Էմմա Ասատրյանը` ամուսնու անակնկալի և ստեղծագործական դադարի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանը, ով բոլորովին վերջերս կյանքի շրջադարձային փուլում ամուսնացավ երաժիշտ, դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի հետ, նայեմբերի 3-ին տոնել է իր ծննդյան 29-րդ տարեդարձը: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ այդ օրը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, իսկ ամենամեծ անակնկալը եղել է ամուսնու կողմից. «Ես շատ անսպասելի իմացա, որ նոյեմբերի 3-ի գիշերը մեկնելու եմ Բրազիլիա: Ամուսինս այնտեղ համերգներ ունի, այնպես է արել, որ ես էլ իր հետ գնամ: Անկեղծ ասած` Բրազիլիան փոքր ժամանակվանից ձգել է ինձ, կարելի է ասել` երազել եմ այնտեղ հայտնվել»:

2

Մեր այն հարցին, թե ինչ է փոխել ամուսնությունը Էմմայի կյանքում, արդյոք այն ազդել է երգչուհու իր կարիերայի վրա, վերջինս պատասխանեց. «Գուցե կան մարդիկ, որ դրանից հետո ավելի զգուշավոր են դառնում, բայց ես այդ ցուցակի մեջ չեմ մտնում: Իմ կյանքում ամեն բան իր հունով է ընթանում, ոչ մի գլոբալ բան չի փոխվել այդ առումով: Բացի այդ` ես ավելի շատ դասավանդում եմ, քան երգում»:

Ի դեպ, Էմման երգում է Հայաստանի պետական ջազ նվագախմբում, հանդես է գալիս կենդանի համերգներով: Երգչուհին չբացառեց, որ հնարավոր է` ինքը մի օր ամուսնու հետ հանդես գա ելույթով:

1

 

Ի տարբերություն շատ ջազ երգչուհիների, ովքեր ակումբային ելույթներով են հանդես գալիս, Էմման նախընտրում է այդ ժամանակն օգտագործել դասավանդելու համար: Ի դեպ նրա սաներից Դալիթան վերջերս «Verdinote 2015» իտալական հայտնի մրցույթում ներկայացրել է Հայաստանն ու արժանացել է «Ոսկե նոտա» գլխավոր մրցանակին:
Էմման տեղեկացրեց, որ ինքը դեռեւս երկու տարի առաջ նոր երգ է գրել, այն կոչվում է «Ապոկալիպսիս».

«Երգի միջոցով փոխանցել եմ տարիներ առաջ զգացածս: Կարծում եմ`բոլորն էլ ունենում են նման զգացողություններ, պարզապես մեկը խոսում է, մյուսը` ոչ, արտահայտման համար ընտրված լեզուներն էլ տարբեր են: Երգը գործիքավորում է Մարտին Միրզոյանը, հուսով եմ այն շուտով կներկայացվի հանդիսատեսին»,-ասաց Էմման:

Նա երկրպագուներին խնդրեց ըմբռնումով մոտենալ ստեղծագործական իր դադարին եւ խոստացավ շուտով վերադառնալ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս