Ընդիմությունն պնդում է` թանկացում կլինի, իշխանությունը փորձում է հակառակն ապացուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 29-ին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ 86 կողմ, 25 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նշենք, որ գարնանը սկսած նախագծի քննարկումները սկանդալային ընթացք ունեցան, ու դա էր պատճառը, որ ՀՀ կառավարության ներկայացրած նախագծի ընթերցումը հետաձգվեց: Սակայն, ինչպես միշտ է արվում նման դեպքերում, ԱԺ վերջին քառօրյայում այն հապշտապ դրվեց քվեարկության:

Հիշեցնենք, որ այս օրինագծով առաջարկվում է վերանայել ծխախոտի արտադրանքի եւ օղու ակցիզային հարկի դրույքաչափերը, որի անհրաժեշտությունը, ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի, պայմանավորված է ԵՏՄ անդամակցության շրջանակում նշյալ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման քաղաքականության իրագործմամբ: Նախագծով առաջարկվում է նաեւ որոշակիորեն ինդեքսավորել վառելիքի համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերը եւ ավտոտրանսպորտային միջոցների վառելիքի բոլոր տեսակները ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում:

Գարնանը՝ նախագծի քննարկման ժամանակ, ընդդիմադիր պատգամավորները հայտարարում էին, որ նշված օրինագծի ընդունումը խիստ բացասաբար է անդրադառնալու տեղական արտադրության վրա եւ բերելու է տրանսպորտի թանկացման, սոցիալական ցնցումների, արտադրական գործընթացներում անհավասար մրցակցության: Իսկ Վ. Միրումյանն էլ ընդդիմադիրներին համոզում էր, թե նախաձեռնությունը ոչ թե վնասում է տեղական արտադրությանը եւ թուլացնում մրցակցությունը, այլ հակառակը՝ առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում տեղական արտադրության համար:

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ զգուշացնում էր, որ օրինագծի կյանքի կոչման դեպքում տեղական արտադրության որոշակի ճյուղեր փակվելու վտանգի տակ են հայտնվելու. «Այս դեպքում օղու արտադրությունը փակվելու է: Անխուսափելի է լինելու թանկացումը, անխուսափելի է լինելու տեղական արտադրողի անպաշտպան վիճակը եւս մեկ անգամ խորացնելը»,- նշել էր նա: Իսկ, ահա, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել էր, որ նախագիծը իրատեսական է ու անհրաժեշտ ՀՀ տնտեսության համար.«Մի սկզբունք կա, որը 70 տարուց ավելի կիրառվում է ծխախոտի արտադրությունում. հարկի թանկացումը վճարում է սպառողը: Հայաստանը պատկանում է այն երկրներին, որտեղ օրինական սիգարետն ամենաէժանն է: Հայաստանի բնակչությանը հասցվում է էժան գնով առողջությանը վնաս պատճառող արտադրանք: Ես ողջունում եմ ակցիզի բարձրացման կառավարության առաջարկը: Դա պետք է ավելի շուտ լիներ»,- ասել էր պատգամավորը:

Ի դեպ, նշենք, որ օրենքը շրջանառության մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու իշխանությունները որոշեցին այս կարեւոր եւ սկանդալային օրինագիծը նման արագ ձեւով ընդունել:

Ակցիզային հարկը մեղքի հարկ է, երկրները դնում են այդ հարկը նրա համար, որպեսզի հարկատուները վճարեն հարկերը: Այստեղ ափալ-թափալ որեւէ բան չի եղել, եղել է առաջին ընթերցում, որի ժամանակ շատ կոնկրետ քննարկվել է, իսկ սա արդեն երկրորդ ընթերցումն է, այնպես որ այս ժամանակահատվածում լուրջ քննարկումներ են տեղի ունեցել այս հարցի հետ կապված:

-Բայց վերջին փոփոխություններից հետո ակնհայտ է դառնում, որ վառելիքի, ծխախոտի ու խմիչքի շուկայում թանկացումներ են լինելու: Ինչո՞ւ որոշվեց նման արագությամբ ընդունել այդ նախագիծը, երբ առաջին քննարկման ժամանակ ակնհայտ դարձավ, որ այն առաջացնելու է հանրության դժգոհությունը:

-Բարձրացվել է ակցիզային հարկը, իսկ եթե լինի մրցակցություն, թանկացումներ չեն լինելու, ինչո՞ւ պետք է լինեն թանկացումներ, եթե լինի առողջ մրցակցություն: Տեսնում եք, թե այս հարցում քանի եթե-ներ կան: Գուցե մրցակցությունն ավելանա՞: Եթե ընդդիմության ասածն եք ասում, ապա ընդդիմությունը միշտ էլ նման հայտարարություններ անում է: Եթե Դուք ուզում եք, որ ես համաձայնեմ ու ասեմ, որ օրենքը շատ վատն է, ապա նման բան չի լինելու, եթե ուզում եք ասեմ, թե որն է իրականությունը, ասեմ: «Ակցիզային հարկ»-ի մասին օրենքն ասում է, որ գազի վաճառքի վրա ակցիզային հարկ է դրվում որպես խոշոր շահութաբերություն ապահովվող մի քանի ոլորտներից, իսկ երկրորդն էլ դրված է ծխախոտի եւ օղու վրա, բայց այնտեղ դրված են նաեւ սահմանափակումներ: Եթե նայում ենք, ապա ավելի շատ դրված է ներկրողների վրա, իսկ դա էլ մրցակցության որակի առումով կարող է ազդեցություն ունենալ, կարող է եւ չունենալ: Այս դեպքում պետք է նայել շուկային:

-ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ օրենքի կիրառման դեպքում հասկանալի կդառնա, թե ինչպիսի ֆինանսական կորուստներ է ունենալու հասարակությունը, քանի որ թանկացումներն այս պարագայում անխուսափելի են:

-Ամեն մեկը կարող է իր տեսակետն ասել, հայտարարել այն, ինչ ցանկանում է, բայց ես արդեն նշեցի, որ շուկայում գուցե մրցակցությունն է ուժեղանում, ինչի պատճառով էլ այդ հայտարարություններն իրական չեն դառնում: Հիմա խոսել եթե-ներով, ասել բաներ, որոնք վերաբերում են ապագային, իրական չի լինելու: Ժամանակը կգա, ամեն ինչն էլ պարզ կդառնա, շուկայում կորոշվի ամեն ինչ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս