Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ամբողջությամբ փլվել է Եղիազարյանների ընտանիքին պատկանող տնակը: Բարեբախտաբար, տան անդամները ներսում չեն եղել:
ArmLur.am-ի հետ զրույցում տան կինը՝ Եղիազարյան Լաուրան, հայտնեց, որ իրենց բազմանդամ՝ 8 հոգանոց ընտանիքն արդեն ավելի քան 20 տարի է՝ այդ տնակում է ապրում, ինչպես ինքն ասաց՝ գոմում. «Անապահով ընտանիք ենք: Աղջիկս էլ իր ընտանիքի հետ մի հատ դոմիկում էր ապրում: Առաստաղից կաթում էր, 4 անչափահաս երեխաների հետ տեղափոխվեցին մեզ մոտ: Հիմա ոչինչ չունենք, ամեն ինչ փլատակների տակ է մնացել: Փառք ենք տալիս Աստծուն, որ ներսում ոչ ոք չի եղել»:
Տիկին Լաուրան հայտնեց, որ փլվածքի պատճառը հորդառատ անձրևն է եղել. տարիների նստվածքը մեկ օրում իրեն զգացնել է տվել. «Մի օր հարևանի տանը մնացինք, մի օր՝ մի ուրիշի: Վաղվա օրվա հանդեպ հույսներս կորցրել ենք»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Վերջինս հայտնեց, որ դիմել են գյուղապետին, փորձագետները որոշ հաշվարկներ են արել դեպքի առաջին օրը: Մինչ այսօր որևէ պատասխան պատկան մարմիններից այս ընտանիքին չի տրվել: