Երեւանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչապատման աշխատանքները, իսկ ապրիլի 14-ն էլ հայտարարվել է համաքաղաքային ծառատունկի օր: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 2-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին, համատիրություններին եւ քաղաքացիներին՝ բակային տարածքներում եւս ակտիվորեն ծառատունկ կազմակերպելու եւ ծառերի հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Քաղաքապետարանը կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ ծառերի ու թփերի տնկիներ:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ պատրաստ են հարակից տարածքների լավագույն կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքների իրականացման համար քաղաքապետի մրցանակ շնորհելու նպատակով հայտարարվելիք մրցույթի անվանակարգերը:
Ասֆալտապատման աշխատանքների հետ կապված` հանձնարարվել է կարճ ժամկետում ասֆալտապատում իրականացրած կազմակերպությունների միջոցներով ավարտել 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում որակի առումով տեղ գտած թերությունների վերացմանն ուղղված աշխատանքները:
“2013 թվականի ծրագրերով մայրաքաղաքում իրականացվելու են 2.5 միլիոն քմ ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում՝ շուրջ 300 փողոցի ընթացիկ եւ 30 փողոցի կապիտալ վերանորոգում եւ ասֆալտապատում: Այս ամենի շահագործողը քաղաքացին է եւ, պատասխանատուներին հավասար, նաեւ բնակիչներն են աշխատանքների գնահատողը, ուստի պետք է բացառել անորակ աշխատանքը”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի շահագործման որակի նկատմամբ: Ապրիլի 1-ի դրությամբ եւս երկու` թիվ 7 եւ 88 միկրոավտոբուսային երթուղիները փոխարինվել են համապատասխանաբար 7 եւ 57 համարի ավտոբուսային երթուղիներով: Դրանք կսպասարկվեն մասնավորի կողմից ներկրված 22 ավտոբուսներով:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են էլեկտրամատակարարման ենթակայանների եւ գազաբաշխիչ կետերի բարեկարգման աշխատանքները:
Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ տարբեր վարչական շրջաններում տեղադրվել է հայտարարությունների եւս 50 ցուցատախտակ: Ընթացքի մեջ են նաեւ մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի բոլոր շենքերի շքամուտքերում հայտարարությունների համար նախատեսված տախտակների տեղադրման աշխատանքները:
Անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների եւ վարչական շրջանների կողմից Երեւանի ավագանու որոշումների կատարման ընթացքին` կազմակերպական վարչության պետը զեկուցել է, որ 2009-2013թթ. ընթացքում գումարվել է ավագանու 58 նիստ, որոնց ընթացքում ընդունված 626 որոշումից 601-ը կատարվել է, իսկ 25-ը ընթացքի մեջ է: Ավագանու որոշումների կատարման նկատմամբ հսկողությունը կրում է մշտական բնույթ: