Այցելություն ոստիկանության զորքերի 1032 զորամաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 6-ին, աշխատանքային այցերի ծրագրի շրջանակում, ոստիկանության զորքերի 1032 զորամասում էր: Նպատակն էր՝ ծանոթանալ ծառայության պայմաններին, զինծառայողների աշխատակարգին ու կենցաղին, ներսից տեսնել առկա խնդիրներն ու համատեղ գտնել լուծման եղանակներ:

Ոստիկանության զորքերի, 1032 զորամասի հրամանատարությունն ու անձնակազմը ոստիկանության պետին դիմավորեց շարահրապարակում:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ոստիկանության զորքերի, և, մասնավորապես, 1032 զորամասի զինծառայողների դերը հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման գործում:
Պատվո պահակախմբի ելույթից հետո զինծառայողները ներկայացրին մարտարվեստի, սառը զենքին, հրազենին ու հատուկ միջոցներին տիրապետելու հնարքներ, որ յուրացրել են տևական պարապմունքների ընթացքում:
Վլադիմիր Գասպարյանը և նրան ուղեկցող բարձրաստիճան սպաները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:

Ոստիկանության պետը ծանոթացավ 1032 զորամասի հիմնանորոգված շենքի պայմաններին, եղավ դասասենյակներում, աշխատասենյակներում, բուժկետում:
Այցի ավարտին՝ ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ զինծառայողներ ոստիկանության պետի հրամաններով արժանացան խրախուսանքների:
Շնորհավորելով նրանց՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ նաև ոստիկանության ու ոստիկանության զորքերի պրոֆեսիոնալ աշխատանքով է իրականություն դարձել ապահով Հայաստան ունենալու՝ հանրապետության Նախագահի կարգախոսը, և դա արդեն բոլորի կողմից ընդունված իրողություն է: Օրերս հեղինակավոր միջազգային «Գելափ» սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքում Հայաստանն աշխարհում իններորդ երկիրն է ճանաչվել հենց անվտանգության ու ապահովության ցուցանիշով:
Այցն ավարտվեց զորամասի հիմնանորգման առթիվ տրված զինվորական ճաշկերույթով:




Լրահոս