ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒԹ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանքարդյունաբերության սեփականաշնորհման ընթացքում տեղի ունեցած մութ եւ ստվերային գործարքները եթե երբեւէ ամբողջությամբ բացահայտվեն, ապա դրանց հիման վրա բազմահատորանոց աշխատություններ կարելի է գրել, թե ինչպես մի խումբ պաշտոնյաների հաջողվեց թալանել պետության ունեցվածքը եւ դառնալ միլիոնատերեր, ոմանք՝ նույնիսկ միլիարդատեր:

Հանքարդյունաբերության ոլորտի սեփականաշնորհման գործընթացին մեկ, նույնիսկ մի քանի նյութում հնարավոր չէ ներկայացնել: Սակայն մի ընդհանրություն, այնուամենայնիվ, կա. այս ոլորտում իրականացված մութ գործարքները հիմնականում նույն սխեմայով են եղել, պարզապես գործող անձինք են փոխվել:
Որպես օրինակ ներկայացնենք Սյունիքի մարզի երեք ձեռնարկությունների սեփականաշնորհման պատմությունները: Բայց մինչ այդ նշենք, որ ինչպես Հայաստանի մնացած ձեռնարկությունները, հանքարդյունաբերությունը եւս սեփականաշնորհվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Ավելին՝ Քոչարյանների ընտանիքի միլիարդատեր դառնալու գործում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ հանքարդյունաբերության սեփականաշնորհման գործարքները:
«Կապանի լեռնահարստացման կոմբինատը» վաճառվեց 2002-ին: Փաստաթղթերով նշված ընկերության սեփականատերը դարձավ շվեյցարական «Դենո» ընկերությունը: Վերջինս ընկերության բաժնետոմսերի համար պետական բյուջեին պետք է վճարեր 5,5 մլն դոլար, սակայն այդ գումարն այդպես էլ չվճարվեց: Բանն այն է, որ ընդամենը երկու տարի անց կոմբինատը ՀՀ տնտեսական դատարանի կողմից սնանկ ճանաչվեց, որի արդյունքում ընկերության պարտքերը «ջրվեցին», ինչպես նաեւ փոխվեց սեփականատերը: Իսկ արդեն 2005-ից «Կապանի ԼՀԿ»-ի սեփականատերը դարձավ «Վաթրին Ինվեստմենթ» ընկերությունը, որը ներկայացվում է իբրեւ անգլիական ընկերություն: Իսկ մեկ տարի անց՝ 2006-ից այդ կոմբինատը պատկանում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությանը:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» սեփականաշնորհվեց 2004 թվականին: ՀՀ կառավարության համապատասխան որոշումը կայացվեց 2004-ի մարտի 10-ին, ըստ այդմ, «Ագարակի ՊՄԿ»-ն ընդամենը 600 հազար դոլարով վաճառվեց «Կոնսապ» անվանումով ընկերությանը, որը ներկայացվում էր իբրեւ ամերիկյան ընկերություն: Կառավարության որոշմամբ նոր սեփականատերը 2 տարվա ընթացքում 3,5 մլն դոլարի ներդրում պետք է կատարեր ձեռնարկությունում: Սակայն այդ ամենը ընդամենը խոստումներ էին՝ գործարքի ծիծաղելի ցածր լինելու հանգամանքը արդարացնելու համար: Իսկ հետագայում այդ ընկերությունը դարձավ «ԳեոՊրոՄայնին Գոլդ» (GeoProMining Gold) ընկերության սեփականությունը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» սեփականաշնորհվեց 2004-ի դեկտեմբերին: Պաշտոնապես ընկերության բաժնետոմսերի սեփականատերերը դարձան գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ընկերությունը՝ 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն` 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ-ն` 12,5% բաժնեմասով եւ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն` 12,5% բաժնեմասով: Ձեռնարկության նոր սեփականատերերը գործարքը կնքելուց հետո պետական բյուջե պետք է վճարեին 45 մլն դոլար, եւս 87 մլն դոլար էլ նրանք պարտավոր էին վճարել մեկ տարի անց: Այսինքն՝ Հայաստանի հանքարդյունաբերության այդ հսկան վաճառվեց 132 մլն դոլարով: Սա այն դեպքում, երբ հաջորդ տարում գործարանի շահույթը կազմել էր մոտ 180 մլն դոլար: «Զանգեզուրի ՊՄԿ»-ի սեփականատեր դարձած անձանց անունները մինչ օրս մնում են անհայտ: Նրանցից հայտնի է միայն Մաքսիմ Հակոբյանի անունը, որը սեփականաշնորհման պահին գործարանի տնօրենն էր, հետագայում դարձավ դրա բաժնետոմսերի 12,5 %-ի սեփականատերը, քանի որ «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ընկերությունը պատկանում է հենց Հակոբյանների ընտանիքին: Վերջինս մինչեւ անցած տարի զբաղեցնում էր «Զանգեզուր ՊՄԿ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվել այն մասին, որ հանքարդյունաբերության հսկայում բաժնեմաս ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանի ընտանքիը, սակայն այդպես էլ անհայտ է մնացել, թե դա ինչպես կամ բաժնետերերից որ մեկի միջոցով է իրականացվել, եւ որքան է կազմում նրա բաժնեմասը:
Հանքարդյունաբերության սեփականաշնորհման մութ գործարքների մի զգալի մասն էլ հետեւյալ սխեմայով էին իրականացվում. այս կամ այն հանքի շահագործման իրավունքը ձրի տրվում էր պետական պաշտոնյաների հարազատներին, հետագայում այդ իրավունքը վաճառվում էր միլիոնավոր, երբեմն մի քանի տասնյակ միլիոն դոլար արժեքով: Այս գործում առավել հաջողվածներից ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն է: Նա 2001-ից մինչեւ 2007 թվականը զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը եւ այդ ընթացքում, հենց հանքերի շահագործման իրավունքները վաճառելով, հաջողացրել է դառնալ մեծահարուստ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԽԱՅՏԱՌԱԿ ԶԵԿՈՒՅՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վաղը Փարիզում կայանալիք ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում արդեն ընդգկվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցը: Այն պարունակում է Հայաստանի եւ Արցախի համար խայտառակ ձեւակերպումներ: Մեր տեղեկություններով՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին հայտարարել է, թե զեկույցը պատրաստ է, չնայած այն հանգամանքին, որ նա այդպես էլ Արցախ չայցելեց: Նշենք, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը: Նրանց հետ Փարիզ կմեկնի նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ենթադրվում է, որ հանձնաժողովում քննարկվելուց հետո զեկույցը կներառվի ԵԽԽՎ հունվարյան լիագումար նստաշրջանի օրակարգ: Եթե հայկական պատվիրակությանը հաջողվի քաղաքական հանձնաժողովին համոզել դեմ քվեարկել զեկույցը լիագումարի օրակարգ ներառելուն, ապա դա կլինի միակ տարբերակը խայտառակությունից խուսափելու համար: Մինչ այս շատ քիչ նախադեպեր են եղել, երբ հանձնաժողովը հրաժարվել է քվեարկությամբ պատրաստի զեկույցը ընդգրկել լիագումար նիստի օրակարգ:

 

ԱՆԿՄԱՆ ԱՃ
Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքի արտադրության ու սպառման ծավալներն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել են: Օրինակ՝ աղի արտադրության ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել են 8.2 տոկոսով, իսկ հացի արտադրության ծավալները՝ նվազել են 2 տոկոսով: Ուշագրավն այն է, որ աղի եւ հացի արտադրության ծավալները սկսել են նվազել այս տարվա սկզբից: Ավելին՝ նվազման ցուցանիշը գնալով մեծանում է: Ինչը, թերեւս, պայմանավորված է այն փաստով, որ այդ երկու ապրանքատեսակների հիմնական սպառողը Հայաստանի բնակչությունն է: Ուստի տարվա ընթացքում արտագաղթի արդյունքում բնակչությունը նվազում է, ինչի արդյունքում էլ աղի եւ հացի սպառման ծավալների անկման ցուցանիշը մեծանում է:

 

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
Գործարար Բարսեղ Բեգլարյանի որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ընկերությունը դատի է տվել նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանին պատկանող «Գոլդեն ֆիլդ» ընկերությանը: 2015-ի հոկտեմբերի 13-ին «Ֆլեշ Մոթորս»-ը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Գոլդեն ֆիլդ»-ից գումար բռնագանձելու պահանջով: Պահանջվող գումարը 200 հազար դրամ է: Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերժ Սարգսյանը ուսանողական ընկերներ են, եւ նրանց միջեւ քավոր-սանիկական հարաբերություն կա:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ
Երեկ ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ռուական A321 ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնային ժողովի երկու պալատների ղեկավարներին՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Իսկ մինչ այդ էլ դեռ շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր ցավակցությունն էր հայտնել Սերժ Սարգսյանը։ Իր ռուս գործընկերոջը ցավակցել էր նաեւ Հովիկ Աբրահամյանը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն էլ ցավակցական հեռագիր էր հղել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինին։

 

ԱՆՁԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ
Երկօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն երեկ ԱԺ-ում տված ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ԵՏՄ գրանցած ձեռքբերումներին, ասել է, թե չնայած տնտեսական դժվարություններին՝ առաջընթացը բացահայտ է։ Նա նաեւ անդրադարձել է ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակմանը։ «Հայկական կողմը առաջարկել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, ով շատ փորձառու մարդ է, մեկը, ով կանգնած է եղել Եվրասիական տնտեսական միության հիմնադրման ակունքներում։ Դրա համար էլ կարծում եմ, որ նա նոր լիցք կհաղորդի ինտեգրացիան գործընթացում հարաբերությունների խորացմանը եւ Հայաստանի դերի մեծացմանը»,- ասել է Մատվիենկոն։ Փաստորեն ըստ Մատվիենկոյի՝ Տիգրան Սարգսյանը կանգնած է եղել մի կառույցի ակունքներում, որին Հայաստանի անդամակցությունը նպատակահարմար չէր համարում:
 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Նախ` տեղի է ունեցել ՀՀ վարչապետի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահի առանձնազրույցը, այնուհետեւ հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով:

 

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, երեկ Աժ-ում կոչ է արել Վալենտինա Մատվիենկոյին հորդորել Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց: Մատվիենկոն, սակայն, ի պատասխան՝ ասել է.«Որեւէ երկիր իրավունք չունի միջամտելու այլ երկրի ներքին գործերին: Դա բացառապես սուվերեն, ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է, եւ Ձեր քաղաքացիներն են որոշելու ընդունել այդ փոփոխությունները, թե ոչ»: Ուշագրավ է, որ Զուրաբյանն իր կոչը հիմնավորելու համար մեջբերել է Վլադիմիր Պուտինի՝ տարիներ առաջ արած հայտարարությունը, թե Սահմանադրության մեջ փոփոխությունները միշտ չէ, որ ցանկալի են: Արձագանքելով այդ մեջբերմանը` Մատվիենկոն նկատել է, որ Պուտինը դա ասել է Ռուսաստանի, այլ ոչ թե որեւէ այլ երկրի Սահմանադրության համար:




Լրահոս