ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է, ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆԸ` ԱՃՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության, ասել է թե՝ ՀՀ քաղաքացիների թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 4 հազար մարդ: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը 3 մլն 5 հազար 500 էր: Այսինքն՝ երեք ամսում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 1500-ով: Հիշեցնենք, որ մշտական բնակչությունն իր մեջ ներառում է նաեւ Հայաստանից արտագաղթած եւ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին: Մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է նաեւ, որ հացի արտադրությունն անցած ինն ամիսներին նվազել է 2 տոկոսով, ինչը եւս Հայաստանի բնակչության նվազման արդյունք է: Պաշտոնական մեկ այլ` երկրից մեկնած եւ ժամանած անձանց վերաբերյալ տվյալներից էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 103 հազար ՀՀ քաղաքացի: Տարեվերջին լավագույն դեպքում այս մարդկանց կեսը կվերադառնա Հայաստան, նրանք սեզոնային արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներն են: Իսկ մնացած ավելի քան 50 հազարը հանրապետությունից արտագաղթած քաղաքացիների թիվն է:
Վերը բերված թվերը այս օրերին առավել քան կարեւոր են, քանի որ ոստիկանության կողմից կառավարությանը ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանի ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 մլն 548 հազար անուն: Նկատենք, որ երկու տարվա ընթացքում այս թիվն աճել է մոտ 21 հազարով: Սա այն դեպքում, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչության թիվն անդադար նվազում է: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները կրկին անգամ ակնարկում են, որ իրենց միակ հույսն ու հավատը ընտրակեղծիքներն են, որոնց միջոցով իրենք գոյություն չունեցող ընտրողների քվեներ նկարելով՝ կստանան ցանկալի արդյունքը:

 

 

 
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իշխանական վերնախավում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին Սերժ Սարգսյանը պե՞տք է մասնակցի, թե՞ ոչ: Բանն այն է, որ մինչ օրս Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ մասին ոչինչ չի ասել: Քարոզչության տեսանկյունից Սերժ Սարգսյանի մասնակցությունն այդքան էլ ձեռնտու չէ, քանի որ ընտրողների հետ նրա շփումները, որպես կանոն, ավարտվում են սկանդալներով: Մյուս կողմից, եթե Սարգսյանն անձամբ մարզեր չայցելի, ապա իշխանական համակարգի մի մասը կարող է իմիջայլոց մոտենալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ ի վերջո, Ս. Սարգսյանը մասնակցելո՞ւ է քարոզարշավին, թե՞ ոչ: «Նախագահի այցերի եւ հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով եւ ժամանակին»,- հակիրճ ասաց պարոն Հակոբյանը:

 

 

 
Քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի հարազատները համոզված են, որ վերջինիս անհիմն են անազատության մեջ պահում: Իսրայել Սարգսյանի մայրը` Անժելա Բեգինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ որդին պատրաստվում է հացադուլ հայտարարել, քանի որ ապօրինությունների դեմ պայքարելու այլ ճանապարհ չի տեսնում: Սպանությունը, որի շրջանակներում կալանավորվել է Սարգսյանը, տեղի է ունեցել 2014թ հունվարի 27-ին, իսկ այս տարվա հունվարից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատավարությունը: Անժելա Բեգինյանի խոսքերով՝ դատավարությունը միտումնավոր արհեստական կերպով ձգձգվում է, քանի որ մեղադրող կողմը գիտակցում է, որ Իսրայել Սարգսյանի մեղքն ապացուցող փաստեր չունի: Ըստ տիկնոջ՝ շուտով դատավարության մեկ տարին կլրանա, սակայն գործընթացն այդպես էլ չի թեւակոխում ապացույցների հետազոտման փուլ:

 

 

 
ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 9 ամիսներին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած տրանսֆերտների ցուցանիշը: Տեղեկացնենք, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից եկած ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 78 մլն 702 հազար դոլար` անցած տարվա143 մլն 334 հազար դոլարի դիմաց: Ի դեպ, զուտ ներհոսքը դա Հայաստան եկած եւ մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունն է: Իսկ ընդհանուր հաշվով այս տարվա ինն ամիսներին ոչ առեւտրային տրանսֆերտները կազմել են 663 միլիոն 554 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եղել է մեկ միլիարդ 70 մլն 254 հազար դոլար: Այսինքն՝ ընթացիկ տարում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկային փոխանցումներով Հայաստան եկած ոչ առեւտրային տրանսֆերտները նվազել են 406 մլն 700 հազար դոլարով: Ստացվում է, որ արտերկրում բնակվող իրենց հարազատների ուղարկած միջոցներով ապրող բնակիչներն անցած տարվա համեմատ մոտ կես միլիարդ դոլարով պակաս գումար են ստացել:

 

 

 
ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ

Աշխատանքային այցով Վրաստան մեկնած Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կայացել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ ռազմավարական բնույթի նախագծերի շուրջ, որոնց շարքում Ս. Սարգսյանն առանձնացրել է Բագրատաշեն-Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը: Իսկ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք, կողմերի համոզմամբ, զգալիորեն կխթանեն ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առեւտրաշրջանառության ծավալների աճին: Թե կոնկրետ ինչ էներգետիկ ծրագրերի եւ տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքների մասին է խոսքը, չի պարզաբանվում: ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ այս առումով քննարկման առարկա կարող էր դառնալ աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, սակայն եթե այդ մասին պաշտոնական հաղորդագրությունում որեւէ հիշատակում չկա, դա նշանակում է, որ այս հարցում որեւէ լուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Մինչդեռ հիշեցնենք, որ ինչպես շուրջ 2 տարի առաջ Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլու, այնպես էլ նրանից առաջ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ՀՀ կատարած այցերի ընթացքում աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ հնչեցին բավականին հուսադրող հայտարարություններ, իսկ Իվանիշվիլին, առհասարակ, խոստացավ երկաթուղու բացման հարցն ամիսների ընթացքում լուծել: Նման բան, իհարկե, տեղի չունեցավ, եւ առաջին հերթին հենց վրացական իշխանությունների դիրքորոշման պատճառով: Սակայն ուշագրավ է, որ նման այցերից առաջ ՀՀ-ում որեւէ, անգամ փորձագիտական մակարդակով, քննարկման առարկա չեն դառնում հայ-վրացական` մինչ այս ձեռք բերված պայմանավորվածություններն ու երկու երկրների ղեկավարների մակարդակով տրված խոստումները:
Իսկ դրա պատճառն այն է, որ մեր պետության առաջին դեմքի շփումներն ու այցերը չեն կրում նախօրոք մշակված եւ կանոնակարգված բնույթ: Ս. Սարգյանի այցերն առավելապես իրավիճակային որոշումների արդյունք են, որոնց իրական առիթը հաճախ հանդիսանում է այս կամ այն ոչ պաշտոնական միջոցառմանը (այդ թվում` հարսանիքի) մասնակցությունը, ինչպես, օրինակ, դա եղավ ՌԴ կատարած վերջին այցերից մեկի ընթացքում: Այս դեպքում էլ, փաստորեն, այցի առիթը Հին Թբիլիսիում հայկական առաջնորդանիստ Սբ. Գեւորգ եկեղեցու` այսօր կայանալիք վերաօծման արարողությունն է:
Եվ այսպիսի մոտեցման դեպքում ակնկալել, որ նախօրոք 2 երկրների համապատասխան մարմինների միջեւ տարվել են լուրջ նախապատրաստական բանակցություններ, իրատեսական չէ: Հետեւաբար ակնկալել ինչ-որ հստակ ասելիք` էներգետիկ կամ տրանսպորտային նախագծերի շուրջ, պետք չէ:




Լրահոս