առողջական վիճակի բարելավման համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս