Ինչ փաստաթուղթ կստորագրեն ՀՀ-ն և ԵՄ-ն. փոխնախարարները մանրամասներ են ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիություն­ Հայաստան համագործակցության առաջիկա իրավական փաստաթղթում հիմնականում պահպանվելու է Ասոցացման համաձայնագրի շրջանակներում բանակցված քաղաքական երկխոսության բաղադրիչը: Այս մասին խորհրդարանում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ կարեն Նազարյանը:

Պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին` փոխնախարարը նշեց, որ համագործակցության ուղիները նախանշող սպասվելիք նոր փաստաթղթում Խորը և համապարփակ ազատ առևտրի բաղադրիչը չի ներառվելու, քանի որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը:

«Մենք Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո պատրաստակամություն հայտնեցինք շարունակել սերտ համագործակցությունը Եվրամիության հետ: Եվրոպական Միությունն էլ այդ պատրաստակամությունը հայտնեց, և մենք մտքերի փոխանակություն սկսեցինք՝ հասկանալու համար, թե ինչպիսին պետք է լինի համագործակցության նոր համաձայնագիրը: Մենք փորձել ենք հասկանալ, թե Ասոցացման համաձայնագրի շրջանակներում բանակցված որ բաղադրիչները կարող ենք ներառել նոր համաձայնագրում և ինչպես անել, որ դրանք չհակասեն Եվրասիական տնտեսական միությունում մեր ստանձնած պարտավորություններին»,­ – հավելեց ԱԳ փոխնախարարը:

Նա չցանկացավ կանխորոշել, թե ինչ ընթացք կունենան բանակցությունները և արդյունքում ինչպիսի համաձայնագիր կհաջողվի ունենալ: Սակայն նա վստահություն հայտնեց, որ հաջողվելու է արձանագրել նույն առաջընթացը, որը նախկինում կար Հայաստանի և ԵՄ­ի միջև տարվող բանակցություններում:

Այս մասին խոսեց նաև Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:  «Տեղեկացնեմ, որ նոր համաձայնագրում չի ներառվելու ազատ առևտրի բաղադրիչը, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և չի կարող առանձին ազատ առևտրի համաձայնագիր ունենալ երրորդ երկրների հետ: Այսինքն, նոր համաձայնագրում զրոյական մաքսատուրքերով առևտրի բաղադրիչը չի լինելու: Սակայն ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք մի փաստաթուղթ, որը լինելու է կիրառական և չի խանգարելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին»,­ – նշեց Մելքոնյանը:




Լրահոս