Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մշտապես խուսափել է պատասխանել ներքաղաքական հարցերին` նշելով, թե ինքը մի կարեւոր սկզբունք ունի ու երբեք չի խախտել այն. «Ես երբեք չեմ մեկնաբանում ներքաղաքական զարգացումներն ու դրանց առնչվող այլ հարցեր»: Բայց, կարեւոր սկզբունքին հավատարիմ մնալով՝ այսօր Հայկ Դեմոյանը հայտնվել է ՀՀԿ ավագանու ցուցակում:
-Պարո՛ն Դեմոյան, ո՞վ Ձեզ խորհուրդ տվեց ընդգրկվել ցուցակում:
-Խորհուրդ, պարտադրանք եւ այլ նման բաներ չեն եղել, եղել է առաջարկ, որին համաձայնել եմ, եւ որն ինձ շատ պարտավորեցնում է: Աշխատանքային իմ հիմնական կրեդոն որեւէ բան փոխելն է դեպի լավը` հանուն ընդհանուր շահի ու ընդհանուրի բարօրության:
-Ձեզ դո՞ւր է գալիս ՀՀԿ-ի այն ցուցակը, որում ներկայացված եք նաեւ Դուք:
-Իմ կարծիքով՝ ցուցակները դուր գալու կամ չգալու համար չեն: Կարեւորն այն է, թե ում հետ հնարավորություն կընձեռվի համագործակցել որպես ավագանու անդամ՝ ի շահ մեր մայրաքաղաքի:
-Բայց ցուցակը գլխավորող անձից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանից, շատերը դժգոհություններ ունեն, ինչպե՞ս եք պատրաստվում այս պայմաններում համագործակցել:
-Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանին, ապա կարող եմ ասել, որ նա այսօր փորձում է կուտակված բազմաթիվ խնդիրները լուծել, եւ այդ առումով տեսանելի են որոշակի արդյունքներ: Իսկ ինչո՞ւ չհամագործակցել նոր արդյունքներ ունենալու համար, եթե կա այդպիսի ցանկություն եւ հնարավորություն:
-Ինչպե՞ս կգնահատեք նրա կատարած աշխատանքը:
-Ես շատ կցանկանայի, որ Դուք գնահատեիք իմ կատարած աշխատանքը որպես ավագանու անդամ, իհարկե, եթե ես ստանամ այդպիսի կարգավիճակ: Ես ինձ համարում եմ թիմային աշխատանքի հակված անձ, ուստի հաշվետու եմ լինելու թե՛ իմ, թե՛ թիմի կատարած աշխատանքի համար:
-Բոլոր կուսակցություններն ավագանու ընտրություններում հանդես եկան իրենց առանձին ներկայացուցիչներով, եւ այս առումով ընտրություններում մեծ լարվածություն է նկատվում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ազնվորեն չեմ զգում այդպիսի լարվածություն:
ՊԱՐՏԱԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԱՌԱՋԱՐԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ