1961 թվականի նոյեմբերի 6-ին է մահացել կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, երկրորդ աստիճանի ստալինյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը:
Նա ծնվել է 1895թ. Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Հայրը՝ Ներսեսը, փոքր ընտանիքի տեր արհեստավոր մարդ, կարողանում է միակ որդուն ուսման տալ։ Հրաչյան սովորում է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտում դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունը ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։
Արվեստասեր Գրիգոր պապի (մորաքրոջ ամուսնու) տանը լինում էին գրողներ ու արվեստի մարդիկ։ Շատ հաճախ՝ Դանիել Վարուժանը։ Պատանի Հրաչյան նրանց զրույցների մշտական ունկնդիրն էր։ Նրան վիճակվում է լսել Կոմիտասին իրենց իսկ տանը, ուր ապրել էր մեծ երաժիշտը, ծանոթանալ նրա հետ։
Քսանամյա Հրաչյան թատրոնից նույնքան հեռու էր, որքան դրանից առաջ, թեև Կոստանդնուպոլսի Պտիշան թատրոնում մի քանի անգամ, ընկերոջ հրավերով, մասնակցում է Պենկլյան օպերետային խմբի թուրքերեն ներկայացումներին։
1915-ին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ իբրև թարգմանիչ, նույն թվականի ապրիլին էլ սկսվում է Հայոց ցեղասպանությունը։ Երեք տարի իբրև տաճկական զինվոր, պաշտոնով թարգմանիչ, Մերձավոր արևելքի և Միջագետքի երկրներում թափառող երիտասարդն իր մեջ կրում էր այդ խորին վիշտը։
Արհավիրքների քաոսը զգայուն երիտասարդի շփոթ ներաշխարհում խախտում է ամեն ինչ, հերքում քաղաքակրթության և մարդկային բարոյականության ամեն մի պատկերացում։ Հրաչյան ապշահար 1918-ին կրկին հայտնվում է Կոստանդնուպոլսում։ Ամեն ինչ, որ անում է երիտասարդն իր համար այնքան անհեռանկար միջավայրում, անում է ակամա, առանց որևէ նպատակի։
Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։ Նույն թվականին Մկրտիչ Ջանանըկազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծամասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, 1919 թ.-ին, «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին, ով Կոստանդնուպոլիս էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։
Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, Հրաչյան՝ ուսուցչին ու խորհրդատուին։ Հետո էլ նա խաղում է տարբեր ներկայացումներում, որ բեմադրվում են Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ։ 1922-ինՎահրամ Փափազյանը Հրաչյային, Մկրտիչ Ջանանին և մի քանի այլ դերասանների ուղարկում է Կովկաս։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայեցին Բաթումում և ուրիշ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնեցին Երևան և միացան Առաջին պետթատրոնի կազմին։ Հրաչյա Ներսիսյանը նրանց միացավ մեկ տարի անց։
1923-ից նա ընդմիշտ դառնում է Երևան քաղաքի բնակիչը, հայկական առաջին թատրոնի դերասանը։