ԵՐԵՎԻ ՄԵՐ ՎՐԱ ԹՈՒՂԹ ՈՒ ԳԻՐ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասան ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ տեղյակ է երկրում տիրող իրադարձություններին, իր իսկ խոսքով` շատ է ուզում, որ լավ լինի: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նա ասաց, որ իր համար նույնիսկ կարեւոր չէ, թե ով կլինի նախագահը:
-Ինձ համար կարեւոր չէ, թե ով է պրեզիդենտը, կարեւորն այն է, որ ով էլ լինի, հասկանա ու կարողանա դա տանել: Այսօր մենք չունենք լիդեր, որ կտանի ու կկարողանա այնպես անել, որ  վաղը, մյուս օրը իմ ու քո տղայի, մեր եկող սերնդի համար դառնա բնավորություն, որ չամաչենք աշխարհին ներկայանալ, որ ամաչելով չասենք, թե հայ են: Խոսքս իրար չխաբելու մասին է:
Այսօր ազգի մոտ, “մուննաթ” օրգանից բացի, առաջացել է նաեւ իրար խաբելու օրգան: Նայելով իմ աչքերի մեջ` ամեն օր հեռուստացույցով ինձ խաբում է իմ ղեկավարությունը, ու կապ չունի` ով է: Ես վախենում եմ այդ խաբելուց:
Ճի՛շտ հասկացեք, ինձ մոտ անձի խնդիր չէ, գաղափարի խնդիր է, թե ով կկարողանա այդ գաղափարը կյանքի կոչել, ճիշտ մատուցել, ու ես էլ ժամանակի ընթացքում կհասկանամ, որ հայտնվել է մեկը, ով ինձ չի խաբում: Այդ դեպքում ես պատրաստ եմ նրա հետեւից գնալ:

-Րաֆֆի Հովհաննիսյանի կամ գործող նախագահի մեջ չե՞ք տեսնում այդ լիդերին, մարդուն, որը մեզ չի խաբի:
-Ես երբեք չեմ ուզում տեսնել: Ինձ նյարդայնացնում է մի հարց` եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ: Դա ամենասխալն է: Եթե մարդ ունի շանս, տվե՛ք այդ մարդուն հնարավորություն: Ես Րաֆֆիին էլ չեմ հավատում, բայց եթե վաղը, մյուս օրը նա ղեկավար դառնա ու կարողանա ինձ ապացուցել, որ այդ լիդերը ինքն էր, ես նրա հետեւից կգնամ: Լիդեր ես տեսնում եմ բոլորիս` յուրաքանչյուր հայի, ով պատրաստ է չխաբել:
-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի այդ լիդերը:
-Շատ բարդ, բայց նաեւ պարզունակ հարց եք տալիս: Նա պետք է լինի մեզանից մեկը: Թող հայտնվի մեկը, ով ուզում է այս ազգի պատմության մեջ գոնե լավ ձեւով մնալ, ու իր ամենամեծ երազանքն էլ թող այն լինի, որ այս քաղաքում իր անունով փողոց բացվի. այդքան բան:
-Ձեր խոսքն ասելու ի՞նչ տարբերակ եք ընտրել:
-Ես իմ խոսքը դեռ չեմ ասում: Այս ամեն ինչի մեջ դեռ առեւտուր կա: Բայց ուզում եմ ներկայացում անել, որտեղ ամեն ինչ կասեմ: Ամեն մարդ պայքարելու իր ձեւն ունի: Ես կարող եմ լինել հարթակում, բարձրանալ, սիրուն ճառեր ասել, 4-5 հոգու խաբել, 4-5 հոգու ոգեւորել: Ես ունեմ իմ անձնական կարծիքն այս երկիրը ղեկավարելու վերաբերյալ, բայց չեմ կարող ասել` դա ով կանի: Ես կարող եմ անել, բայց ես չգիտեմ` կարող եմ լավ անել, թե չէ, դրա համար էլ դա իմ գործը չէ: Ես ուղղակի մի բան եմ խնդրում` չխաբել: 
Որո՞նք են, ըստ Ձեզ, Հայաստանի համար այս պահի դրությամբ կարեւորագույն խնդիրները:
-Հայն այս աշխարհի ամենատաղանդավոր մարդն է, բայց կամաց-կամաց այդ գեները սպանում են, այս 20 տարվա մեջ ազգին դարձրել են կինտո: Պետք է ման գանք այդ սպանողներին: Ես էլի եմ ասում` իմ ազգից լավը չկա: Իմ օղորմածիկ հայրը լավ էր ասում.”Էս ազգը նման է սպերմատոզոիդի. այդ փոքրիկ օրգանը դառնում է երեխա, երբ դաշտ կա”: Այս ազգի համար պետք է դաշտ ստեղծել, ինքն ամենաաշխատողն է, օրինապահն ու տաղանդավորը: Ես դա կարող եմ աշխարհի մակարդակով ապացուցել: Մենք այն ազգն ենք, որը կարող է սիրել ու սեր տալ, բայց երեւի մեր վրա թուղթ ու գիր կա:
-Խեղճացրե՞լ են ազգին:
-Չեն կարող էս ազգին խեղճացնել: Աստված չանի, եթե պայթի, ես միշտ ասել եմ` գալու է զոհեր տալու ժամանակը, ուղղակի խելոք պետք է լինենք, որ չտանք:
-Իսկ արտագաղթը խեղճացնելու միջո՞ց չէ:
-Մենք բոլորս դրա մասին գիտենք, բա ինչո՞ւ դեմը չենք առնում: Եթե ինձ տան հնարավորություն, ես կարող եմ դա անել, բայց քանի որ այդ հարցերը ես չեմ լուծում… Գտնենք այդ մարդուն, որը դա անում է, ու պատժենք նրան, որ մնացածն էլ հասկանան` մարդիկ պատժվում են: Հավատ են ջարդել, մարդը վաղվա օրվան չի հավատում:
-Ձեր հավա՞տն էլ կոտրված է, թե՞ Դուք, այնուամենայնիվ, հավատում եք պայծառ Հայաստան ունենալու մտքին:
-Աստված չանի, եթե ես կորցնեմ հավատս, կանցնեմ գնացողների շարքը: Ես այս երկրից վաղուց գնալու հնարավորություն ունեմ, բայց չեմ գնում, ուզում եմ իմ երեխան հայ մեծանա, չեմ ուզում` տոհմածառիս մի ճյուղը դրսում լինի:
-Ինչպիսի՞ Հայաստան եք ուզում ունենալ:
-Ուզում եմ բոլորիս հավատը շուտ վերականգնվի: Երբ գնում եմ դուրս, մոտենում են ինձ ու առաջին հարցը, որ տալիս են` ի՞նչ կա Հայաստանում: Նախկինում շատ վատ բաներ էի ասում, հետո հասկացա, որ երբ այդ մարդիկ ինձ դա հարցնում են, նրանք սպասում են լավ պատասխանի: Ու սկսեցի ասել, որ Հայաստանն ամենալավ վայրն է, եւ ահագին մարդ փոխեց դեմքի արտահայտությունը, նույնիսկ գիտեմ մարդու, ով հետ եկավ: Վստահ եմ` եթե երկրի նկատմամբ հավատը շուտ վերականգնվի, մարդիկ բանակներով պատրաստ են հետ գալ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս