ԽԱՂԱՍԵՂԱՆԻՆ ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵԾ ԴՐՈՒՅՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 7-ից մեկնարկում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Նկատենք, որ այս ընթացքում խաթարվել է նաեւ մարզպետարանների բնականոն աշխատանքը: Մարզպետերը հիմնականում զբաղված են Հանրապետական կուսակցության համար ձայն հավաքելու բուռն գործունեությամբ, որով կապահովեն Տարոն Մարգարյանի հաղթանակը:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` ի՞նչ է սա նշանակում: Հանրապետականի դիրքերը մայրաքաղաքում այնքան թույլ են, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու համար մարզպետերի՞ց են ձայներ պահանջում` աշխատեցնելով իրենց հնարավոր բոլոր լծակները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները նկատելով՝ կարելի է պատկերացում կազմել, որ Հանրապետականներն իրենց համար խնդիր են դրել Երեւան քաղաքում հաղթանակի հասնելու համար մեծ ջանքեր գործադրել եւ դա հատկապես այն դեպքում, որ մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եւ բնական է, որ նման քայլերի են գնում, քանի որ մրցակցությունը բավական մեծ է լինելու: Հանրապետական կուսակցությունն իր հնարավոր բոլոր օղակները կօգտագործի, այդ թվում՝ հնարավոր սցենարները` ապահովելու համար իր հաղթանակը: Ժողովուրդն իր վճիռը կայացրել է, եւ կարծում եմ, որ նա այս անգամ մերժելու է քաղաքային իշխանություններին: Բազմիցս ասել եմ՝ ավատատիրական հասարակության մասին խոսող Ազգային ժողովի պատգամավորները լավ կլիներ, որ իրենց կոնկրետ, բուն գործառույթով զբաղվեին, այլ ոչ թե գնահատական տային մի մարդու, որը մարդկանց օգնելով է ապրում ու միշտ ժողովրդի կողքին է, եւ դա մենք ցույց կտանք ընտրություններում:
ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս իշխանությունները երբեք ընտրված լինելու հաճույքը չեն վայելել ու չեն վայելելու: Միակ բանը, որ արել են՝ թալանել են երկիրն ու ժողովրդին: Վերարտադրվելու միակ ձեւն է՝ ամեն գնով թվեր նկարել: Հենց դա է իրենց գերխնդիրը: Խաղասեղանին չափազանց մեծ դրույք է՝ Հայաստանը:
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Մի՞թե ակնհայտ չէ, որ նախագահական ընտրությունների արդյունքը հստակ ցույց է տվել «անակնկալները»: Իհարկե, իշխանությունը պարզ տեսնում է, որ առանց լրացուցիչ օժանդակության իշխանության ոչ մի մակարդակ չի կարողանա պահել: Ոչ այնքան կարեւոր են ՏԻՄ-երն ինքնին, որքան ՏԻՄ-երում ՀՀԿ իշխանությունը, առանց որի, ինչպես պարզ երեւաց, ՀՀԿ-ն չի կարողանում պահել բարձր իշխանությունը: Իսկ Երեւանը նաեւ լակմուսի թուղթ է. պարտությունը Երեւանում հայելու նման կարտացոլի նախագահական ընտրությունների իրականությունը: Ոչ մի կերպ թույլ չեն տալու ՀՀԿ-ի պարտությունը Երեւանում, սա գործող իշխանության կյանքի ու մահու հարցն է:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
ազգագրագետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ 




Լրահոս