ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական ցուցանիշները, որոնք խորհրդարանին ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ըստ նախագծի` 2016 թվականին տնտեսական աճը, արտաքին քաղաքական զարգացումներով պայմանավորված, ավելի համեստ կլինի:

Մինչ նախագծի քննարկումը, ելույթով հանդես եկած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց 2016 թ.-ի պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը եւ նախագիծը ձեւավորող քաղաքական մոտեցումները:
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության եւ կայունության դրույթները: Ինչպես նշել եմ նաեւ նախկինում, անկախ տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ ներկայացված հաշվարկների համաձայն ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն»,-ասաց նա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2016 թվականի պետական բյուջեն եւս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային եւ առողջապահական բնագավառների ծախսերը:
Վարչապետի ելույթից հետո ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ 2016 թ.-ի ՀՆԱ-ի իրական աճը ծրագրավորված է 2.2 տոկոս, իսկ բյուջեի պակասուրդը կամ դեֆիցիտը՝ համախառն ներքին արդյունքի 3.5 տոկոսի չափով: «Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2016 թ.-ի վերջի դրությամբ կանխատեսվում է 5 մլրդ 565 մլն ԱՄՆ դոլարի չափով. պետական պարտքի 86.6 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին»,-ասաց նա: Ըստ փոխնախարարի՝ պետական բյուջեի նախագծով ծախսերի մեծ մասը հատկացվել է սոցիալ-մշակութային բնագավառին՝ շուրջ 47,3 տոկոս, հաջորդ ծախսային ուղղությունը պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտին ուղղված ծախսերն են՝ 20,8 տոկոս: «Թոշակների բարձրացում, ըստ էության, չի նախատեսվում»,- հավելեց փոխնախարարը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ, ներկայացնելով նախագծի վերաբերյալ կենտրոնական բանկի եզրակացությունը, նշեց. «2016 թ.-ի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասուրդի նվազում՝ այն ապահովելով ՀՆԱ-ի 3.5 տոկոսի սահմաններում»: Ըստ ԿԲ նախագահի՝ 2016 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի ընդլայնում՝ պայմանավորված բյուջեի պակասուրդի դեռեւս պահպանվող բարձր մակարդակով:
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները 2016թ. պետական բյուջեի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով ակցիզային հարկի մասին, հետեւյալ դիտարկումն արեց. «Կառավարությունը մարդկանց եկամուտները չի ավելացնում, բայց այդ օրենքի շրջանակներում մարդկանց վրա սոցիալական բեռը ավելացնում է, որովհետեւ այդ օրենքը բերելու է օղու, դիզվառելիքի, ծխախոտի թանկացմանը»: Պատգամավորը նաեւ խոսեց Երեւանի ու մարզերի միջեւ բյուջեի անարդար համամասնությամբ բաժանման մասին: Ըստ Մարուքյանի՝ այդ քաղաքականության արդյունքում Երեւանը դարձել է Հայաստան, իսկ Հայաստանը՝ Երեւան, մինչդեռ մարզերում չափազանց տխուր ու ապրելուն չտրամադրող միջավայր է՝ աղքատություն ու համանման տրամադրություն:
Արձագանքելով Մարուքյանի հնչեցրած տեսակետին` Պավել Սաֆարյանը նկատեց, որ լավ կլինի, եթե պատգամավորը ներկայացնի իր պատկերացումներն առ այն, թե ո՞րն է բյուջեի արդար համամասնությունը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, խոսելով նախագծի մասին, շեշտեց, որ այնպիսի փաստաթուղթ է դրվել սեղանին, որով չենք կարող գոհանալ անգամ: «Բայց խնդիրը վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է: Երկիրը, քաղաքականությունը բացասական սպասումների մեջ են եղել. ինչպես պետք է դուրս գալ այդ վիճակից»,-հավելեց ՀՅԴ պատգամավորը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հարկ համարեց արձանագրել, որ ներկայացված բյուջեով մինչեւ 2017 թիվը աշխատավարձերը եւ թոշակները չեն բարձրացվի: «Որեւէ երաշխիք չունեմ, որ գնաճը զգալի չի լինելու: Ավելին` ես վստահ եմ, որ գնաճը լինելու է անգամ ավելի մեծ, քան կանխատեսված է»,-եզրափակեց ԲՀԿ ղեկավարը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա սեպտեմբերի 25-ի վճռով «Երեւանի թիվ 60 մանկապարտեզ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Պատճառը հարկային պարտավորությունները չկատարելն է:
Տեղեկացնենք, որ դեռեւս 2011 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչությունը դիմել է վարչական դատարան՝ մանկապարտեզից 11 մլն դրամ բռնագանձելու պահանջով: Հայցը բավարարվել է, եւ վճռվել է «Երեւանի թիվ 60 մանկապարտեզ» ՓԲԸ-ից հօգուտ պետբյուջեի բռնագանձել մոտ 11 մլն դրամ: Սակայն «Երեւանի թիվ 60 մանկապարտեզ» ՓԲԸ-ն բողոքարկել է որոշումը՝ հայտարարելով, որ պարտքը այդքան չի կազմում:
Ապա այս տարվա փետրվարի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչությունը կրկին դիմել է դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Բանն այն է, որ «Երեւանի թիվ 60 մանկապարտեզ» ՓԲԸ-ն պարտավոր էր սահմանված կարգով եւ ժամկետներում պետբյուջե վճարել հաշվարկված պարտավորությունները: Սակայն կազմակերպությունը սահմանված կարգով չի կատարել իր ունեցած պարտավորությունները: Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ չվճարելու արդյունքում ընկերության պարտքը կազմել է ավելի քան 11 մլն դրամ:
Իր հերթին «Երեւանի թիվ 60 մանկապարտեզ» ՓԲԸ ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը այս տարվա փետրվարի 23-ին դատարան է ներկայացրել առարկություն, որում նշել է, որ դիմումում նշված սնանկ ճանաչելու պահանջի դեմ պատասխանող ընկերության տնօրեն Սվետլանա Իսաբաբյանն ամբողջությամբ առարկում է, որովհետեւ դիմումում նշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում, իսկ հետեւությունները հիմնված են անհիմն ենթադրությունների վրա:
«Երեւանի թիվ 60 մանկապարտեզ» ՓԲԸ տնօրեն Սվետլանա Իսաբաբյանը հայտնել է նաեւ, որ ինքը հարկայինին պարտք է, բայց ոչ այդքան: Իր պարտքը կազմում է ավելի քան 2 մլն դրամ: Իսկ մնացածը տույժեր ու տուգանքներ են, որոնք ինքը չի ընդունում: Բացի այս՝ այդ 2 մլն դրամի պարտքը գոյացել է 2009 թվականից, երբ հարկային մարմինը ստուգումներ է իրականացրել եւ պարզել, որ ընկերութունը լիցենզիա չունի: Մինչդեռ ընկերության տնօրենը պնդում է, որ այդ ժամանակ լիցենզիա պետք չի եղել. երկար ժամանակ աշխատել են, եւ իրենցից ոչ ոք լիցենզիա չի պահանջել:
Նշենք, որ մանկապարտեզը 2010 թվականի մարտի 1-ից չի աշխատում: Եւ ընկերության տնօրենը հարկային մարմիններին ներկայացրել է զրոյական հաշվարկ, իսկ կասեցման մասին հայտնել է դեռեւս 2012 թվականի փետրվարին: Եւ չնայած ընկերության տնօրենի պնդումներին, այնուամենայնիվ, ՖՆ Էրեբունու հարկային տեսչության հայցը` «Երեւանի թիվ 60 մանկապարտեզ» ՓԲԸ-ին` սնանկ ճանաչելու պահանջով, դատարանը բավարարել է: Հավելենք, որ մանկապարտեզը չի գործել ո՛չ կրթության եւ գիտության նախարարության, ո՛չ էլ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՏԱՍԸ ՏԱՐՈՎ ՈՒՇԱՑԱՎ

Հոկտեմբերի 30-ին Դիլիջանում տեղի ունեցավ կառուցվելիք եկեղեցու հողօրհնության արարողությունը: Այն կառուցվում է Մայր Աթոռ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» համատեղ ջանքերով: Հոգեւոր կառույցի շինարարության ֆինանսավորողներն են Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ադիբեկյանը, Մաքսիմ Աթայանցը եւ Արմեն Կարապետյանը: Հողի օրհնության արարողությունը կատարել է Գարեգին Բ կաթողիկոսը: Ներկայումս ընթանում են եկեղեցու շինարարության նախագծա-նախահաշվային աշխատանքները, եկեղեցու շինարարությունը կսկսվի 2016թ. ապրիլից:

Ինչո՞ւ 16.200 բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում ուշացավ եկեղեցու շինարարությունը: Դիլիջանում եկեղեցի չկա, եւ «Թուֆենկյան» պատմազգագրական թանգարանի սենյակներից մեկում են կատարվում եկեղեցական արարողությունները: Նշենք, որ դեռեւս 2006թ. Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» պաշտոնաթերթը տեղեկություն հրապարակեց, որ ամերիկահայ բարերար Ջոն Սթիվենսը (Հովհաննես Ստեփանյան) Դիլիջան քաղաքում եկեղեցի կառուցելու համար Մայր Աթոռին 1 միլիոն դոլար է նվիրաբերել: Սակայն այդ գումարով Դիլիջանում այդպես էլ եկեղեցի չկառուցվեց. իսկ մի քանի տարի անց Ֆրեզնոյում բնակվող Ջոն Սթիվենսը մահացավ:
Իսկ, ահա, Տավուշի մարզի Բերդ քաղաքում նույն բարերարի հատկացրած միջոցներով 2012թ. մեկնարկեց Սուրբ Գեւորգ եկեղեցու շինարարությունը: Հայտարարվեց, որ եկեղեցու շինարարության արժեքը 430 միլիոն դրամ է, որի մեծ մասը հատկացրել է Ջոն Սթիվենսը (Հովհաննես Ստեփանյանը): Եկեղեցու կառուցման գործում իր ներդրումն ունեցավ նաեւ Բերդ համայնքը: Այդ ժամանակ հայտարարվեց, որ Սուրբ Գեւորգ եկեղեցու շինարարության համար Հ. Ստեփանյանի միջոցներից ներդրվել է 900 հազար դոլար: 2014թ. սեպտեմբերի 14-ին Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ եւ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի ունեցավ Սուրբ Գեւորգ եկեղեցու օծումը:
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այդպես էլ չի պարզաբանել՝ արդյոք Դիլիջանում եկեղեցի կառուցելու նպատակով Ջոն Սթիվենսի նվիրաբերած գումարով է կառուցվել Բերդի եկեղեցին, թե Ջոն Սթիվենսը գումար է նվիրաբերել նաեւ Բերդում եկեղեցի կառուցելու համար: Ինքը` բարերարը, այդ մասին այլեւս ոչինչ չի կարող հայտնել, քանի որ, ինչպես նշեցինք, վախճանվել է: Ուշագրավ է նաեւ հետեւյալ հարցը՝ նվիրաբերված 1 միլիոն դոլարը անցած 10 տարում տոկոսներով որքա՞ն շահույթ է գոյացրել, եւ ինչպես է տնօրինվել այդ գումարը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս