Թեեւ Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավին դեռեւս ժամանակ կա, բայց, ինչպես նկատում ենք, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն իսկ սկսել է իր քարոզարշավը: Հեռուստատեսությամբ գրեթե ամեն օր ներկայացնում են նրա այցերը, իրականացրած աշխատանքները: Ավելին, Տարոն Մարգարյանը կարծես թե մենաշնորհել է Րաֆֆի Հովհաննիսյանի “բարեւը”:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ Տարոն Մարգարյանն ի վիճակի՞ է իրականացնել ,բարեւե-ի հեղափոխություն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռոմանտիկ բաների հետեւից եք ընկնում: Հայաստանը լուրջ, ծանր խնդիրներ ունի: Այս իշխանությունները շարունակում են ավիրել երկիրը, կա՛մ սրանք մինչեւ վերջ կքշեն մարդկանց, կա՛մ կգան մարդիկ, որոնք այդ մահաբեր գործընթացը կկանգնեցնեն: Փորձեք խնդիրներին մեծ պրոբլեմներից մոտենալ, թե չէ` ով, որտեղ կամ ում… Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Կա՛մ մենք համախմբվելու ենք, կա՛մ Հայաստանը կշարունակի արյունաքամ լինել: Մենք աշխատում ենք այդ համախմբման ուղղությամբ, եւ Երեւանի ավագանու ընտրությունները կարող են քայլ կամ հանգրվան լինել: Բոլոր քաղաքական ուժերը պետք է հասկանան այս ծանր իրավիճակը: Այս փուլի համար լավ կլինի` միասին աշխատենք, որպեսզի կեղծիքները քիչ լինեն, քանի որ այս իշխանությունները չեն կարող ապրել առանց կեղծիքի, իրենք պետք է կեղծեն, որ կարողանան ապրել: Եվ կրկնում եմ` եթե այս փուլում քաղաքական ուժերը միավորվեն, ապա կարող է լուրջ ճակատ ձեւավորվել արդար ընտրություններ իրականացնելու համար: Ես դեռ լավատես եմ:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկանում եմ նշել, որ պետք չէ “բարեւը” ինչ-որ մեկին սեփականաշնորհել եւ ինչ-որ մեկին վերագրել: Եթե դուք հետեւել եք Տարոն Մարգարյանի գործողություններին, ապա կտեսնեք, որ նա միշտ էլ մարդկանց ողջունել ու բարեւել է: Եթե պետք է հեղափոխություն իրականացվի, ապա չեմ կարծում, որ դա կլինի “բարեւի” միջոցով: Մենք այդ հեղափոխությունը շատ վաղուց ենք իրականացրել, երբ անկախացանք, եւ դա մեր ամենակարեւոր հեղափոխությունն էր: Մյուս հեղափոխությունները, եթե կլինեն բարեւի, արեւի, թե չգիտեմ ինչի, ապա թող դրանք միայն արեւ բերեն, բարիք բերեն, այլ ոչ թե կեղծ բարեւներ, կեղծ բարություն, կեղծ արեւներ եւ այլն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ