«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, որը կարի արտադրամաս էր, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունիսի 8-ի վճռով սնանկ է ճանաչվել: Պատճառը հարկային պարտավորություններն են: Իսկ դատարանի կողմից նշանակված «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի պարտատերերի առաջին ժողովը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին: Սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազեցին ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները: Եվ 2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել էր 55,2 մլն դրամ: Անգամ արտադրամասի շենքն էր վաճառվել: Կարի արտադրամասն արդեն երեք տարի է, ինչ փակված է, իսկ աշխատակիցներին մի քանի ամսվա աշխատավարձը չի վճարվել: Նրանց մեծ մասն այսօր դարձել է գործազուրկ:
Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ ոստիկանությունը 5 միլիոն 766 հազար դրամի չափով համազգեստ էր պատվիրել ավելի քան մեկ տարի լուծարված ընկերությունից: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ոստիկանությունը համազգեստը գնելու նպատակով դիմել է ֆինանսների նախարարություն եւ պայմանագիրը կնքել «Կոնտինենտտեքս»-ի լուծարման հանձնաժողովի նախագահի հետ: