ՀԱՐՑ. Թոռնիկս սովորում է ԵՊՀ-ի առաջին կուրսում: Նրան տվել են գրքույկ, որի 10.5 կետում նշված է, որ եթե ուսանողներն ունեն 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողներ, ապա նրանց վարձը զեղչվում է 30%-ով: Նշեմ, որ տղաս 2-րդ կարգի հաշմանդամ է, իսկ հարսս աշխատում է դպրոցում եւ ստանում ընդամենը 45.000 դրամ: ԵՊՀ-ից մեզ ասել են, որ պետք է երկու ծնողներն էլ հաշմանդամության կարգ ունենան, որ կարողանան վարձը զեղչել: Բայց մենք տեղյակ ենք, որ դա պարտադիր չէ, եթե ծնողներից մեկն էլ ունենա հաշմանդամության կարգ, կկարողանան 30%-ով զեղչել: Նշեմ, որ մեծ թոռնիկս էլ սովորում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 3-րդ կուրսում, եւ այնտեղ նույն պայմաններով զեղչել են նրա վարձը 30%-ով:
Լարիսա Խաչատրյան
(72 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության համապատասխան կարգը՝ յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն տեղայնացնում է այն: Երեւանի պետական համալսարանում գործող համապատասխան կարգը սահմանում է 30% զեղչ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների դեպքում:
Նշենք, որ եթե նույն ընտանիքում կան երկու ուսանողներ, ապա նրանցից մեկը կարող է ներկայացնել տեղեկանք քրոջ կամ եղբոր ուսանող լինելու մասին, եւ նրա վարձավճարը 20%-ով կզեղչվի:
ԵՊՀ ուսումնական վարչության պետ
Հրանտ Ժամհարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես հիշում եք, մեր նախորդ համարներից մեկում խոստացել էինք տպագրել այս հարցի վերաբերյալ Երեւանի պետական համալսարանի պարզաբանումը եւս: Չնայած այս պատասխանից պարզ չի դառնում` տիկին Լարիսայի ընտանիքը կարող է օգտվել 30% զեղչից, թե ոչ, բայց այս դեպքում նա գոնե կարող է օգտվել նույն ընտանիքի երկու ուսանող ունենալու հնարավորությունից եւ դիմել ԵՊՀ` վարձը 20% պարտադիր զեղչելու համար: