ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐՆ ԱՆԳԱՄ ՄԱՏՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՎԻՃԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ինն ամիսներին սոցիալ-տնտեսական վիճակի պաշտոնական վիճակագրությունն այդպես էլ չի կարողանում քողարկել այն ողբերգական վիճակը, որում հայտնվել է Հայաստանի տնտեսությունը: Համապատասխան տեղեկագրերը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երեկ:

Ըստ այդմ, պարզվում է, որ արդյունաբերությունում զբաղված աշխատողների թվաքանակն այս տարի, անցած տարվա ինն ամիսների համեմատ, նվազել է 1500-ով: Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչեւ հինգ աշխատող ունեցող արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թվաքանակն անցած տարվա համեմատ շատ կտրուկ է նվազել: 2014-ին փոքր ձեռնարկություններում աշխատել է 6 հազար 378 մարդ, այս տարի այդ թիվը դարձել է 3 հազար 437: Այսինքն՝ փոքր ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը նվազել է գրեթե կիսով չափ:
Արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի իրացման շուկայի կառուցվացքը եւս կտրուկ փոփոխության է ենթարկվել: Անցած տարվա ինն ամիսներին ԱՊՀ երկրներ է արտահանվել 72 միլիարդ 291 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 58 մլրդ 591 միլիոն դրամ: Ի դեպ, դեպի ԱՊՀ արտահանման ընդհանուր ծավալները նվազել են 26 տոկոսով: Արտահանման առյուծի բաժինն ԱՊՀ երկրներից բաժին է հասնում Ռուսաստանի Դաշնությանը, որի դեպքում արտահանման անկումը կազմել է մոտ 28 տոկոս: Անցած տարվա առաջին ինն ամիսներին ՌԴ է արտահանվել 219 մլն 597 հազար դոլար ապրանք, իսկ այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 158 մլն 512 հազար դոլարի:
Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել: Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 778 մլն 509 հազար դոլար, որը մեկ ամսում ավելացել է 24 մլմ 700 հազար դոլարով: Ի դեպ, նշված պետական պարտքից 4 միլիարդ 70 մլն 662 հազար դոլարը դա արտաքին պարտք է, այսինքն՝ ՀՀ կառավարությունը եւ ՀՀ կենտրոնական բանկն այդ գումարը պարտք են միջազգային ֆինանս-կազմակերպություններին եւ բանկերին: Հաշվի առնելով այն փաստը, թե ինչ արագությամբ է ՀՀ կառավարությունը նոր վարկեր վերցնում միջազգային ֆինանսական կազմակերպություններից, ակնհայտ է, որ տարվա վերջին Հայաստանի արտաքին պարտքը ընդհուպ կմոտենա 5 միլիարդ դոլարի սահմանագծին, բացառված չէ, որ նույնիսկ կգերազանցի այն:
Գործազրկության ցուցանիշի հետ կապված ԱՎԾ-ի «հրաշագործությունները» շարունակվում են: Նախ, չգիտես ինչու, ինն ամիսների վիճակագրական տեղեկագրում ԱՎԾ-ն հրապարակել է միայն այս տարվա առաջին երկու կիսամյակների կտրվածքով գործազրկության ցուցանիշը: Սակայն առավել ուշագրավ է այն փաստը, որ պաշտոնական տվյալներով զբաղվածների, այսինքն՝ աշխատանք ունեցողների թիվը երկրորդ եռամսյակում, առաջինի համեմատ, նվազել է մոտ 20 հազարով, քանի որ աշխատող բնակչության թվաքանակը 1 մլն 100 հազարից դարձել է 1 մլն 80 հազար: Սակայն դա չի խանգարել, որ գործազուրկների թիվը 260 հազարից նվազի մինչեւ 240 հազարի: Իսկ թե ինչպես է ստացվում, որ աշխատողների թվի նվազելով գործազուրկների թիվն է նվազում, դա միայն ԱՎԾ-ի վիճակագիրներին է հայտնի: Ամեն դեպքում այս «աճպարարության» շնորհիվ պաշտոնական վիճակագիրները գործազրկության մակարդակը 19,1 տոկոսից նվազեցրել են 18,2 տոկոսի:
Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 183 հազար դրամ: Ի դեպ, այս ցուցանիշը ստացվում է Սյունիքի մարզում եւ Երեւանում միջին աշխատավարձի ցուցանիշի բարձր լինելու հանգամանքով: Սյունիքում եւ Երեւանում միջին աշխատավարձը համապատասխանաբար 251 հազար եւ 197 հազար դրամ է: Ի դեպ, Սյունիքում միջին աշխատավարձի բարձր լինելու հանգամանքը պայմանավորված է «Զանգեզուրի ՄՊԿ»-ի գործոնով: Հայաստանի մնացած մարզերում միջին աշխատավարձը 140-ից 150 հազար դրամի սահմաններում է: Սակայն իրականությունն այլ է, եւ Հայաստանի ցանկացած բնակիչ կհաստատի, որ այսօր աշխատանք ունեցողների մեծ մասը ամսական վարձատրվում է 100 հազար դրամի սահմաններում (օրական 3 հազար դրամ հաշվարկով): Բայց պաշտոնական վիճակագիրներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ միջին աշխատավարձի ցուցանիշը արհեստական բարձրանա: Բանն այն է, որ ըստ նույն ԱՎԾ-ի, նվազագույն սպառողական զամբյուղը ներկա գներով կազմում է 55 հազար 500 դրամ: Այսինքն՝ միջին վիճակագրական 4 հոգանոց ընտանիքի (ծնողներ եւ երկու երեխա) նվազագույն եկամուտը 222 հազար դրամից ցածր չպիտի լինի: Ասել կուզի, եթե ընտանիքում ծնողներից երկուսն էլ աշխատանք ունեն, ապա ԱՎԾ-ի ներկայացրած միջին աշխատավարձի ցուցանիշով նրանք կկարողանան իրենց նվազագույն կարիքները հոգալ: Սակայն իրականում այդպես չէ, եւ Հայաստանի ցանկացած բնակիչ դա կհաստատի: Աշխատավարձի հետ կապված վիճակագրությունն ուռճացնելու հիմնական նպատակը աղքատության մակարդակն արհեստական նվազեցնելն է: Վերջին պաշտոնական տվյալով աղքատության մակարդակը ավելի քան 37 տոկոս է կազմում: Սակայն օրերս ՀՀ կառավարությունը մի թիվ հրապարակեց, ըստ որի՝ ՀՀ բնակչության մոտ 80 տոկոսը մինչեւ 250 կՎտ էլէներգիա է սպառում: Այս հանգամանքը մատնում է, որ իրականում աղքատության մակարդակը պաշտոնական ցուցանիշից առնվազն կրկնակի ավել է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ
Երկուշաբթի օրը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կմեկնարկի 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի քննարկման մեկնարկին, այսպես կոչված, «բացման» արարողությանը եւ հանդես կգա ելույթով: Քննարկումների առաջին օրը կառավարությունը ներկայացնելու է բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները (գնաճի կանխատեսվող մակարդակը, բյուջեի եկամտային մասը, դեֆիցիտի չափը, արտաքին եւ ներքին պարտքը ու այսպես շարունակ): Եկող տարվա բյուջեն, ինչպես հայտնի է, վատատեսական կանխատեսումների վրա է կառուցված, եւ այս տարվա համեմատ եկամուտների աճ չի նախատեսվում: Սակայն ներիշխանական շրջանակներում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ անգամ այդ վիճակում նախագիծը իրատեսական չէ: Ինչեւէ, բյուջեի նախագծի քննարկման մեկնարկին ներկա կլինեն նաեւ ՀՀ ֆինասների նախարար Գագիկ Խաչատրյանն ու ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հատկապես վերջինիս մասնակցությունը կարող է աղմկահարույց լինել, քանի որ, ինչպես հայտնի է, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վաղուց է առիթ փնտրում՝ Ջավադյանին դեմ առ դեմ հարցեր տալու համար:

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂԸ
«Լուսավոր Հայաստան» նոր հիմնադրվող կուսակցության հերթական քարոզչական նյութը նվիրված կլինի քաղաքական գործունեության ֆինանսավորման խնդիրներին: Ըստ «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Նորայր Մովսիսյանի՝ իրենց նախաձեռնությունն առաջարկում է ներդրումներ իրականացնել, ինչի արդյունքում հնարավոր կլինի մի շարք խնդիրներ լուծել եւ ավելի պատասխանատու աշխատել: «Մենք՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներս, առաջարկում ենք ներդրումներ իրականացնել մեր գործում եւ պահանջել, որպեսզի մենք աշխատենք հնարավորինս բաց, հետեւողական ու պատասխանատու, որի արդյունքում բոլորս միասին կկարողանանք լուծել բազում խնդիրներ: Քաղաքականության ֆինասավորումը ներդրում է՝ ուղղված ապագային»,- ասաց նախաձեռնության անդամը:

 

ՄԻՍ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ
Հայաստանից այս տարվա ընթացքում արտահանվել է միայն հավի միս: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 19 հազար 305.8 տոննա, իսկ ներմուծվել՝ 1 հազար 794 տոննա տավարի միս: Խոզի միս արտադրվել է 5 հազար 413, ներմուծվել՝ 4 հազար 570 տոննա: Այս տարի Հայաստանից ոչ մի կիլոգրամ խոզի եւ տավարի միս չի արտահանվել: Փոխարենը Հայաստանից արտահանվել է 55 տոննա հավի միս: Թեեւ Հայաստանում կան մի շարք թռչնամսի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, սակայն մեր հանրապետություն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծվել է 23 հազար 502 տոննա հավի միս, իսկ արտադրվել է ընդամենը 7 հազար 287տոննա:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԶՐՈՒՑԵԼ ԵՆ
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Նախօրեին ավտովթարից մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մհեր Մկրտումյանը: Մ. Մկրտումյանի հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ին, Աջափնյակ թաղամասի Ֆուչիկի 27/34 հասցեում (Մալայանի ակնաբուժական կենտրոնի դիմաց):

 

ՑԱՎԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային եւ Պակիստանի Իսլամական Հանրապետության նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ
ԵՄ խորհուրդը մինչեւ 2016թ. փետրվարի 29-ը դադարեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ հանրապետության եւս 170 քաղաքացու դեմ պատժամիջոցները: Նշենք, որ ԵՄ պատժամիջոցային ցուցակում են ներառված նաեւ Լուկաշենկոյի որդիները՝ Դմիտրին եւ Վիկտորը: ԵՄ հաղորդագրության մեջ նշվում է, որ պատժամիջոցների չեղարկման մասին որոշումն ընդունվել է՝ «ի պատասխան օգոստոսի 22-ին բելառուսցի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման եւ ԵՄ-Բելառուս հարաբերությունների բարելավման համատեքստում»:

 

ԿԺԱՄԱՆԻ
Նոյեմբերի 2-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Մատվիենկոն մասնակցելու է հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բացմանը:

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ
ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է հետեւյալ գրառումը. «Առաջարկվող Սահմանադրությունը ժողովրդին էապես հեռացնում է ե՛ւ քաղաքական, ե՛ւ որոշումների կայացման գործընթացներից՝ ժողովրդի դերը հասցնելով նվազագույնի: Նախ՝ նախագահն ընտրվում է ոչ թե անմիջապես ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից: Նույնը վերաբերում է վարչապետին: Սահմանադրության դրույթների գերակշիռ մասը կարող է փոփոխվել ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի անդամների 2/3-ի կամքով: Ավելին՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո փոփոխվելիք ընտրական օրենսգիրքը կարող է իսկական տրոյական ձի դառնալ Հայաստանի ժողովրդավարության համար: Շրջանառվող հուսալի պնդումների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները լինելու են ոչ թե ընդհանրական համապետական ցուցակով, այլ ռեյտինգային եւ ըստ առանձին ընտրաշրջանների: Դա կնշանակի, որ Հայաստանում համապետական ընտրությունները՝ որպես այդպիսին, ի սպառ կարող են վերանալ: Այլ կերպ ասած՝ խորհրդարանական կայուն մեծամասնությունն էլ ուղղակիորեն չի ընտրվելու ժողովրդի կողմից»:




Լրահոս