Օրերս Երեւանում էր «Грани кино» ընկերության նախագահ Սերգեյ Նազարովը, ով Հայաստան էր եկել, որպեսզի առաջարկի այստեղ ցուցադրել վրացական արտադրության ֆիլմեր: Նա արդեն հասցրել է հոկտեմբերի 23-ին հայկական ֆիլմերից մեկը` «Անավարտ թռիչք»-ը, ներկայացնել վրաց հանդիսատեսի դատին եւ գոհ է այնտեղի ընդունելությունից: Արդեն նոյեմբերի 5-ից ֆիլմը կլինի վրացական կինովարձույթում: Հետագայում էլ ծրագրվում է կինոնկարը ներկայացնել Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում եւ այլ երկրներում: Իսկ հաջորդ ֆիլմը, որը կներկայացվի վրաց հանդիսատեսին, «Սուպեր մամա»-ն է, ծրագրվում է նաեւ «Մեր գյուղը» ֆիլմի ցուցադրությունը: Ս. Նազարովը «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իր առաջիկա ծրագրերի, դրանց իրականացման ճանապարհին հանդիպող խոչընդոտների եւ այլ թեմաների շուրջ:
-Սերգե՛յ, գիտենք, որ 2006 թվականի Երեւան-Սոչի ողբերգական չվերթի զոհերի հիշատակին նվիրված «Անավարտ թռիչք» ֆիլմը, որն ավելի վաղ ներկայացվել էր նաեւ Ռուսաստանում, հուզել է վրաց հանդիսատեսին. կպատմե՞ք այդ մասին:
-Այո՛, Վրաստանում պրեմիերան, որին ներկա էր նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանը, շատ լավ անցավ, դահլիճում շատերն արտասվում էին: Ինձ ասացին` եթե մենք դիտում ենք թուրքական, արաբական սերիալներ, ինչո՞ւ չենք կարող դիտել նաեւ հայկական ֆիլմեր:
-Իսկ հանդիսատեսի շարքերում վիրահայերը, թե՞ վրացիներն էին գերակշռում:
-Երբ ես ֆիլմը տարա Վրաստան, կինոթատրոնների տնօրինությունը ինձ ասաց` Դուք հասկանու՞մ եք, որ այն կոմերցիոն տեսանկյունից կարող է իրեն չարդարացնել. գուցե տեղացիները թեման չընկալեն, ասացին` այդ խնդրից խուսափելու համար՝ աշխատեք սփյուռքի հետ: Ասեմ, որ արդյունքում սփյուռքի աջակցությունը ես չզգացի, շատ քիչ վիրահայեր կային դահլիճում, չգիտեմ` ինչով էր դա պայմանավորված:
-Իսկ ի՞նչ վրացական ֆիլմեր եք մտադիր բերել Հայաստան եւ ի՞նչ սկզբունքով եք դրանք ընտրել:
-Առաջինը Թինա Կաջրիշվիլիի «Брак за решеткой» ֆիլմն է, որը նկարագրում է Վրաստանում Սահակաշվիլու ռեժիմի գերակայության ժամանակահատվածը, իսկ հայերը, կարծես թե, հետաքրքրված են Սահակաշվիլիով: Երկրորդը Օթար Իոսելիանիի «Зимняя песня» ֆիլմն է, որն արդեն հասցրել է մի շարք մրցանակների արժանանալ: Ի դեպ, Օթարը շատ է սիրում Հայաստանը, հաճախ է լինում այստեղ եւ խմում է բացառապես հայկական կոնյակ: Իսկ երրորդն էլ Ալեքսանդր Մինդաձեի ֆիլմերից մեկն է: Վրաստանում հայկական ֆիլմը շատ լավ ընդունվեց թե՛ մշակույթի նախարարության եւ պաշտոնյաների, թե՛ ժողովրդի կողմից, եւ ես մտածեցի` ինչո՞ւ պետք է Հայաստանում էլ չդիտեն վրացական ֆիլմը: Այդ միտքը հավանության արժանացրեց Վրաստանում Հայաստանի դեսպանը, եւ մենք ստացանք նրա աջակցությունը վրացական ֆիլմերի` հայկական կինովարձույթում հայտնվելու հարցում:
-Իսկ Ադրբեջանի հետ համագործակցության հնարավորություն տեսնում եք, թե՞ հակառակորդ երկիր լինելու հանգամանքը անհաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում:
-Իմ նպատակը ժողովուրդների բարեկամությունն է, ես ուզում եմ միավորել ազգերին: Ինձ համար այդ առումով որեւէ խնդիր չկա. ես խաղաղության մարդ եմ. մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենք կապրեն լավ, եթե ապրեն խաղաղ, ես ուզում եմ, որ մարդկանց շրջանում ագրեսիան վերանա: Օրինակ` Մոսկվայում ունեմ ադրբեջանցի լավ ընկերներ, նրանք ինձ հրավիրել են Բաքու, ու թեեւ ես հայկական արմատներ ունեմ, որոշել եմ հրավերն ընդունել:
-Բացի վրացական ֆիլմերից` ուրիշ ո՞ր երկրների արտադրության կինո եք պատրաստվում բերել Հայաստան:
-Եթե ինձ հնարավորություն տան, ես տարբեր կատեգորիաների ֆիլմեր կբերեմ, բայց երբեմն ես զգում եմ մոնոպոլիայի առկայություն, ես չեմ կոնկրետանա, բայց դա, ընդհանուր առմամբ, զգացվում է: Այստեղ անհնար է որեւէ բիզնես հիմնել. անհրաժեշտ է որեւէ կոնկրետ կլանի անդամ լինել` կա՛մ Վասյայի, կա՛մ Պետյայի… Ինձ կներեք, բայց ես պետք է ճիշտն ասեմ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չգա: Ես կոչ եմ անում, այսպես ասած, թողնել ինձ հայկական շուկա, եւ ես կբերեմ շատ պոզիտիվ ֆիլմեր, նեգատիվն առանց այդ էլ շատ են ցուցադրում…
«ԵՍ ԱՄՈՒՍՆՈՒՍ ՉԵՄ ԹԱՔՑՆՈՒՄ. ՆԱ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՐԵՎԱԼ»
Երգչուհի Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, որը շուտով կհանձնի հանդիսատեսի դատին: Երգի հեղինակը Մարինե Մխիթարյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` պարսկահայ Արմեն Փիրիմասիհին:
Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ «Հյուսիս-հարավ» կինոկատակերգությունը հասցրել է արդեն մեծ տարածում գտնել: Մենք երգչուհուն հարցրինք` ինչ արձագանքներ է նա լսել իր կերտած կերպարի մասին. «Թեեւ մեզ մոտ սիրում են քննադատել, բայց իմ կերպարի վերաբերյալ մեծ մասամբ դրական կարծիքներ եմ լսել: Ինքս փորձել եմ մաքսիմալ անկեղծ խաղալ: Եթե հնարավորություն ընձեռվի, եւ սցենարն ինձ դուր գա, էլի կուզենամ կոմեդիայում խաղալ, քանի որ սիրում եմ այդ ժանրը»,-պատասխանեց նա:
Երգչուհին մեզ հայտնեց նաեւ առաջիկայում մենահամերգով հանդես գալու իր ցանկության մասին: «Գուցե հենց հաջորդ տարի հանդես գամ մենահամերգով, ինքս կենդանի հնչողությամբ համերգի կողմնակից եմ: Տարիներ առաջ արդեն ներկայացել եմ մենահամերգով, դրա փորձն ունեմ, հիմա կցանկանամ դա կրկնել»,-նշեց նա:
Անդրադառնալով իր անձնական կյանքին` Սոնան նշեց, որ իր մոտ ամեն բան խաղաղ է: Հիշեցնենք, որ դեռ հուլիսին նա «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ ամուսնացել է, ընտրյալը բիզնեսմեն է, խիստ եւ պահանջկոտ անձնավորություն:
Երգչուհուց հետաքրքրվեցինք` արդյոք ամուսնությունը խոչընդոտե՞լ է կարիերային, իր առջեւ ինչ-որ արգելքներ դրվե՞լ են: «Ասում են` կինն ամուսնությունից հետո փոխվում է, սկսում է քիչ աշխատել, բայց իմ պարագայում ամեն բան այլ է. ես հիմա ավելի շատ եմ աշխատում, ավելի լավ է ամուսիններն իրար մի քիչ տեսնեն, բայց կարոտով լինեն: Կողքիս տղամարդը խիստ է, բայց դա ինձ ուժ է տալիս, նա երբեք չի խանգարում ինձ, այլ հակառակը` աջակցում է»,-ասաց Սոնան:
Շատերը մեղադրում են աստղերին` իրենց երկրորդ կեսին «թաքցնելու» համար: Սոնայի դեպքում չարախոսներն անգամ լուրեր տարածեցին, թե հնարավոր է` երգչուհին չի էլ ամուսնացել. «Երգարվեստում շատերը կան, ովքեր ոչ թե թաքցնում են, այլ չեն ուզում հանրայնացնել իրենց անձնական կյանքը, ես իմ ամուսնուն չեմ թաքցնում, ուղղակի ինքը չի ցանկանում երեւալ, համեստ անձնավորություն է, ես էլ հարգում եմ իր որոշումները: Ինքս էլ չեմ սիրում մտնել ուրիշի կյանքի մեջ: Այսպես ավելի լավ է, իսկ երբ անձնականդ շահարկում ես, հետաքրքիր չէ»,-մեկնաբանեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
Հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը Չեխիայի Ջիլհավա քաղաքում կայացած ամենամյա 9-րդ միջազգային փաստագրական ֆիլմերի փառատոնին արժանացել է Համաշխարհային ֆիլմում ներդրումի համար մրցանակի: Ինչպես տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից՝ Փելեշյանը, ով Ջիլհավայում ընդունվել է իբրեւ ֆիլմերի իսկական պոետ եւ ամենաոգեշնչող ռեժիսորներից մեկը, մրցանակը ստացել է փառատոնի տնօրեն Մարեկ Հովորկայի ձեռքից: «Մեծ պատիվ է Ջիլհավայում նման հեղինակավոր պարգեւի արժանանալը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել փառատոնին եւ Ջիլհավա քաղաքին»,-ասել է Փելեշյանը:
ՍՏՈՒԳՈՒՄ Է ԱՆՑԵԼ
ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն առողջական խնդիրներ ունի եւ բուժում է ստանում հիվանդանոցում. այսպիսի տեղեկություն է տարածվել, որի իսկությունը ճշտելու համար BRAVO.am-ը խոսել է մաեստրոյի հետ: «Վերջին շրջանում լարված եմ ապրել ու հոգնություն եմ զգում: Մի հիվանդանոցում ստուգվեցի, հետո այնտեղից մեկ ուրիշ հիվանդանոց գնացի: Փառք Աստծո, որեւէ լուրջ բան չկա, պարզապես ստուգումներ են եղել»,- ասել է նա:
Տ. Մանսուրյանը նաեւ նշել է, որ շարունակում է իր բնականոն կյանքով ապրել ու աշխատել. «Նաեւ համերգների եմ մասնակցում: Այսօր էլ /երեկ/ Երեւանյան 9-րդ երաժշտական միջազգային փառատոնի եզրափակիչ համերգն իմ 75-ամյակին է նվիրված, եւ ես նույնպես ներկա եմ լինելու, իմ գործերից մեկն էլ նվագելու են»:
80-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ
ՀՀ-ի հնագույն տիկնիկային թատրոնը՝ «Հայաստանի տիկնիկների առաջին թատրոն»-ը, այս տարի նշում է 80-րդ թատերաշրջանը: 1935թ. մայիսին Լենինականի հայֆիլհարմոնիայի դահլիճում ազդարարվեց թատրոնի գործունեության սկիզբը: Ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի ղեկավարությամբ այն իր առաջին թատերաշրջանը բացեց միանգամից 3՝ Ե. Վերեյակայայի «Հեղափոխական Տանյա», Կռիլովի «Կապիկն ու հայելին» եւ «Տիկնիկային պարեր» բեմադրություններով: Մինչ օրս էլ թատրոնում պահպանվել է առաջին ազդագիրը: 80 տարի անց այստեղ շատ բան է փոխվել՝ տարածքը, անվանումը՝ «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն», խաղացանկը, բայց, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գործադիր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը, չի փոխվել թատրոնի նպատակը` դասականը երեխաներին ճանաչելի դարձնելը. «Անցած ճանապարհը մենք պահում ենք՝ «Հեղափոխական Տանյա»-ն փոխարինելով ակտուալ թեմաներով՝ ընկերություն, բարեկամություն, «Կապիկն ու հայելին»՝ ուսուցողական, դասական առակներով: Այդ ճանապարհը 80 տարի մենք շարունակում ենք, եւ կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է»: