Armenian text to speach

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՑ ԽՆՁՈՐԸ 30 ԴՐԱՄՈՎ ԵՆ ՄԹԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ մի շարք մարզերում գյուղացիներն այս տարի չեն կարողանում իրացնել ոչ միայն ավանդաբար վատ իրացվող խաղողն ու բանջարեղենը, այլեւ խնձորը, որի իրացման հարցում մինչ այս լուրջ խնդիրներ չէին լինում: Ընդ որում, խնձորի բերքի իրացման խնդիրը ծառացած է ոչ միայն Արարատյան դաշտավայրի այգեգործների, այլեւ բարձր լեռնային բնակավայրերի գյուղացիների առջեւ: ՀՀ որոշ գյուղերում էլ մարդիկ ստիպված են խնձորը որպես անասնակեր օգտագործել, քանի որ գյուղ տանող ճանապարհները քանդված են, եւ մթերող ընկերությունները չեն կարող մուտք գործել:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 690 տոննա խնձոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 տոննայի դիմաց: Այն հիմնականում արտահանվել է ՌԴ, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, ԱՄԷ, Քուվեյթ եւ Չեխիա: Թեեւ ԳՆ-ն վստահեցնում է, որ խնձորի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են, այնուամենայնիվ, ՀՀ որոշ մարզերի գյուղապետեր «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց խնձորը:
Օրինակ՝ Վայոց Ձորի մարզի Ազատեկ գյուղում միջին չափսի խնձորը, որը սուպերմարկետներում 200-300 դրամից պակաս գնով չի վաճառվում, գյուղացիները ստիպված են լինում 30 դրամով հանձնել Եղեգնաձորի պահածոների գործարան: Իսկ խնձորը բեռնելու, տեղափոխելու եւ այն Երեւանում իրացնելու համար ավելի քան 30 հազար դրամի ճանապարհածախս կպահանջվի: Էլ չասած, որ մայրաքաղաքի շուկաներում կամ շենքերի բակերում ժամերով, ինչու չէ` նաեւ օրերով կանգնելն ու կիլոգրամով խնձոր վաճառելը գյուղացիների համար ձեռնտու չէ: «Այս այգին ստեղծելու համար այնքան գումար եմ ծախսել, որ պարզապես չեմ կարող ճանապարհածախս անել, տանել Երեւան կամ մեկ այլ քաղաք եւ ժամերով կանգնել, տեսնել, թե որքան եւ ինչ գնով կվաճառվի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի Ազատեկ գյուղի բնակիչներից մեկը:
Ազատեկի գյուղապետ Սիրակ Հովսեփյանի խոսքերով՝ խնձորի իրացման բարդությունը, սորտերի բազմազանությունն է. դրանք տարբեր գներ ունեն, ինչի պատճառով իրենք չեն կարողանում մթերող կազմակերպության հետ մեկ պայմանագիր կնքել ու հանձնել: Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ խնձորի որոշակի քանակություն մեկ կիլոգրամը 30 դրամով դեռ մթերվում է Եղեգնաձորի պահածոների գործարանում, սակայն դա ստացված բերքի շատ քիչ տոկոսն է կազմում: «Գյուղացին միշտ էլ իրացման հետ կապված խնդիր ունի: Հիմա Եղեգնաձորի պահածոների գործարանն է մթերում, բայց սորտերի հետ կապված խնդիր կա. խնձորի մի տեսակ ունենք, որն ընդհանրապես չեն մթերում: «Զիմնիյ զոլոտ» ենք կոչում այդ խնձորի տեսակը, այն պինդ է: Հակառակի պես այդ խնձորից բնակիչները մեծ քանակություն ունեն հավաքած»,- նշեց գյուղապետը՝ ընդգծելով, որ գյուղում դեռ մնացել է մթերման ենթակա մեծ քանակության խնձոր:
Նշենք, որ նույն խնդրի առաջ են կանգնել ոչ միայն Վայոց Ձորի, այլեւ Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Սյունիքի մարզի բնակիչները: Օրինակ՝ Սյունիքի մարզի Քաշունի գյուղի բնակիչները ստիպված են իրենց հավաքած խնձորը դարձնել անասնակեր: «Եկող չկա գյուղ, ճանապարհները լավ վիճակում չեն. քարուքանդ եղած, ցեխոտ: Անհնար է: Կկտրատենք ու անասուններին կտանք: Եկամտի այս աղբյուրից արդեն վաղուց հրաժարվել ենք, ապրում ենք միայն կենսաթոշակով: Այդտեղ ասեք, թող պարոնայք մի քիչ ավելացնեն»,- «Ժողովուրդ»-ի միջոցով կառավարությանը դիմեց Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանը:
Գյուղմթերքի իրացման խնդրից դժգոհում են նաեւ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Կարբին այն գյուղերից է, որտեղ բացի խնձորի բերքից` գյուղացիներն այլ ակնկալիք չունեն գյուղատնտեսությունից: Այստեղ մարդիկ հիմնականում խնձոր են աճեցնում, որը, սակայն, չի արտահանվում եւ մնում է գյուղում: Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց. «Այս տարի խնձորի բերքատվությունը շատ է, պետք է արտահանվի: «Սպայկա» ընկերությունը մեր գյուղի բնակիչներից մոտ 2 մեքենա է մթերել: Մենք մի փորձ ենք արել եւ որպես նմուշ մի մեքենա խնձոր ուղարկել ենք ՌԴ, դեռ պատասխան չունենք»: Ի դեպ, Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում էլ գյուղացիները հիմնականում նախընտրում են սեփական բերքը պահել սառնարանում՝ ձմռանը թանկ գնով վաճառելու նպատակով:
Նշենք, որ Արարատի մարզում գործող «Արտֆուդ» ընկերությունը արդեն մի քանի օր է, ինչ հրաժարվում է գյուղացիներից խնձոր մթերել՝ հայտարարելով, որ արդեն դադարեցրել է խնձորի մթերման գործընթացը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արտֆուդ» ընկերության մթերման հարցերով պատասխանատու Դավիթ Ավետիսյանի հետ, ով ասաց. «Շատ քիչ քանակության խնձոր է մնացել հանրապետությունում: Մեր ընկերության հոսքագիծը մինիմում տասնյակ տոննաներ է պահանջում, որպեսզի անխափան աշխատի, 1-2 տոննայով չի կարող աշխատել: Իսկ մթերողները մինիմում քանակը չկարողացան ապահովել, այս պատճառով դադարեցվեց»: «Ժողովուրդ»-ը «Արտֆուդ»-ի ներկայացուցչին փոխանցեց գյուղապետերից ստացված տեղեկություններն առ այն, որ գյուղերում այնքան մեծ քանակության խնձոր ունեն, որ գյուղացիները ձեռքը կրակն են ընկել: «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, մեզ առաջարկներ չեն եղել: Օրինակ՝ մեզ դիմել են եւ խնդրել են մթերել 500 կգ խնձոր, բայց մեր հոսքագիծը տասնյակ տոննաներ է պահանջում»,- պարզաբանեց ընկերության պատասխանատուն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս