Եվս 4 հաշմանդամ փորձաշրջան կանցնի ԱԻՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 2-ին, Հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի 5-րդ նիստը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանձնաժողովը հարցազրույցի էր հրավիրել աշխատանքի համար դիմած սայլակավոր 9 քաղաքացու, որոնցից չորսը հարցազրույցի արդյունքներով անցել են հաջորդ փուլ, այսինքն հատուկ ուսուցում եւ փորձաշրջան պիտի անցնեն նախարարությունում:
ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն` ԱԻ նախարարությունում ստեղծվել է 30 հաշմանդամի աշխատատեղ, արդեն 10 հաշմանդամ ներկայումս աշխատում է ԱԻՆ համակարգում, իսկ չորսը` փորձաշրջան անցնում։
Մոտ ապագայում ԱԻՆ-ը նույն գործունեությունը կծավալի նաեւ Հայաստանի այլ բնակավայրերում, քանի որ նախատեսվում է ճգնաժամային կառավարման կենտրոններ ստեղծել մարզերում: Դրա շնորհիվ մարզերում ապրող հաշմանդամներն ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու ավելի մեծ հնարավորություն կստանան:
Առայժմ ԱԻ նախարարությունում աշխատանքի ընդունվելու համար առաջնայնություն է տրվում ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց ամենախոցելի խավի ներկայացուցիչներին` սայլակավոր հաշմանդամներին, որոնք տեղաշարժվելու լուրջ խնդիր ունեն։




Լրահոս