ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՅՈՒՋԵՆ ՏՆՏԵՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում արդեն մի քանի ամիս է, ինչ շաքարային դիաբետով հազարավոր հիվանդներ իրենց անհրաժեշտ եւ, օրենսդրության համաձայն, պետության միջոցներով գնվող դեղորայքը չեն կարողանում ձեռք բերել: Խնդիրներ կամ դժգոհություններ կան նաեւ նրանց անվճար առաջարկվող դեղերի արդյունավետության մասով: 
Ըստ Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Կարինե Դոլաբեկյանի՝ անցյալ ամիս ինսուլինի անբավարարության առումով խնդիրներ են ունեցել: 
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի կազմում գտնվող պոլիկլինիկայի ղեկավար Անահիտ Բեգլարյանի տեղեկացմամբ՝ ինսուլինով այժմ ապահովված են, իսկ հունվարին չեն ունեցել: Փետրվարին եղել է, թե ոչ, Բեգլարյանը տարօրինակ կերպով չհիշեց:
Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Գայանե Մարտիրոսյանից նույնպես «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ինսուլինի խնդրի մասին: «Սովորաբար 1 ամսվա պաշար է լինում, այս տարվա սկզբում որոշ ընդհատումներ եղել են, խնդիր կար,-ասաց Գ. Մարտիրոսյանը,-հունվարի 25-ին բաշխում ենք կատարել, բայց շատ քիչ քանակություն է եղել, հիվանդներին, երեւի, 1 շաբաթվա դեղ կլիներ դա: Հաջորդը եղել է բելառուսական արտադրության միջին ազդեցության ինսուլին, ստացել ենք լուրջ քանակություն ու փետրվարի 1-ին բաշխել, դա մեկ ամսվա պահանջարկը պետք է բավարարեր: Հաջորդ բաշխումն ուշացավ, կատարվեց մարտի 22-ին»:
«Հունվարին մենք հաբեր չենք ունեցել, նախորդ տարվա վերջից ստացված կար երեւի, բայց դե, միեւնույն է, քիչ էր,-հավելեց Գ. Մարտիրոսյանը,-գլիկլազիդ հակադիաբետիկ հաբեր ստացել ենք փետրվարի 12-ին, դա դիազոն MR-ն է, նույն դիաբետոնն է, փոխարինող կարող է լինել: «Գնումների մասին» օրենքը թույլ չի տալիս, որ դեղը պատվիրելիս գրես որեւէ ֆիրմային անվանում, պետք է նշես պահանջվող ապրանքի քիմիական անունը: Հիվանդներն ասում են, որ եթե դեղի վրա դիաբետոն գրված չէ, դա իրենց չի օգնի: Հետագայում ստացել ենք մեդֆորմին հակադիաբետիկ հաբեր (500 եւ 1000 միլիգրամանոց), որոնց մեջ կա գլիկլազիդ (դիաբետոնի եւ դիազոն MR-ի քիմիական անվանումն է) եւ գլիկլազիդ: Դրանք բաշխվել են մարտի 6-ին, գլիկլազիդը բավարարել է մարզի պահանջարկի մոտ 30%-ը: Ինձ հետ նախարարությունից խոսեցին, այսօր-վաղը դարձյալ ստանալու ենք ու կատարելու բաշխում, բայց թե որքան ենք ստանալու, դեռ չգիտեմ: Փետրվարին ուշացրեցին, ժողովրդի դժգոհությունն այդ ժամանակվանից սկսվեց»:
Ըստ վարչության պետի, եթե մատակարարումը կանոնավոր լինի, նշված դեղահաբերով մարզի հիվանդների պահանջարկը կկարողանան բավարարել 100%-ով: Տիկին Մարտիրոսյանը չժխտեց նաեւ, որ մեդֆորմինի պահանջարկը մեծ չէ. «Հիվանդներն այդ դեղը ոնց որ թե այնքան էլ չեն սիրում»:
«Ինսուլինով մարզն ապահովված է 100 տոկոսով, դիաբետոնով` հազիվ 20-30 տոկոսով,-մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը,-վերջերս ստացած միջին ազդեցության ինսուլինը ռուսական արտադրության է»:
Պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք միջին ազդեցության այդ ինսուլինը, համեմատած ամերիկյան արտադրության ինսուլինի հետ, արդյունավետ է, դրանից հիվանդները գոհ են, վարչության պետը, ճշտելով համապատասխան բաժնի պետի հետ, սկզբում ասաց, որ «շատ դժգոհ են», իսկ հետո, մեկ անգամ եւս ճշտելուց հետո, որ «Ժողովուրդ» օրաթերթից են զանգահարում, հավելեց, որ կան նաեւ հիվանդներ, որոնք շարունակում են ստանալ եւ օգտագործել՝ առանց դժգոհություն արտահայտելու:
Իսկ շաքարային դիաբետով հիվանդներին դիաբետոնի փոխարեն տրամադրվող դեղերն արդյոք ունեն նույն արդյունավետությունը, ինչ դիաբետոնը: «Այստեղ սովորույթի հարց է: Բացի օրգանիզմի վարժվելուց, մարդու սովորույթի խնդիր է: Դրանք քիմիական պրեպարատներ են, կարող են անվանումները տարբեր լինել, սակայն դրանց քիմիական բաղադրությունները սովորաբար նույնն են լինում: Նրանք, ովքեր սովորել են դիաբետոնի, շարունակում են պահանջել այդ դեղը»,-ասաց վարչության պետը:  
Լավ, իսկ ի՞նչ անեն այն հիվանդները, ում բժիշկը դիաբետոն է նշանակել, եւ, ասենք, 1 տարի օգտագործել են այն, նրանց օրգանիզմը սովորել է դրան, սակայն հիմա բուժհաստատությունները դրա փոխարեն այլ դեղ են առաջարկում:
«Առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարում, հիմա ամենաէժան դեղորայքը դնում են, եւ ով դնում է ամենաէժանը, նա էլ շահում է: Էլ այստեղ վարչությունը, տնօրենը, Դուք, ես ի՞նչ խնդիր պետք է ունենանք: Մրցույթ է, մրցույթի ժամանակ, ասենք, ես 400 դրամով դնում եմ բավական լավ դեղորայքի առաջարկ, Դուք դնում եք 100-դրամանոց դեղորայքի առաջարկ: Դուք շահում եք, ես մնում եմ կողքին: Դե, վարչությա՛ն պետ, գնա՛, գլուխդ խփի՛ր պատին, տնօրե՛ն, գնա՛, չգիտեմ որ մարմնամասդ ինչին խփի՛ր,-բացատրեց պարոն Հովհաննիսյանը, ապա հավելեց,-դիաբետոնը առողջապահության նախարարությունն է ձեռք բերում եւ ուղարկում մեզ, այստեղ մենք երբեք ձեռք չենք բերում ո՛չ ինսուլին, ո՛չ էլ դիաբետոն, ուրեմն այդ հարցը մեզ մի՛ ուղղեք, կարող եք զանգել նախարարություն, նրանց ուղղել այդ հարցը»:
Ընդգծենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մրցույթը հայտարարում, կազմակերպում, անցկացնում է ՀՀ օրենսդրության, մասնավորապես` «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն: Եվ ստացվում է այնպես, որ թեկուզ հիվանդների առողջության հաշվին, խնայվում են պետության փողերը, այն փողերը, որոնց` պետական տարբեր չինովնիկների կողմից յուրացման, մսխման, փոշիացման մասին հաճախ ենք լսում անձամբ Սերժ Սարգսյանի շուրթերից:
Ըստ վարչության պետի՝ «հիվանդները դիաբետոն դեղը շատ են սիրում, նախընտրում են դա ստանալ»: Նշված դեղի մեծ պահանջարկի մասին իրազեկ պաշտոնյայի վկայությունն արդեն ամեն ինչ ասում է, քանի որ մեկ, տասը, հարյուր հիվանդը կարող է սխալվել, շփոթվել, բայց բոլոր հիվանդները կամ նրանց մեծամասնությունը չի կարող սխալվել: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ «նրանք, ովքեր դիաբետոն չեն ստանում, արդեն ստիպված իրենց դեղատունը, դեղն են գտել, գնացել, այսինքն` անհրաժեշտ դեղը գնում են դեղատնից»: Հասկացա՞ք` պետությունը հիվանդին ուղարկում է դեղատուն: Հետո էլ ասում են` կոռուպցիայի տե՛ղ ասեք:
Պաշտոնատար անձանց զրույցներից մեկ եզրակացության կարելի է գալ. գործադիրն ու օրենսդիրը, ձեռք ձեռքի տված, բյուջեի միջոցները տնտեսելու եւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի խայտառակ դեմքն ավելի մեծ այլանդակությունից փրկելու «փայլուն» միջոց են գտել, «փայլուն», բայց անբարո… ինչպե՞ս կարելի է շաքարախտով հիվանդների հաշվին գումար տնտեսել եւ գնել էժան ու շատ հիվանդների կողմից պահանջարկ չունեցող դեղեր: 
շարունակելի
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս