«ԱԶԳՈՎԻ ՓՐԿՈՒՄ» ԵՆ ՏԱՐՈՆԻ ԴԵՄՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԻՊ գրասենյակի  երեկ հրապարակած զեկույցը, որում արձանագրված են Երեւանի քաղաքապետարանի գործունեության ընթացքում մարդու իրավունքների  խախտման դեպքերը,  արժանացավ հանրապետականների շատ արագ եւ կտրուկ հակազդեցությանը` որակվելով  «տարօրինակ», «հում», «անլիարժեք» եւ այլն: Մինչդեռ «Մարդու իրավունքների վիճակը Երեւանի քաղաքապետարանի ոլորտում 2012» ՄԻՊ զեկույցում  նշված փաստերը  հայտնի են ցանկացած քաղաքացու, ով գեթ մեկ անգամ քաղաքապետարանի հետ առնչվելու  առիթ է ունեցել: 
Այսպես. ՄԻՊ զեկույցում ամրագրված է, որ «մի շարք դեպքերում Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված  կարգով իրենց  տարածքի համար  սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց  ստիպել է վճարել ապօրինի գումարներ»: Նկատենք, որ սա քաղաքապետարանի կողմից տարիներ շարունակ լայնորեն եւ անթաքույց կերպով կիրառվող  պրակտիկա է. քաղաքապետարանի ամենատարբեր «ռանգի» պաշտոնյաները բաց ասում են` այսքան գումար կմուծես «Երեւան հիմնադրամին»` գործդ առաջ կգնա, ոչ` ուրեմն ոչ: ՄԻՊ զեկույցում նաեւ ասված է. «Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ քաղաքապետարանի ոչ թափանցիկ  վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսեւորվել է ոչ միատեսակ եւ խտրական վերաբերմունք»: Այս դեպքում  ՄԻՊ նշած իրողությունն այնքան ակնառու է, որ դրա դեմ  որեւէ փաստարկ ուղղակի դժվար է բերել. բավական է շրջել, օրինակ, Արաբկիրի  կրպակաշատ փողոցներում, որտեղ կրպակներն ապամոնտաժված են մեկումեջ` կախված քաղաքապետարանին ցույց տրված «վերաբերմունքի» չափից: ՄԻՊ-ը նաեւ մատնանշել էր ինքնակամ շինությունների հարցը, շրջակա միջավայրի աղտոտման, կանաչ տարածքների վերացման, հասարակական տրանսպորտի եւ մի շարք այլ ոլորտների խնդիրները, ընդ որում ներկայացված գնահատականները շատ ավելի մեղմ էին, քան իրականությունը: Այդուհանդերձ, ինչպես նշեցինք, տարբեր տրամաչափի հանրապետականներ նետվեցին փնովելու  ՄԻՊ զեկույցը` այդպես էլ, սակայն, հակափաստարկներ չներկայացնելով: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ականները նույնպիսի եռանդով չհակադարձեցին ՄԻՊ-ին, երբ նա իր զեկույցներում շատ ավելի սուր կերպով քննադատում էր առողջապահության կամ արդարադատության նախարարության աշխատանքը: Պատճառը պարզ է. ավագանու ընտրություններից առաջ, երբ առանց այդ էլ Տարոն Մարգարյանի վերընտրության  հնարավորությունները բավականին մշուշոտ են, այդ  զեկույցն ավելի քան անցանկալի էր ՀՀԿ-ի համար: Սակայն անհասկանալի է այն, թե ինչու են քաղաքապետարանի աշխատանքի  մասին զեկույցին գնահատական տալիս ոչ թե այդ կառույցի ղեկավարները կամ` ծայրահեղ դեպքում ավագանու ՀՀԿ-ական անդամները, այլ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը կամ հանձնաժողովի նախագահը: Եթե Տարոն Մարգարյանն ինքը հարկ չի համարում արձագանքել, ապա ինչո՞ւ են լռում նրա տեղակալները, որոնք  հաճախ իրենց մտքերը շարադրելիս նշում են, որ դա անում են քաղաքապետի հանձնարարականով: Գուցե պարզապես ասելի՞ք չունեն: 
Հ. Գ. Թեեւ պաշտոնապես դեռ չի տրվել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը (այն կսկսվի մայրության եւ գեղեցկության տոնի օրը՝ ապրիլի 7-ին), այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել է ավելի շատ երեւալ հեռուստաէկրաններին, մասնակցել տարբեր միջոցառումների… Տպավորություն է, որ նա արդեն քարոզարշավի մեկնարկը տվել է: Ավելին, հարազատ Ավան վարչական շրջանում Մարգարյանը արդեն սկսել է «եվրավերանորոգումը»: 
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս