ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ news.am-ի

Երեկ «Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա աշխատակիցները գործարանի վերագործարկման եւ աշխատավարձերի տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագրերի չեղարկման պահանջով նամակ հանձնեցին նախագահական: Ի դեպ, մի քանի տասնյակ նաիրիտցիներ նույն պահանջով հավաքվել էին նաեւ Կառավարության շենքի դիմաց, ապա երթով շարժվել Բաղրամյան 26:
Հիշեցնենք, որ Կառավարությունը փոխանցել է բոլոր նաիրիտցիների աշխատավարձային պարտքերը տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագրի ստորագրումից հետո: Աշխատավարձերն ստանալուց հետո, սակայն, նաիրիտցիները պահանջում են չեղարկել այդ պայմանագրերը եւ փոխհատուցել տույժ ու տուգանքները:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է ընթանում ձեռնարկության լուծարման գործընթացը:

Լուսինե Հայրապետյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գոյություն ունեն ձեռնարկությունների լուծարման մի քանի տեսակներ՝
1. պաշտոնական լուծարում,
2. ոչ պաշտոնական լուծարում:
Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով: Ձեռնարկության լուծարումը գործունեության դադարեցման ձեւ է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների եւ պարտականությունների այլ անձանց փոխանցման: Ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր եւ հարկադրված:
Դատարանի որոշմամբ ընկերությունների հարկադրված լուծարում իրականացվում է հետեւյալ դեպքերում.
– գործունեության իրականացում առանց անհրաժեշտ թույլտվության (լիցենզիայի),
– օրենքով արգելված գործունեության իրականացում,
– գործունեության իրականացում օրենքի կամ այլ իրավական ակտերի շարունակական կամ կոպիտ խախտումներով,
– օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքերում:
Իսկ ձեռնարկության կամավոր լուծարման մասին որոշումը, որպես կանոն, ընդունվում է, եթե կազմակերպության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրներ են ծագում:
Ձեռնարկությունների կամավոր լուծարումը սկսվում է հիմնադիրների կամ բաժնետերերի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Այդ որոշումը ստորագրվում է ընկերության կանոնադրական կապիտալում բաժին ունեցող կամ ՓԲԸ-ի, ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը տնօրինողների կողմից:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ ճանաչված ձեռնարկության գործունեության դադարեցումը կարգավորվում է ՀՀ սնանկության մասին օրենսդրությամբ: Ի դեպ, ձեռնարկության գործունեության դադարեցման այլ դեպքերում կատարվում է վերջնահաշվարկ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե օտարերկրացիների համար նախատեսված կացության կարգավիճակի ինչպիսի ժամկետներ են գործում: Այսինքն՝ քանի՞ տարի ժամկետով են տրամադրվում դրանք:

Դիանա Մելքոնյան (42 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետեւյալ կարգավիճակները.
ա) ժամանակավոր (տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ).
բ) մշտական (տրվում է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ).
գ) հատուկ (տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ):

Հայաստանի Հանրապետության ոստիկանության
անձնագրային եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:




Լրահոս