Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին, Փարիզում տեղի կունենա ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստը, որը հայկական պատվիրակության ներկայացուցիչների համար «բարդ» է լինելու: Մեր տեղեկություններով՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը նախապատրաստած Ռոբերտ Ուոլթերը փորձելու է իր հեղինակած փաստաթուղթը հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել: Հիշեցնենք, որ հոկտեմբերին կայացած հանձնաժողովի նիստի ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան առաջարկել էր հետաձգել զեկույցի քննարկումը եւ նշանակել նոր զեկուցող, որպեսզի խնդիրն առավել հանգամանալից ուսումնասիրելու ժամանակ ունենան, քանզի Ուոլթերի մանդատի ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է: Սակայն հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը մերժել էր այդ առաջարկը:
Նշենք, որ համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի՝ արդեն հունվարի նստաշրջանում քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը պետք է զեկույցը ներկայացնի ԵԽԽՎ լիագումար նիստին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ ներկայացվեց Ռոբերտ Ուոլթերի այցը Ադրբեջան: Ըստ այդ երկրի լրատվամիջոցների` վերջինիս այցը փաստահավաք առաքելությամբ էր, որի արդյունքում նա պետք է զեկույց ներկայացներ Վեհաժողովին: Նշվում էր, որ Ուոլթերն այս ժամանակահատվածում հանդիպումներ էր ունեցել ու կրկին վերադարձել Ստրասբուրգ, որպեսզի արդեն ԵԽԽՎ-ի նստաշրջանի ժամանակ ներկայացնի, թե ինչ տեղեկություններ է հավաքագրել: Հավելենք, որ Ուոլթերը հայտնի է իր ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշմամբ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զեկուցողը պետք է այցելեր նաեւ Արցախ՝ տեղեկությունների հավաքագրման նպատակով, սակայն ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այս անգամ Ուոլթերը Ստեփանակերտ չէր մեկնել, քանի որ չէր հասցրել: Մինչդեռ իրականում Արցախը պաշտոնապես մերժել էր նրա մուտքի թույլտվությունը, քանի որ արդեն իսկ զեկույցի վերնագիրը ի սկզբանե արտացոլում էր հեղինակի կանխակալ մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: Արցախի իշխանությունները առաջադրել էին իրենց պաշտոնական մոտեցումը՝ կա՛մ պետք է փոխվի զեկույցի վերնագիրը, կա՛մ էլ Ռոբերտ Ուոլթերին Արցախի պաշտոնական շրջանակներում մերժելու են եւ հրաժարվելու են նրա հետ հանդիպումից:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում ադրբեջանամետ զեկույցին:
-Տիկի՛ն Զոհրաբյան, Փարիզում առաջիկա օրերին տեղի է ունենալու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ պետք է քննարկվի Հայաստանի եւ Ղարաբաղի համար անընդունելի զեկույցը: Ռոբերտ Ուոլթերն այս օրերին անում է ամեն ինչ` իր հեղինակած չարաբաստիկ այդ զեկույցը նիստին ներկայացնելու համար, չնայած այն բանին, որ նա այդպես էլ Արցախ չգնաց: Ի՞նչ պետք է ակնկալել այդ նիստից, արդյո՞ք այն վճռորոշ է լինելու:
-Ես հանձնաժողովի անդամ չեմ, բայց ես չեմ բացառում այն, որ Ուոլթերը, ում ԵԽԽՎ պատգամավորի ժամկետը լրանում է նոյեմբերի 7-ին, կաշխատի անել հնարավորը՝ հանձնաժողովին արդեն պատրաստի զեկույց ներկայացնելու համար՝ չլինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Իսկ ԵԽԽՎ կանոնակարգով ընթացակարգն այնպիսին է, որ եթե արդեն կա պատրաստի զեկույց, եւ չկա զեկուցող, ապա նոր զեկուցող չի նշանակվում, ու քաղաքական հանձնաժողովի նախագահը կայացնում է իր որոշումը: Մենք գիտենք, որ քաղաքական հանձնաժողովի նախագահը Իլհամ Ալիեւի մտերիմ ընկերուհի Դորա Բակոյանիսն է, ուստի կարծում եմ՝ կներկայացնի զեկույցը ու լիագումար նիստի ժամանակ այն կպաշտպանի: Ես այս տարբերակը, այս սցենարը չեմ բացառում՝ տեսնելով այն շտապողականությունը, որն առկա է: Ռոբերտ Ուոլթերն այս ժամանակահատվածում անում է ամեն ինչ, որպեսզի զեկույցը ներկայացնի հանձնաժողովին մինչեւ իր պատգամավորական մանդատի ավարտը: Իսկ նման անընդունելի վերնագրով զեկույց ներկայացնելու շտապողականությունն արդեն փաստն է այն բանի, որ այդ անձինք կատարում են Ադրբեջանի ցանկությունները:
-Իսկ ի՞նչ կարող են անել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչները` դա կանխելու համար, արդյո՞ք այս հարցում մենք ինչ-որ ելքեր ունենք:
-Գիտեք, այստեղ, կարծում եմ, անելիք ունի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը, դրա անդամները, ովքեր պետք է Ուոլթերին ուղղեն մեկ հարց՝ ինչո՞ւ է շտապում, ի՞նչ է պատահել, աշխահի վե՞րջն է: Ես անձամբ այդ հարցը ուղղել եմ նրան: Եթե Դուք համարում եք, որ խնդիրը կարեւոր է, մենք էլ ենք կարծում, որ խնդիրը կարեւոր է, այդ դեպքում ո՞ւր եւ ինչո՞ւ եք շտապում, ի՞նչ է պատահել: Դուք կգնաք, հանձնաժողովը կընտրի մեկ այլ զեկուցողի, ու նա կշարունակի Ձեր կիսատ թողած աշխատանքը: Ինչո՞ւ եք այդքան «պաժառ ընկել»: Ինչո՞ւ եք շտապում, շտապում եք, որովհետեւ պարտավորություննե՞ր ունեք Ադրբեջանի առջեւ ու պետք է պարտավորությունների գի՞նը վերադարձնեք, պատճառը միայն սա է: Մենք ունեցել ենք բազմաթիվ նախադեպեր, երբ պատգամավորը որեւէ հարցի վերաբերյալ զեկույց է վերցրել, պատգամավորական ժամկետը լրացել է, նա չի հասցրել զեկույցն ավարտել, ու տվյալ հանձնաժողովը շատ հանգիստ նշանակել է մեկ այլ զեկուցող: Նման օրինակները բազմաթիվ են:
ՕԵԿ-Ը ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԼԻՆԻ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ
Երեկ ԱԺ բրիֆինգների ընթացքում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ իրենք բարոյականությունից ելնելով Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում, բայց նույնականացման քարտերով քվեարկությունն արդեն «չափից դուրս» էր: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշել է, թե սահմանադրական հանրաքվեից առաջ հայրենի իշխանությունները ընտրակաշառք չեն բաժանելու:
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին ու այս ժամանակահատվածում քարոզարշավ իրականացնելուն, նշել է. «Մենք ունենք մեր շտաբը, մեր ռազմավարությամբ, մեր հանդիպումներով կոչ ենք անելու ոչ քվեարկել: Կլինեն հանդիպումներ, հեռուստահաղորդումներ, ամեն լծակ կօգտագործենք, որ մեր ոչ-ը հիմնավորենք»: Դեռեւս որոշված չէ, թե ով է ղեկավարելու ՕԵԿ շտաբը, բայց ըստ Մարգարյանի՝ առաջիկայում դա կհստակեցվի ու կներկայացվի հանրությանը:
Անդրադառնալով ընտրացուցակներին՝ Հ. Մարգարյանը հայտարարել է, թե 20 տոկոսով անուն-ազգանունները կրկնվում են. «Պետք է սպասենք պաշտոնական տեղեկատվությանը, հավատալ-չհավատալու հարց չկա: Իմ անուն-ազգանունով, հայրանունով, օրինակ, մեկ կրկնություն կա Գյումրիում, 17 կրկնություն՝ Շիրակի մարզում: Հիմա ինձ լսում է մեկ այլ Հովհաննես Հայկի Մարգարյան Գյումրիից»:
ԱԺ ՀՅԴ խմբակցութան ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասել է, որ ընդդիմության քննադատությունը, թե ցուցակները ուռճացնում են, որպեսզի կարողանան 700 հազար այո ապահովել, իրական չեն: «Ցուցակները ուռճացնելը հանրաքվեին ձեռնտու չի, որովհետեւ այո-ի մակարդակն էլ պետք է բարձրանա: Մեխանիկորեն ասում են՝ առանց մտածելու, որ սա ուրիշ ընտրություն է: Ամեն մի թիվ ավելացնելը ստեղ դժվարացնում է այո-ի շեմը հաղթահարելը»:
Արձագանքելով Ռուստամյանի այս պնդմանը` ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է.«Իրենք իրենց համար սեւ գործ անողներին են մտցնում սեւ ցուցակ: Այսինքն՝ եթե պարզ տրամաբանությամբ գնում ես, իրենք խնդիր չունեն մեռածներին հանելու, Լոսում ապրողներին հանելու, որովհետեւ Լոսում ապրողների հաշվին են կարողանում քվեարկել: Անցած անգամ լրացուցիչ անձնագրեր էին ավելացնում ցուցակների մեջ: Այսինքն՝ ուռճացնում են այն մասով, որտեղ կեղծիքներ են լինելու»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՄԵՐԺՎԵԼ Է
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԸՀ-ն նախօրեին հրավիրած նիստում մերժել է «Քաղաքացիական շտաբ» անվանումով հասարակական կազմակերպության գրանցումը, որպես դիտորդական առաքելություն դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում: ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ նշված կազմակերպության կանոնադրությունում ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին դրույթներ չկան, ինչը օրենսդրության պահանջ է: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց «Քաղաքացիական շտաբ»-ի վարչության անդամ Նորայր Ալոյանի հետ, որը, սակայն, հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ ցանկացած հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Ալյանս» կուսակցության մամլո խոսնակ Վարդան Քոչարյանին: Այսինքն՝ նշված ՀԿ-ն ԲՀԿ խմբակցության անդամ, Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության «կից» կառույց է: Ուստի հարց է ծագում՝ եթե ցանկանում են սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել, ապա ինչու գործընթացը հենց կուսակցությամբ չեն ցանկացել իրականացնել եւ նման զարտուղի ճանապարհներ են փնտրում:
ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա 9 ամիսներին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 7 մլն 536.9 հզ. տոննա: Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները 12.1 տոկոսով ավելացել են, երկաթուղային բեռնափոխադրումները՝ նվազել 19.2 տոկոսով, օդայինը՝ 19.8: Ուշագրավ է, որ մայրուղային-խողովակաշարայինը բեռնափոխադրումները նվազել են 1.4 տոկոսով: Տվյալ դեպքում խոսքը գազի փոխադրման մասին է: Այսինքն՝ ըստ ԱՎԾ-ի՝ այս տարի, անցած տարվա համեմատ, քիչ գազ է սպառվել:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ
Հոկտեմբերի 30-ի գիշերը Աջափնյակում տեղի է ունեցել դանակահարություն: Մեզ հաջողվեց պարզել, որ դանակահարել են մոտ 30 տարեկան մի երիտասարդի: Իսկ թե ինչն է եղել պատճառը, դեռես հայտնի չէ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս դեպքի հետ կապված արդեն իսկ կասկածյալ է ձերբակալվել: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր. օր. 112 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
ԳՈՒՄԱՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա հունիսի 17-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար, նորապսակ Արտավազդ Սարգսյանը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի: Վարչական շրջանը դատարանից պահանջում է ընկերությունից գանձել 2 մլն 831 հազ դրամ որպես աղբահանության համար չվճարված գումար: Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը Վահրամ Բաղդասարյանի փեսան է: