Ո՞Վ Է ԿԱՊԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՁԵՌՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս սկանդալային հայտարարություն է արել “Արմենիա TV”-ով հեռարձակվող Սաթիկ Սեյրանյանի հեղինակային հաղորդաշարի ժամանակ: Ըստ նրա` վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը կապված են, ինչի պատճառով էլ վերջինս չի կարող նորմալ աշխատել:
“Ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, Տ. Սարգսյանին կթողնեի, լիազորությունները կտայի, լրիվ այն լիազորությունները, որ պետք են վարչապետին, 6-8 ամիս կաշխատացնեի, եւ եթե չէր արդարացնի, նոր կհանեի: Բայց մի հատ չտա՞ս լիազորությունները: Ձեռքերը-ոտքերը կապված իրավունք չունես պահելու: Ձեռքերն ու ոտքերն արձակի՛ր, ու եթե չի ստացվում, նո՛ր հանիր: Այս վիճակում ոչ մի մարդու աշխատացնել հնարավոր չէ”,-“Ռ-Էվոլյուցիա” հաղորդման ժամանակ ասել է Վազգեն Մանուկյանը` հավելելով, որ վարչապետը միշտ էլ կողմնակից է ռեֆորմների ու անգամ այս վիճակում նա ուզում է ռեֆորմներ անել:
Ազատություն Յուրի Դետոչկինին
Փաստորեն, Վ. Մանուկյանը բաց տեքստով հայտարարում է` իշխանության ներսում կան մարդիկ, որոնք կապկպել են վարչապետի ձեռքերն ու ոտքերը` թույլ չտալով նրան ռեֆորմներ իրականացնել: Ասել է թե՝ Հանրային խորհրդի նախագահը խոստովանում է, որ իշխանության ներսում կան մարդիկ, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը: Իսկ թե ով է այդ անձնավորությունը, որ համարձակվել է “կապկպել” վարչապետին ու խոչընդոտում երկրի զարգացմանը, դժվար չէ ենթադրել: ՀՀ Սահմանադրության համաձայն` վարչապետը համարվում է երկրի երրորդ պաշտոնյան, երկրորդն ԱԺ նախագահն է, առաջինը` ՀՀ նախագահը: Ու քանի որ վարչապետն ուղղակիորեն ենթարկվում է նախագահին, կարելի է ենթադրել` Տ. Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը կապկպողը հենց Ս. Սարգսյանն է: Մանավանդ որ իր խոսքում եւս Վ. Մանուկյանը ակնարկում է նրա անունը:
Նկատենք, որ սա ամենեւին էլ սովորական քաղաքական գնահատական չէ. այս հայտարարության հեղինակը Հանրային խորհրդի նախագահն է: Մարդ, որն ի պաշտոնե քաջածանոթ է իշխանական կուլիսներում կատարվող անցուդարձին, ավելին, համարվում է գործող վարչապետի քաղաքական կնքահայրը: Հիշեցնենք, որ ժամանակին Տ. Սարգսյանն ԱԺՄ կարկառուն ներկայացուցիչներից էր, եւ հետագայում այդ կուսակցությունից դուրս գալուց հետո էլ չէր խզել իր կապերը երբեմնի առաջնորդի հետ: Այնպես որ, կարելի է ենթադրել` Վ. Մանուկյանը պարզապես բարձրաձայնում է այն խնդիրները, որոնց մասին իր մոտ դժգոհել է Տ. Սարգսյանը: Այլ կերպ ասած՝ նա ոչ թե քաղաքական գնահատական է հնչեցնում, այլ կոնկրետ փաստ, որի մասին ինքն իմացել է առաջին ձեռքից` “կապկպված” վարչապետից: Մանավանդ որ ամիսներ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետը եւս նման մի ակնարկ էր արել: “Մենք Ս. Սարգսյանի քննադատությունը դիտարկում ենք որպես քարտ-բլանշ, որը տրվել է կառավարությանը գնումների բնագավառում կարգուկանոն հաստատելու ու ավելի խիստ մոտեցումներ դրսեւորելու համար, ինչն էլ տեսնում եք”,-ասել էր վարչապետը` անդրադառնալով սեպտեմբերի 15-ին կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանի քննադատություններին: Ասել է թե՝ Տ. Սարգսյանը խոստովանել է` ե՛ւ Ս. Սարգսյանը, ե՛ւ ինքը, ե՛ւ իշխանության մյուս ներկայացուցիչները տարիներ շարունակ իմացել են պետական գնումների ոլորտում կատարվող ապօրինությունների մասին: Միայն թե մինչեւ հիմա այդ չարաշահումների դեմ պայքարելու եւ վճռական գործողություններ իրականացնելու հնարավորություն չեն ունեցել, որովհետեւ նախկինում Ս. Սարգսյանը քարտ-բլանշ չի տվել:
Ցանկացած նորմալ երկրում մանավանդ Վ. Մանուկյանի հայտարարությունները քաղաքական լուրջ հետեւանքներ կունենային: Սա` ցանկացած նորմալ երկրի, բայց ոչ Հայաստանի համար: Համենայնդեպս, Ս. Սարգսյանը  չի անդրադարձել այս հայտարարություններին` ո՛չ հերքել է դրանք, ո՛չ էլ հաստատել: Իսկ ինչպես հայտնի է` լռությունը համաձայնության նշան է:
Հավելյալ մեկնաբանություններ ստանալու համար զանգահարեցինք Վազգեն Մանուկյանին, վերջինս, սակայն, պատճառաբանելով խիստ զբաղվածությունը, հրաժարվեց զրուցել: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, ինչպես միշտ, պնդեց հակառակը. “Ես կարծում եմ, որ իշխանական գործիչները հաստատված ծրագրերով են աշխատում, եւ այդ ծրագրերի սահմաններում լիարժեք հնարավորություն կա աշխատելու: Ես այն կարծիքին չեմ, որ վարչապետի ձեռքն ու ոտքը կապված է, դրա համար էլ նա լիարժեք չի աշխատում: Ընդհակառակը, ես այն կարծիքին եմ, որ կառավարությունը լավ է աշխատում եւ բավական ծրագրեր է իրագործել ու իրագործում”: Ինչեւէ, այսքանից հետո մնում է միայն գոչել` “Ազատություն Յուրի Դետոչկինին”… ավելի ճիշտ` “Ազատություն Տիգրան Սարգսյանին”:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս