ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 15-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Իջեւան) սկսվել է Նոյեմբերյան քաղաքից սերված, Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Ա. Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասով (անչափահասի նկատմամբ բռնաբարությունը): Նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: Նախկինում Ա. Մաճկալյանը դատվել է ՀՀ քր. օր.-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում), եւ դատվածությունը մարված չէ: Ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա: 
Երեկ կայացավ դատական նիստ, մեղադրանքը պաշտպանում է Տավուշի դատախազի տեղակալ Սպարտակ Անտոնյանը, ամբաստանյալին` փաստաբան Անահիտ Ալոյանը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հարցրեց Ա. Մաճկալյանին` արդյոք առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչում է: Վերջինս իրեն մեղավոր չճանաչեց: Դատախազի կողքին նստել էր տուժած աղջիկը` փոքրամարմին, շփոթահար հայացքով: Նա, ըստ քրեական գործի տվյալների, մտավոր զարգացման խնդիրներ ունի: Նման խնդիրներ ունեցողի տպավորություն թողեց նաեւ նրա մայրը, որը, իմանալով, որ ամբաստանյալը պաշտպան ունի, զայրացավ եւ իրենց համար եւս պաշտպան պահանջեց: Դատավորը պարզաբանեց, որ տուժող կողմը կարող է ներկայացուցիչ ունենալ: Դատախազը, նկատի ունենալով, որ քրեական գործը վերաբերում է անչափահասին եւ  նրա  հետ կատարված սեռական գործողությանը, դատարանին միջնորդեց ապացույցների հետազոտությունը կատարել դռնփակ ռեժիմով: Ամբաստանյալը կողմ էր հրապարակային, դռնբաց դատավարությանը: Դատավորը պարզաբանեց, որ նման գործերով ապացույցների հետազոտումը դռնփակ անցկացնելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջն է: 
Դատարանի շենքի առաջ ամբաստանյալի պաշտպանը «Ժողովուրդ»-ի թղթակցին ասաց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` տվյալ ժամանակահատվածում անչափահաս աղջկա հետ սեռական գործողություն է կատարվել, սակայն աղջկա շորերին եւ մարմնին սերմնահեղուկ չի հայտնաբերվել, բռնության հետքեր չկան: Իսկ դատախազն ասաց, որ գործի շահերից չի բխում իր կողմից գնահատականներ տալը: Դատավորը որոշել էր սկզբից լսել տուժող աղջկա ավագ քրոջ ցուցմունքը: Պաշտպանն առարկեց` առաջարկելով նախ լսել տուժող աղջկա ցուցմունքը, քանի որ, ըստ նրա, աղջկա ավագ քույրն է այդ  քրգործի «սարքողը», եւ դատարանում նրա տված ցուցմունքը կարող է կրկնվել տուժածի  կողմից:  Դատաքննության  նման կարգի  կապակցությամբ պաշտպանը բացարկ  է հայտնել  դատավորին, բայց համոզված է` դատավորը մերժելու է այդ միջնորդությունը: 
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս