ԹԱՏՐՈՆԸ ՆՐԱՆՑ ՏՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտն այս օրը հռչակեց որպես թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա այն սկսել է տարածվել ամբողջ աշխարհում:
Տոնի առթիվ «Ժողովուրդ»-ը զրուցեց թատերական գործիչների հետ:
Բեմադրիչ, դերասան ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ
-Թատրոնն ինձ համար ամեն ինչ է` տուն, աշխատանք, ընտանիք… Ես չեմ ասում` փոխարինում է, բայց ես թատրոնից դուրս կյանք չեմ պատկերացնում: Ու նաեւ շեշտում եմ` թատրոն, որին այսօր շատերը, ցավոք, դավաճանում են: 
Մարդ, ով թատրոնի համն ու հոտը գիտի, ոչ մի բանով այն չի փոխի: Չնայած շատերը փոխեցին, բայց ոչինչ, պետք է կարողանանք դիմանալ: Պարզ է` մարդիկ ստիպված գնում են դրամական հարցեր լուծելու: Չվախենամ այդ խոսքն ասել` թատրոնը թմրանյութ է, ու դա նաեւ երեխաների վրա է երեւում: Երբ դերասաններն իրենց երեխաներին բերում են փորձերի, նրանք վարակվում են այդ մթնոլորտով: Նույնիսկ երբ երեխան խաղում է բակում եւ իմանում, որ իր մայրը գնում է թատրոն, թողնում է բակի խաղն ու գնում մոր հետ:
Առաջին ծանոթությունս թատրոնի հետ հստակ հիշել չեմ կարող, ես ծնված օրից մեջն եմ: Թատրոնում կյանքի միօրինակություն չկա: Չեմ ուզում վատ արտահայտվել ոչ մի մասնագիտության մասին, բայց ոչ մի տեղ էլ իմպրովիզներ չկան, ինչպես թատրոնում: Դե, ասենք, բիզնեսմենը կամ քաղաքական գործիչը մի քիչ թատրոն են խաղում, բայց ես այսօր սեւամորթ եմ, իսկ վաղն այլ կերպար եմ մարմնավորում: 
Թատրոնը կենդանի օրգանիզմ է, էմոցիաների կծիկ: Բայց պետք է կարողանաս քեզ այնպես  դրսեւորել, որ հանդիսատեսն ընդունի, որովհետեւ թատրոնը կարող է լինել շատ դաժան, քեզ մենակ թողնել: 
Ցանկությունս հետեւյալն է` անտեր մի՛ թողեք թատրոնը, մի՛ դավաճանեք: Թատրոնն առանց դերասանի չի կարող գոյություն ունենալ: Իսկ այսօր թատրոնն իսկապես վտանգված է: 
Բեմադրիչ ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ
-Թատրոնն ինձ համար մասնագիտություն է: Ժամանակ առ ժամանակ նվիրումով եմ գործս անում, մեկ-մեկ էլ… Բայց ստեղծագործական պրոցեսը` հաճույքով: Թատրոնի ինտրիգները չեմ սիրում: 
Ծանոթությունս թատրոնի հետ փոքր տարիքում էր, նույնիսկ հիշում եմ, որ ինչ-որ փոքրիկ վարագույր էր բացվում, հավանաբար տան վարագույր էր: Իմ թատերական ամբողջ գործունեության ընթացքում ստեղծել եմ մոտ 200 բեմադրություն: 
Այսօրվա երիտասարդությունը չի իմանում` թատրոնն ինչ է, այդ բոլոր շոուներն իրենց համար թատրոն են, բայց նրանք չեն հասկանում, որ դրանք ընդամենը շոու են: Կան նաեւ կիրթ ու թատրոնից բան հասկացող մարդիկ, բայց նրանք այսօր, ցավոք սրտի, քիչ են: 
Թատերական աշխարհի իմ գործընկերներին, բեմադրիչներին ցանկանում եմ բարձր աշխատավարձ, որովհետեւ այսօր դրանով են մարդկությունը չափում: Ու երբ իմանում են, թե ինչքան գումար ես ստանում, մասնագիտությունը միանգամից որակազրկվում է: Ցանկանում եմ նաեւ բեղուն ստեղծագործական ընթացք: Կան երիտասարդներ, որոնք, անկախ նրանից` կա փող, չկա փող, ստեղծագործում են եւ բավական հետաքրքիր գործեր են անում: Բայց կան նաեւ մարդիկ, որ արվեստը դարձրել են զուտ փող աշխատելու միջոց: Ես այսօր կիրթ հանդիսատեսի պակաս ունեմ:
Բեմադրիչ ԼՈՒՍԻՆԵ ԵՐՆՋԱԿՅԱՆ
-Անգիտակից տարիքից ծանոթ եմ թատրոնին, մեծացել եմ կուլիսներում, դրա համար էլ թատրոնն իմ արյան մեջ է, սիրել եմ առաջին օրվանից մինչ այսօր: Նույնիսկ հիշում եմ, որ մեր թատրոնի մանկական ներկայացումներն ուշադիր նայում, հետո էլ գալիս էի ու բակում ստիպում երեխաներին խաղալ դրանք: Իսկ երբ արդեն մեծացա ու սկսեցի գիտակցել, իմ ամբողջ օրը տարված էր ներկայացումներով, նոր բեմադրություններով: 
Թատրոնն իմ առաջին տունն է: Ես ավելի մեծ դժվարությամբ եմ թատրոնից տուն գնում, քան տնից` թատրոն: Թատրոնն իմ կյանքի կարեւոր բաղկացուցիչ մասերից է: Ընտանիքը, թատրոնը, ընկերներն այն բաղկացուցիչներն են, որ կազմում են իմ երջանկությունը: Վստահ եմ, որ առանց թատրոնի կլինեմ աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկը. այն ինձ համար օդի ու ջրի պես մի բան է:
Որպես թատրոնի մարդ` ես հնարավորություն ունեմ աշխատել ու ստեղծագործել առանց սահմանափակումների, այդ առումով ազատ եմ, ինչն ինձ համար մեծ երջանկություն է: Եթե խոսենք թատրոնի խնդիրներից, դրանք շատ են, բայց տոն օրով չեմ խոսի դրանց մասին: 
Շնորհավորում եմ գործընկերներիս: Թատրոնն ամեն օր տոն է պարգեւում հանդիսատեսին, բայց այսօր այն օրն է, երբ տոն է նաեւ մեզ համար: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս