ԼԱՄԻՆԱՏԻ ԲԻԶՆԵՍՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը կարող է իրեն ինտելեկտուալ համարել, գիտությանը նվիրված անձ, քանի որ գրել է «ՀՀ պետական բյուջեի եկամուտների օգտագործման բարելավման ուղիները» թեմայով ատենախոսություն, մի քանի գիտական հոդված հրատարակել: Սակայն գիտությունն այս մարդու կյանքում այնքան քիչ տեղ է զբաղեցնում, որ երբեմն նաեւ տարակուսում ես, թե ինչու է չարչարվել ու ատենախոսություն գրել, մանավանդ որ այդ գիտական աստիճանը հաստատ նրան որեւէ տեղ պետք չի եկել:
Նա մի քանի բարձրագույն կրթություն ունի. Երեւանի անասնաբուժական եւ անասնաբուծական ինստիտուտ՝ զոոինժեներական ֆակուլտետ: Ստացել է զոոինժեների մասնագիտություն, տնտեսագիտության ֆակուլտետում ստացել է տնտեսագետ-կազմակերպչի մասնագիտություն: Սովորելուն զուգընթաց ծառայել է բանակում, դարձել լեյտենանտ: Եվ այսօր Հայաստանի քաղաքաշինությունը ղեկավարում է տնտեսագետ-կազմակերպիչն ու զոոինժեները: Այսինքն՝ նրա ոչ մի մասնագիտություն, անգամ գիտական հետաքրքրությունների ոլորտ, մոտ չէ քաղաքաշինությանը: Բայց նշանակվել է, որովհետեւ անդամակցել է «Օրինաց երկիր» կուսակցությանը, կարողացել է մտերիմ հարաբերություններ հաստատել Արթուր Բաղդասարյանի հետ: Քանի որ լավ գիտենք, թե ինչպես են ՕԵԿ-ում բարձր պաշտոնների հասնում, վստահաբար պնդում ենք, որ աղքատ մարդ չէ, ավելին, շատ հարուստ է: Նրա նշանակումից անմիջապես հետո «Երկիր» թերթը հրապարակեց հոդված՝ «Նախարարի աթոռն աճուրդով է գնվել» վերնագրով: Ու ահա, Ս. Թադեւոսյանը, վիրավորված «Երկիր»-ի հրապարակումից, զանգահարել էր խմբագրություն եւ հերքում պահանջել: Նա հայտարարել էր, որ հրապարակումն իրականության հետ որեւէ կապ չունի. «ՕԵԿ-ի առաջնորդը մանդատներն ու պորտֆելները բաշխել է ըստ վաստակի եւ կատարած աշխատանքի: Ինձ համար հպարտություն է խոսել Արթուր Բաղդասարյանի մասին, մարդ, ով առանց քոռ կոպեկի ինձ պորտֆել տվեց»: «Խոսելով իր անձի մասին` հիշեցրել է, որ ԱԺ ընտրություններում ինքը բավականին աշխատանք է կատարել ՕԵԿ-ի համար»,-գրել էր թերթը: Դե հարստությունն էլ բավական է, որպեսզի նա ղեկավարի քաղաքաշինության ոլորտը: Իսկ թե ինչպես է ղեկավարում, արդեն գիտենք: 
Բավական է երբեմն հետեւել խորհրդարանում նրա տված մեկնաբանություններին, որպեսզի հասկանանք, որ ոլորտի կառավարիչ է դարձել բացարձակապես ոչ իրազեկ մի մարդ, որը նաեւ կարողանում է խուսանավել լուրջ պատասխաններից, խնդիրներից, երբեմն թաքնվել հերթապահ մտքերի կամ ԱԺ մոտակա դռների թիկունքում:
Այսպես, բոլորին հայտնի ԱՕԿՍ-ի շենքի պատմությունը չէր հյուսվի առանց քաղաքաշինության նախարարության, սակայն Ս. Թադեւոսյանը կարողանում է ասել, որ պատասխանատուն քաղաքապետարանն է: Ամեն տեղ պատասխանատու են քաղաքապետարանները, իսկ նախարարությունն այդ դեպքում ինչի՞ համար է պատասխանատու կամ ի՞նչ է անում… Բնականաբար, զբաղված է «ատկատներով», ինչպես ակնարկեց անձամբ Սերժ Սարգսյանը: Ու հազիվ թե «ատկատներից» տեղյակ չլինի, մանավանդ որ ինքը Հայաստանում «լամինատի» ներկրման մենաշնորհատերն է…
Ոչ վաղ անցյալում մամուլը նկատեց, որ «Սյունիքի  մարզում  տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ տեղացիներից մանրամասն հետաքրքրվել է անասնապահության հնարավոր «դախոդների» ու տեղանքի բարենպաստ պայմանների մասին` ասելով. «Ձեր օդն ու ջուրը հարմար են լավ գործ սկսելու համար»: Կեսկատակ-կեսլուրջ ասել է` ով այս մարզում լուրջ անասնապահությամբ զբաղվի, մի քանի տարում լավ բիզնեսի տեր կդառնա: Իսկ երբ նախարարից փորձել են ճշտել` հնարավո՞ր է, որ ինքն էլ մտափոխվի ու լամինատի գործը թողած՝ բիզնեսի նոր ճյուղով զբաղվի, նա հակադարձել է. «Ամեն մի գործ իր նրբություններն ու արդյունքն ունի»:
Այժմ անդրադառնանք նախարարի աշխատանքային կենսագրությանը. 1984-1990թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայթռչնարդ» ԱԱԿ-ում, եղել առաջատար հաշվապահ, վերահսկողության բաժնի ավագ վերստուգիչ, 1990-1993թթ. տեղափոխվել է «Հայագրոարդ», «Հայանասնահամալիր» ԱԱԿ, դարձել վերահսկողության-վերստուգման ծառայության պետ, կոմերցիոն կենտրոնի տնօրեն… Ապա հասկացել, որ պետք է մուտք գործել հարկային ծառայություն, որը համարվում է ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը: Թադեւոսյանը ՀՀ պետական հարկային տեսչությունում եղել է տեսչական վարչության գլխավոր պետական հարկային տեսուչ, Շահումյանի հարկային տեսչության պետի տեղակալ, Էջմիածնի հարկային տեսչության պետ, Շենգավիթի հարկային տեսչության պետ, աշխատել ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամում… ՀՀԿԱ մաքսային պետական կոմիտում նշանակվել է  նախագահի տեղակալ, ապա խորհրդական: Այսպիսով՝ երկար ժամանակ պաշտոններ զբաղեցնելով հարկային մարմիններում՝ հարկային ծառայության գնդապետը նպատակամղված կերպով զարգացրել է իր բիզնեսը՝ պաշտոնը դարձնելով տանիք: Իսկ մինչ նախարար դառնալն աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատի  առաջին վարչության պետ…
Քաղաքաշինության նախարարի գործունեությունից հատկապես դժգոհ են Գյումրիում: Այստեղ ավագանին դիմել էր վարչապետին՝ անօթեւանների կացարանների խնդրով, վարչապետը դիմումը հասցեագրել էր նախարարին, որն էլ բացահայտ խուսագրություն էր ուղարկել՝ հասկացնելով, որ անօթեւաններն իրենց գլխի ճարը տեսնեն, կառավարությունը նրանց համար ոչինչ չի անելու… Դե, լամինատի գործը կթողնի՞, որ Թադեւոսյանը զբաղվի անօթեւաններով…
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս