Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ չգիտի, թե ինքն ինչ ֆորմատով է մասնակցություն ունենալու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին:
«Ոչ մի հատուկ հանձնարարություն չենք ստացել, պետք է հիասթափեցնեմ ձեզ: Մենք էլ այս երկրի քաղաքացիներ ենք և որքանով մեր համոզմունքներն են թելադրում, այնքանով մասնակցելու ենք», – հավելեց նա:
Նախարարն ընդգծեց, որ նոր Սահմանադրության տեքստն ընթերցել է ամբողջությամբ, սակայն գերադասեց ավելի շատ խոսել 2016թ. բյուջեի նախագծի մասին: Լրագրողների դիտարկմանը` պարտվողակա՞ն բյուջե է, նախարարը նշեց, որ չպետք է այդ տրամաբանության մեջ դնել:
«Մենք վերաբաշխում ենք այն ռեսուրսները, որոնք որ այս պահին համարում ենք, որ այլ ուղղության վրա ավելի նպատակահարմար է օգտագործել և այս իմաստով տարբեր բյուջեներ են լինում: Բայց կարևորն այն է, թե ինչպես կկարողանաս բաշխել այն, սա ավելի շատ պարտավորություն է առաջացրել բոլորի մոտ», – եզրափակեց նախարարը: