2015 թվականի հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած Միլենա Ասատրյանի համար դժվար է հիշել կատարվածը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Միլենան կարծիք հայտնեց, որ ամուսինը չի հասկացել, թե ում է կրակում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը 33-ամյա Հայկ Վարդանյանը բարձրացել էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 հիվանդասենյակ եւ իր մոտ եղած հրազենով կրակել կնոջ՝ Միլենա Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել: Դեպքից հետո Միլենային վիրահատեցին, եւ բժիշկներին հաջողվեց փրկել կնոջ կյանքը:
Կատարվածից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե ամուսինը կասկածել էր, որ ծնված երեխան իրենը չէ, սակայն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկության իսկությունը պարզելու համար ԴՆԹ հետազոտության ենթարկեց երեխային: Ստացված եզրակացությամբ հաստատվեց, որ նոր ծնված տղան ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի երեխան է: Տեղի ունեցած ողբերգական դեպքից 4 ամիս անց «Ժողովուրդ»-ը կատարվածի մասին զրուցեց Միլենա Ասատրյանի հետ: Նշենք, որ նա դեռեւս առողջական խնդիրներ ունի եւ շարունակում է բուժումները: «4 ամիս առաջ՝ հենց այս օրը, Հայկը վերջ տվեց իր կյանքին: Ինձ համար շատ դժվար է հիշել կատարված: Հայկը վերջին ամիսներին շատ լարված վիճակում էր, հոգեպես ընկճված էր, քանի որ երկու մոտ ընկերոջ էր կորցրել: Գիտեք, ինքը այնպիսի անձնավորություն էր, որ եթե անգամ խնդիր ունենար, չէր կիսվի ոչ մեկի հետ: Մենք իրար շատ ենք սիրել: Դե, ընտանիք էր, ամեն մի ընտանիքում էլ խոսակցություներ լինում են, բայց այնպես չէր, որ նա իրեն թույլ կտար ձեռք բարձրացնել ինձ վրա: Երեք տարի երեխա չէինք կարողանում ունենալ ու մենք շատ սպասում էինք երեխայի, շատ սիրով ենք եղել, շատ…»:
Ըստ մեր զրուցակցի` երեխայի լույս աշխարհ գալու օրը Հայկը, նրա քույրը մտել են վերակենդանացման բաժանմունք եւ տեսակցել են իրեն.«Ասեց, թե Միլ ջան, երեխան ծնվել է, ամեն ինչ լավ է, կյանքս, շուտով քեզ կտեղափոխենք հիվանդասենյակ: Ամեն ինչ շատ լավ էր: Դեպքի օրը սկեսուրս զանգահարեց ինձ, ասաց, թե Միլենա, Հայկն եկել է հիվանդանոց, բայց շատ լարված էր, ինչ-որ բաներ խոսաց, չգիտեմ, թե ինչ է կատարվում հետը: Մի քանի րոպե հետո, առավտոյան ժամը 7-ի կողմերն էր, եկավ հիվանդանոց: Նույնիսկ իմացա, որ մուտքի մոտ վիճել էր քույրերից մեկի հետ, քանի որ թույլ չէին տվել տեսակցեր ինձ, ասել էին՝ այս ժամին տեսակցություն չկա, նա էլ կռիվ էր արել ու կարողացել էր բարձրանալ: Մի քանի րոպե հետո Հայկը մտավ հիվանդասենյակ, գրկեց ինձ, համբուրեց, հետո սկսեցինք խոսել մեր պլաններից, որոշել էինք օգոստոսի 1-ին կնքել երեխային: Հետո Հայկը ասաց, թե երեխայի նկարը ցույց տուր, ցույց տվեցի, մեկ էլ` կանգնեց ու ասաց, թե Միլենա, ես պետք է մահանամ, դու էլ ինձ հետ… չհասկացա, թե ինչ էր ասում, ու էլ բան չեմ հիշում»:
Միլենայի խոսքով` ամուսինն այդ պահին անգամ չի գիտակցել, որ կրակում է իր կնոջը. «Ինձ թվում է՝ չի գիտակցել, որ իր դիմացի մարդը ես եմ: Մի օր երեկոյան ընկերոջ հետ եկել էր հիվանդանոց, համբուրեց, գրկեց ինձ, ասաց, թե Միլ ջան, կարող է քեզ էլ չտեսնեմ: Մայրիկիս լացելով ասեցի, ի՞նչ է խոսում Հայկը: Մենք շատ սիրով ենք եղել, շատ-շատ ենք սիրել իրար, ինչու այսպես եղավ, չհասկացա»:
Միլենայից տեղեկացանք, որ դեպքից հետո նա Հայկի հարազատների եւ մասնավորապես մայրիկի հետ կապ չունի. ո՛չ ինքնասպան եղած Հայկի մայրիկը, ո՛չ էլ նա չեն փորձել կատարվածից հետո կապ հաստատել միմյանց հետ .«Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել իր մայրիկի հետ, շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Ուզում եմ՝ մի օր տղայիս վերցնեմ, գնամ, իր մայրիկին տեսնեմ, բայց դեռեւս առողջականս թույլ չի տալիս: Անգամ ամուսնուս գերեզմանին դեռ չեմ գնացել»:
Նշենք, որ Միլենան իր որդու անունը դրել է Դավիթ՝ ի պատիվ իր կյանքը փրկած, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ Դավիթ Պատրիկյանի:
Թե ինչո՞ւ Հայկի հարազատները եւ հատկապես մայրը չեն հետաքրքրվում իրենց նորածնով, դժվար է ասել, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ Հայկը, մինչ Միլենայի հետ համատեղ կյանքը, եւս մեկ անգամ ամուսնացած է եղել: Իսկ թե ինչո՞ւ Հայկ Վարդանյանը գնաց այդ քայլին, թերեւս միայն ինքը կիմանար:
Կատարվածի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի` սպանություն, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի` ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Դատելով ստեղծված իրավիճակից՝ երբ կրակոցներ իրականացրած անձը ինքնասպան է եղել, եւ այս պայմաններում դժվար է հասկանալ նրա քայլի դրդապատճառները, ըստ երեւույթին, հարուցված քրեական գործը կկարճվի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՄԵՆԱՇԱՏ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
«Դելոյթ ընդ Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգիայի կորուստների հիմնավորվածության վերաբերյալ վերլուծության արդյունքները: Այդ փաստաթուղթը երեկ հրապարակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Նշենք, որ ՀԾԿՀ-ի եւ «Դելոյթ ընդ Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերության միջեւ կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրով նախատեսված է, որ խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվող 2-րդ հաշվետվությունում պետք է վերլուծվեն Հայաստանի էնեգետիկ համակարգում առկա կորուստների պատճառները:
Այսպիսով, խորհրդատվական ընկերության հրապարակած փաստաթղթում էլէներգիայի կորուստների պատճառաբանություններ եւ դրանց վերաբերյալ գնահատականները գրեթե նույնությամբ կրկնում են այս խնդրի առնչությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ ՀԾԿՀ-ի կողմից մինչ այս ներկայացված հիմնավորումները: Կրկին նույն «ջուրծեծոցին» սակավաջրության, ատոմակայանի չափից ավել երկար վերանորոգման կանգնելու մասին եւ այսպես շարունակ: Մի խոսքով, խորհրդատվական ընկերությունն իր եզրակացությամբ ընդամենը վերահաստատում է այն պատճառաբանությունները, որոնք այս տարվա հունիսից ՀԷՑ-ը եւ ՀԾԿՀ-ն պարբերաբար կրկնում են` փորձելով Հայաստանի հանրությանը համոզել, որ էներգաբաշխման համակարգում 13 տոկոս կորուստը նորմալ երեւույթ է:
Սակայն առավել ուշագրավ են նշված հաշվետվությունում բերված վիճակագրական տվյալները: Մասնավորապես կորուստների մակարդակի վերաբերյալ բերված են Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի էլեկտրական ցանցերի արձանագրված էլէներգիայի կորուստների թվերը: Այդ թվերից տեղեկանում ենք, օրինակ, որ Վրաստանում «Թելասի» էլցանցի համակարգում (Վրաստանում էլեկտրական ցանցերը մի քանի մասերի են բաժանված) էլեկտրաէներգիայի կորուստները կազմում են 6.1 տոկոս: Ու սա այն դեպքում, որ Վրաստանում մինչեւ վերջերս հովհարային անջատումներ էին, եւ համակարգը սկսեց կարգավորվել միայն 2004-ի իշխանափոխությունից հետո: Այսինքն՝ տվյալ երկրի էներգետիկ համակարգը մինչեւ 2004 թվականը ծայրահեղ վիճակում էր գտնվում: Մինչդեռ այսօր Վրաստանի էներգետիկ համակարգը ընդամենն ունի 6.1 տոկոսի կորուստ: Խորհրդատուն, օրինակ, չի պարզաբանել, թե ինչպես է ստացվում, որ Վրաստանում հաջողվել է էլէներգիայի կորուստները այդքան նվազեցնել եւ հասցնել եվրոպական չափանիշի, իսկ Հայաստանում ոչ մի կերպ չի հաջողվում այդ խնդիրը լուծել, եւ էներգետիկ համակարգի կորուստները, որպես կանոն, կազմում են 12-ից 13 տոկոս:
Նույն փաստաթղթում առաջին անգամ հրապարակվել է ՀՀ-ի էներգետիկ համակարգի կորուստները՝ ըստ մարզերի: Ըստ այդմ, էլեկտրաէներգիայի ամենաբարձր կորուստները արձանագրված են Հայաստանի արեւմուտքում՝ 17 տոկոսից ավել, իսկ ամենացածր կորուստների մակարդակը Սյունիքում: Բարձր կորուստներ արձանագրելու տեսանկյունից առաջատարն Արագածոտնի եւ Արմավիրի մարզերն են, որտեղ այդ ցուցանիշը կազմել է 18-17 տոկոս: Արարատի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում կորուստները կազմել են՝ 17-14 տոկոս, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում ու Երեւանում՝ 14-12 տոկոս: Կոտայքի եւ Լոռու մարզերում՝ 12-10 տոկոս, իսկ, ահա, Սյունիքի մարզում 10 տոկոսից պակաս է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ՔԱՐԱՐՏԻՆ» ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն դատի է տվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տարածքում գործող «Քարարտ» ՓԲԸ-ին: Դեպոզիտարիան դատարանից խնդրում է «Քարարտից» գումար բռնագանձել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը այս գործով նախնական նիստերից արդեն անցել է դատաքննության: Առաջին նիստը կայացել է հոկտեմբերի 27-ին, Իջեւանում:
Քարի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ զբաղվող «Քարարտ» ընկերությունը համարվում է Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնավարման շրջանում ամենամեծ ներդրումը մարզի արտադրական ոլորտում: 2003 թվականից «Քարարտ» ՓԲԸ-ն շահագործում է Նոյեմբերյանի Զորական գյուղի տարածքում գտնվող ֆելզիտի հանքավայրը: Իջեւանի հյուսիսային մուտքի մոտ 2005թ. սեպտեմբերի 16-ին շահագործման հանձնվեց քարի վերամշակման արդիական սարքավորումներով հագեցած գործարանը: Դրա բացման ժամանակ հայտարարվեց, որ կատարվել է 5 միլիոն դոլարի ներդրում, հետագայում կառուցվեցին նոր մասնաշենքեր:
«Քարարտ» ՓԲԸ ղեկավարությունը սկզբում կամենում էր վերամշակող գործարան կառուցել երկաթուղային Այրում կայարանում գտնվող նախկին նավթաբազայի տարածքում: Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղից ֆելզիտի հումքը հայ-ադրբեջանական սահմանի եզրով Իջեւան տեղափոխելու, մոտ 80 կմ անցնելու, ապա պատրաստի արտադրանքը Իջեւանից Այրում կայարան ավտոմեքենաներով տեղափոխելու համար ընկերությունը զգալի ծախսեր է կատարում: Եթե քարի վերամշակման գործարանը կառուցվեր Այրում կայարանում, «Քարարտը» հումքի եւ պատրաստի արտադրանքի տեղափոխման համար ծախսվող հսկայական ֆինանսները կխնայեր:
«Քարարտ» ՓԲԸ տնօրեն Կարեն Գիշյանը ասել է, թե գործարանը Իջեւանում է կառուցվել, որպեսզի այդտեղ վերամշակվեն հանրապետության տարբեր վայրերից արդյունահանված տարբեր քարատեսակներ: Սակայն իրականությունն այն է, որ «Քարարտի» արտադրանքի զգալի մասը ստացվում է Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտային տուֆի վերամշակումից: Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհին երբեմն կարելի է տեսնել «Քարարտի» շարքից դուրս եկած բեռնատարներ՝ բեռնված Զորականի ֆելզիտե սալերով: Մոտ մեկ ամիս առաջ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղի տարածքում գործող ավտոգազալցավորման ճնշման կայանի դեմ-դիմաց «Քարարտի» բեռնատարը միջպետական ճանապարհից դուրս էր ընկել, այն ծանր տեխնիկայի օգնությամբ հնարավոր եղավ դուրս բերել ճանապարհամերձ դաշտից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ