Մարտի 29-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Մինասյանի որոշմամբ կարճվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նկատմամբ 2012 թ. ապրիլի 16-ին հարձակման գործով քրեական գործի վարույթը:
Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
“2012 թ. ապրիլի 16-ին` առավոտյան ժամը 10-11-ի սահմաններում, 200-ից ավելի քաղաքացիներ, որոնց թվում` Լոռիի մարզպետարանի պաշտոնատար անձինք, մի շարք կրթական հաստատությունների ուսանողներ, “Երկրապահ” կամավորական միության անդամներ, կազմակերպեցին ցույց` ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի` 2012 թ. ապրիլի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածքում “Խաղաղասիրական նախաձեռնության Կովկասյան կենտրոնի” կողմից նախատեսված ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման դեմ:
Ցույցն ուղեկցվեց սպառնալիքներով, բռնություններով, որի արդյունքում տուժեց եւ՛ կազմակերպության գույքը, եւ՛ կազմակերպության աշխատակիցը: Եվ այդ ամենը տեղի էր ունենում ոստիկանության աշխատակիցների աչքի առջեւ եւ նրանց ակնհայտ անգործության պայմաններում:
Քննչական մարմինների կողմից երկրորդ անգամ ընդունվում է քրեական գործ չհարուցելու մասին որոշում, որով ակնհայտ հովանավորում են հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ բռնություններ կատարողներին` խրախուսելով նրանց կատարելու նմանատիպ նոր հանցագործություններ:
Միջազգային հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Human Rights Watch, Amnisy International, Freedom House, ինչպես նաեւ հայաստանյան կազմակերպություններ դատապարտել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեմ իրականացված հարձակման փաստը:
Ավելին, միջազգային իրավական կազմակերպությունները որակել են դա որպես արտահայտման ազատության եւ միավորումների իրավունքի սահմանափակում եւ խոչընդոտում: Քննչական մարմիններն իրենց որոշմամբ խախտել են միջազգային պայմանագրերով եւ ՀՀ Սահմանադրությամբ միավորումների եւ արտահայտման ազատության իրավունքը, պատշաճ եւ օբյեկտիվ գնահատական չեն տվել իրավապաշտպան կազմակերպության դեմ հարձակման փաստին, որը ՀՀ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածով քրեորեն հետապնդելի արարք է:
Մենք կդիմենք ՀՀ դատական ատյաններ` բողոքարկելու քննիչի կողմից ընդունված ակնհայտ ապօրինի որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ իրավապաշտպան կազմակերպության եւ նրա անդամների, աշխատակիցների նկատմամբ հետագա ոտնձգության յուրաքանչյուր փաստի անմիջական պատասխանատվությունը կրելու են ՀՀ ոստիկանությունը եւ նրա աշխատակիցները, որոնք ոչ թե կատարել են եւ կատարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականությունները, այլ խրախուսում են ի նկատմամբ ոտնձգություն կատարողներին”: