«Արփիլիճ» ՊՈԱԿ պարկի տնօրեն Արա Պետրոսյանի նկատմամբ այս տարվա սկզբին քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 314 հոդվածի հատկանիշներով (Պաշտոնական կեղծիք կատարելը): Արա Պապյանը կալանավորված չէ, շարունակում է իր գործունեությունը:
Եվ մինչ այս գործով նախաքննությունը շարունակվում է, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՊՈԱԿ-ի Պահպանության գծով նախկին փոխտնօրեն Մեսրոպ Կյուրեղյանի և տնօրեն Արա Պետրոսյանի միջև լարված հարաբերություններ են ստեղծվել, որոնք ավելի են սրացել սույն գործի շրջանակներում:
ArmLur.am-ը զրուցեց թե՛ նախկին տեղակալի, թե՛ տնօրենի հետ՝ հասկանալու համար` ինչ է իրականում կատարվել ՊՈԱԿ-ի ներսում:
Նախ նշենք, որ Մեսրոպ Կյուրեղյանն ամիսներ առաջ «Իրավունք» թերթի հետ զրույցում հայտնել է, որ Արա Պետրոսյանի նկատմամբ հարուցվել են մի շարք գործեր, որոնք նախկինում վարել են Աշոցքի, Ամասիայի տարածքային ոստիկանությունը, իսկ նեկրայումս այդ գործի քննությունը շարունակում է Շիրակի մարզի քննչական վարչությունը. «Արդեն 8 ամիս է, ինչ այս պաշտոնին եմ եւ կարող եմ ասել, որ Արփի լիճ ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանի աշխատանքային գործունեության մեջ պարունակում է 99,9 տոկոս հանցակազմ,- հավելել է Կյուրեղյանը՝ մատնանշելով մասնավորապես հետևյալ դրվագները,-Քրեական օրենսգրքում նշված հոդվածների մի մասը դեռ հարուցված չէ, բայց հնարավոր է` նոր հանգամանքների բերումով այդ հոդվածներին եւս անդրադառնան քննչական մարմինները: ՀՀ քր. օրենսգրքի 314 հոդված, այն է` պաշտոնական կեղծիք, որի մեջ մտնում է տնօրենի կողմից իրականացվող խախտումներ, այն է՝ փաստաթղթերի կեղծում, ապօրինի ծառահատումներ, աշխատանքային պայմանագրի կոպիտ խախտումներ և այլն: Հավանաբար կհիշեք, անցյալ տարի երկու տարեկան երեխան, որը մոտ 4 կգ քաշ ունի, իբր կրակել և վիավորել է 1.90 հասակ ունեցող մորեղբոր վրա, իսկ զենքը պատկանել է Արփի լիճ պարկի տնօրեն՝ Պետրոսյան Արային: Հարուցված է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու համար»:
Մ. Կյուրեղյանը վստահեցրել էր, թե տնօրենն իր աշխատավարձը կրճատել է բացակայությունների համար, ինչի իրավունքը չուներ՝ առանց իրեն տեղյակ պահելու. «Պետք է գոնե մեկ-երկու անգամ նախազգուշացում տար, նոր իմ աշխատավարձին կպներ»:
Ստեղծվածի շուրջ ArmLur.am-ը նախ զրուցեց ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պետրոսյանի հետ, ով վստահեցրեց, որ իր կողմից յուրացում, պաշտոնական կեղծիքի կատարում չի եղել. «Քննությունն ամեն ինչ կպարզի»: Ապա հավելեց, թե Պահպանության գծով նախկին տեղակալը խաբեբա մարդ է, ով բոլորի, այդ թվում՝ իր հետ խնդիրներ ունի. «Պահպանության գծով նախկին փոխտնօրենը խոսել էր հողերի վարձակալության մասին: Բայց եթե պետական սեփականություն հանդիսացող հողերը օրենսգրքով հանձնվում են «Արփիլիճ» ազգային ՊՈԱԿ-ին անժամկետ օգտագործման, և գումարները գանձվել են, իսկ անդորագրերը գրվել, էլ ինչի՞ մասին է խոսքը: Կամ ասել է, թե գյուղապետերը բողոքել են: Ո՞ր գյուղապետն է բողոքել, ինչո՞ւ չի ասում: Ես նրանց թանկ հող չեմ տվել, ամեն ինչը հիմնավորված է: Գյուղապետի ենթակայության տակ է եղել հողը: Հետո եթե հողի կատեգորիա է փոխվում, դրա հետ միասին փոխվում է նաև հողի սակագինը: Մի շարք աշխատակիցներ, գյուղացիներ են հարցաքննվել: Քննությունն ամեն ինչ ցույց կտա»:
ArmLur.am-ի հարցին՝ ո՞րն է Կյուրեղյանի՝ աշխատանքից ազատման պատճառը, տնօրենը պատասխանեց, թե աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելը. «Բոլորին կարող եք հարցնել՝ ո՞ւմ է նա տեսել վերջին անգամ, հարցրեք նաև գյուղապետերին: Կամ ինքը տեսուչների գոնե 50 տոկոսին ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ: Նա իր աշխատելու ընթացքում մի անգամ նոր ընդունված պահակին չի տեսել: Նա մի անգամ եկել է ինձ մոտ, պահակը զարմացել է, թե պահպանության գծով փոխտնօրեն է ներկայանում ինչ-որ մեկը, թողնե՞մ ներս, թե՞ ոչ: Նա ընդհանրապես գործի չի եկել, ամենաքիչը 20 հոգի կարող է դա ապացուցել: Որտե՞ղ էր նա, երբ բնապահպանության նախարարության հետ վիճելի հարցեր կային՝ տարածքների հետ կապված: Մինչև վարչապետ էլ այդ հարցը հասավ: Միջգերատեսչական հանձանաժողով էր ձևավորվել, 4 օր այդ մարդիկ այստեղ են եղել, մի հոգի գոնե նրան տեսնող եղե՞լ է: Մարտի 8-ի կապակցությամբ ես՝ որպես տնօրեն, թեթևակի միջոցառում էի կազմակերպել մեր կին աշխատողների համար: Նա կրկին չկար: Որտե՞ղ էր նա Ամանորի միջոցառմանը: Սա գիտե՞ք ինչ պատմություն ստացվեց. «Մի խելառ քարը գցեց փոսը, տասը խելոք չկարողացան հանել»:
Ինչ է վերաբերում է բնապահպանության նախարարության արձագանքին, մեր զրուցակիցը հայտնեց, որ ներքին քննություն է ընթանում. «Նա ինչ-որ գնումների մասին էր գրել` առանց հասկանալու, որ կա դոնոր կազմակերպություն, որի հետ յուրաքանչյուր քայլ քննարկվում և համաձայնեցվում է: Նա մի քանի անգամ եղել է նախարարությունում, բայց որևէ բացատրություն չի կարողացել տալ իր բացակայությունների վերաբերյալ: Նա, ըստ օրենսդրության, պարտավոր էր եռամսյակային, շաբաթական, տարեկան ծրագրեր կազմել, ներկայացնել: Լավ, ենթադրենք` նա ճիշտ է, բայց ոստիկանության, ապա ռազմական ոստիկանության նախկին գնդապետ լինելով՝ նա պետք է որ օրենքները շատ ավելի լավ հասկանար: Նա իր հարցազրույցում անգամ ինձ հետ տեղի ունեցած անձնական դեպքն է հիշատակել: Ես ինձ համարում եմ բարոյական մարդ: Եթե ես ամսի 9-ին նախարարության աշխատակազմի ղեկավարին գրավոր դիմում եմ գրում ու ասում՝ թույլ տվեք՝ ես բացակայեմ երկու օր: Ես Երևանում եմ եղել՝ հիվանդանոցում, նա էլ եկել էր նախարարի մոտ, թող այդ ժամանակ ասեր՝ էս մարդը այսպիսի բաներ է անում: Նա ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր տեղեկատվություն չի տվել: Նրան աշխատակազմի ղեկավարը հարցրել է՝ տնօրենդ գիտի՞, որ դու Երևանում ես, նա ասել է՝ այո: Հետո ինձ է հարցրել աշխատակազմի ղեկավարը, իսկ ես տեղեկություն չունեի»,- շարունակեց ներկայացնել ՊՈԱԿ-ի տնօրենը:
Հարցին՝ ճի՞շտ են արդյոք շրջանառվող լուրերն այն մասին, որ իրեն աշխատանքի տեղավորվելու հարցում օժանդակել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց. «Մարտուն Գրիգորյանն իմ համաքաղաքացին է: Շիրակի մարզն ունի 4 պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Աշոտ Աղաբաբյանը, Հովհաննես Մարգարյանը, որոնց հետ ես ունեմ նորմալ հարաբերություններ: Աշխատանքի տեղավորելու հարց չկա. եղել է մրցույթ, որի աուդիո և վիդեո տարբերակաները պահպանված կլինեն, կարող եք նայել, համոզվել»:
Տնօրենից փորձեցինք հասկանալ՝ այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ նախկին տեղակալը նման հայտարարություններ է անում, իսկ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվում, նա մեկնաբանեց. «Նա իմ հանձնարարությունը չէր կատարում, և ես էի ստիպված լինում նրա փոխարեն անել գործը, քանի որ գործն է պահանջում: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ նա խաբեբայի մեկն է: Ամբողջ ազգաբնակչությունը կասի՝ ուրիշի տնից խմիչք գողանալով, խոտ գողանալով… Նա անգամ լուրջ խնդիրներ ունի գյուղնախարարությունում: Եվրոպայից ներկրած կովերը բերեց, մի որոշ ժամանակ Աշոցքում պահեց, հետո մորթեց, ծախեց: Ես ինձ իրավունք չէի տա խառնվել նրա անձնական կյանքին, բայց նա իրեն թույլ է տվել հարցազրույցում ասել, թե ես եմ խփել կնոջս եղբորը: Այդ եպքում ինչպե՞ս եղավ, որ 60 տարեկան թոշակառու մարդուն՝ գնդապետ անցյալով, ընտանիքը թողնում-գնում է Ռուսաստան, ու նա ինչ-որ եզդու հետ է ապրում: Նա տարիներ առաջ գնդապետ է եղել, զինվորին ծեծելու համար հեռացվել է: Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ պատիժս կրելու, քննությունն ամեն ինչ ցույց կտա: Ես եկել եմ ու մինուսից սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը: Եթե ես կալանավորված չեմ, ուրեմն՝ որևէ ծանր հանցանք չունեմ կատարած»,- եզրափակեց «Արփիլիճ» ազգային ՊՈԱԿ-ի տնօրենը:
Իսկ ահա պահպանության գծով նախկին տեղակալ Մեսրոպ Կյուրեղյանը ներկայացրեց միանգամայն այլ պատկեր. «Ոչ մի գող չի ասում, որ ինքը գող է: Ես տնօրենի տեղակալ եմ, ղեկավարությանն ասել եմ՝ ինչեր է անում այս մարդը, բայց որևէ մեկը չի եկել ստուգում անի՝ հասկանա: Ու այսքանից հետո նա շարունակում է իր գողությունը: Ծեծելու մասին է ասում. այո՛, ցանկացածին, ով դուրս կգա դեմս, ես կխփեմ: Ես 22 հազար հետար տարածք ունեմ, իմ գործը գրասենյակային չէ: Եկան ստուգումներ անելու, հեռախոս չկա՞ր, զանգեին ասեին՝ պարո՛ն, ներկայացի՛ր: Կամ ինքն ինձնից նեղանում է, որ ես իր Նոր տարին շնորհավորում եմ հունվարի 11-ին: Մարտի 8-ին միջոցառում էին անում, խնդրեմ՝ թող զանգեին, ասեին, ես էլ ներկայանայի: Էդ մարդու վրա քրեական գործեր են հարոըցված, պեչատն էլ ձեռքին է: Լիազորությունները թող կասեցնեին, մինչև պարզաբանեին՝ ինչ է կատարվում»:
Ինչևէ, փաստն այն է, որ ՊՈԱԿ-ի ներսում ինչ-որ անառողջ մթնոլորտ է ստեղծվել դեռևս ամիսներ առաջ, որը, կարծես, պահպանվում է: Համենայնդեպս, տնօրենի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, իսկ նրա նախկին տեղակալի խոսքով՝ կան փաստեր: ArmLur.am-ը հետևողական կլինի՝ հասկանալու համար՝ ինչ է իրականում տեղի ունեցել, ինչ է այս ամենի մասին մտածում բնապահպանության նախարարությանը, և ինչ ընթացքում է հարուցված քրեական գործի քննությունը:
Տաթև Հարությունյան