ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ընտրություններին հաջորդող օրերին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հայտնվեցին «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչները, մի պահ թվաց, թե դա կարող է տանել դեպի ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա` իր մեջ ներառելով նաեւ մնացած ոչ իշխանական ուժերին: Առավել եւս, որ հիմնական գործը Րաֆֆին կարծես թե արել էր, եւ նրա կողքին կանգնող քաղաքական ուժերը, կարելի է ասել, գալիս էին պատրաստի քաղաքական կապիտալից իրենց բաժինը վերցնելու:
Սակայն ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդ կոնսոլիդացիան ոչ միայն չկայացավ, այլեւ արդյունքում ընդդիմադիր ուժերի միջեւ խզում առաջացավ, որը կարծես թե խորանալու միտումներ է դրսեւորում: Փորձաքարը, անշուշտ, Երեւանի ավագանու ընտրություններն էին, որոնց միասնական ճակատով մասնակցելու բանակցություններն ավարտվեցին ինչպես միշտ` փոխադարձ մեղադրանքներով: Եվ եթե ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի` «Ժառանգության» հետ միասնական ճակատ կազմելու հավանականությունն այդքան էլ մեծ չէր, ապա  «Ժառանգության» հետ հարթակը կիսող «Դաշնակցություն»-ից սպասելիքները բավականին մեծ էին: Երեկվա բացօթյա ասուլիսում անդրադառնալով ՀՅԴ-ի հետ չկայացած միավորմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե «Ժառանգություն»-ը «Դաշնակցությանն» առաջարկել է, որ միասնական ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, ինչին, սակայն, դաշնակցականները չեն համաձայնել: «Եվ թող ոչ ոք չասի, որ մենք մինչեւ վերջ չենք գնացել համատեղ ցուցակ գլխավորելու համար»,-հավելել է Հովհաննիսյանը: Ավելի ուշ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փորձել է արդարացնել իրենց դիրքորոշումը` նշելով, թե իրենք էլ առաջարկել են, որ ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը, եւ միայն նրա մերժումից հետո են որոշել հանդես գալ սեփական ցուցակով: Նկատենք, սակայն, որ այս պարզաբանումն այնքան էլ համոզիչ չէ, քանի որ Լիլիթ Գալստյանը ոչ թե ժառանգական է, այլ դաշնակցական: «Լիլիթ Գալստյանը մեր ընկերուհին է, Երեւանի հարցերով բազմիցս ելույթներ է ունեցել, բայց մեր սկզբունքը հետեւյալն է. սա քաղաքական պայքար է, եւ քաղաքական առաջնորդները պետք է ղեկավարեն, սա պետք է լինի քաղաքական, այլ ոչ թե քաղաքացիական նախաձեռնություն»,-իրենց դիրքորոշումը փորձել է հիմնավորել Ա. Վարդանյանը` այդպես էլ չմանրամասնելով՝ արդյոք «Դաշնակցություն»-ում ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանին այլեւս քաղաքական գործիչ չեն համարում եւ դիտարկում են բացառապես քաղաքացիական ակտիվիստի կարգավիճակում: Նաեւ` պարզ չէ, թե ընտրություններից հետո արդյոք Արմեն Ռուստամյանը կամ ցուցակում նրան հաջորդող Աղվան Վարդանյանն ինքը կհրաժարվեն ԱԺ պատգամավորի իրենց մանդատներից եւ կգնան Երեւանի քաղաքապետարանում ավագանի աշխատելու:




Լրահոս