ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը փորձում է ճշտել, թե դեպի Երևան եկող երկու մարդատար ավտոբուսների հետ ինչ խնդիրներ կան, և ինչն է պատճառը, որ դրանք կանգնեցրել են:
«Այս պահի դրությամբ դեսպանատունը ճշտումներ է կատարում տարբեր խողովակներով: Փորձում ենք հասկանալ` ինչ է տեղի ունեցել, և ինչ խնդիր կա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը` հավելելով, որ ներկա դրությամբ դեռևս չկա ստույգ տեղեկատվություն, թե ավտոբուսներում որքան մարդ է եղել:
Հիշեցնենք, որ Մոսկվայի պետավտոտեսչությունը նոյեմբերի 5-ին կանգնեցրել է դեպի Երևան ուղևորվող երկու մարդատար ավտոբուս: ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժնի մամուլի պատասխանատու Անդրեյ Գալիակբերովը հայտարարել էր, թե ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ ավտոբուսները տեխնիկական լուրջ խնդիրներ են ունեցել՝ կապված ղեկի և արգելակման համակարգերի հետ, ինչպես նաև փոփոխություններ էին արված ավտոբուսների գործարանային կառուցվածքում: Բացի այդ, հայտնի է դարձել, որ վարոր դներն ուղևորափոխադրումներ են իրականացրել առանց համապատասխան արտոնագրի և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով: