Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը ցուգահեռ թանկացան նաև մեծ պահանջարկ ունեցող ապրանքատեսակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի թնակացմանը ցուգահեռ սկսեցին թանկանալ այն ապրանքատեսակները, որոնք մեծ պահանջարկ ունեն, եւ որոնց արտադրությունը կապված է էլեկտրաէներգիայի հետ: Դեռեւս սեպտեմբերի սկզբից ձեռնարկությունները սկսել էին հաշվարկել, թե իրենց ծախսերում որքանով է ավելացել էլէներգիայի վարձավճարի չափը: Արդյունքում՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 5 տոկոս գնաճ:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ պարենային ապրանքների շուկայում (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) արձանագրվել է 4.6 տոկոս, ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 5.9 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 3.2 տոկոս գնաճ: Այսպես, հացամթերքի շուկայում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 7.2 տոկոս, մսամթերքի շուկայում՝ 4.8 տոկոս, կաթնամթերքի ոլորտում՝ 6.8 տոկոս գնաճ: Եւ սա այն դեպքում, երբ այս տարվա ամռան ամիսներին կաթնամթերք արտադրող ընկերությունները գյուղացիներից հրաժարվում էին կաթը 140-150 դրամով մթերել: Նրանք առաջարկում էին կաթը մթերել 80-110 դրամով: Կային ընկերություններ, որոնք նույնիսկ որոշ ժամանակ հրաժարվեցին կաթ մթերել: Եւ ստեղծված իրավիճակի ֆոնին այսօր կաթնամթերքի գինը երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում կրկնակի թանկացել է:

Միաժամանակ նշենք, որ 9.2 տոկոս գնանկում է արձանագրվել ձկնամթերքի շուկայում: Հավանաբար ձկնամթերքի էժանանալու պատճառներից մեկն էլ այն է, որ ձկնարտադրությամբ զբաղվող տեղական ընկերությունները ռուսական շուկայում ստեղծված անկայունության հետեւանքով չեն կարողանում ձուկ արտահանել: Դրա հետեւանքով էլ Հայաստանում արտադրվել եւ չիրացված է մնացել մեծ քանակության ձուկ, ինչն էլ հանգեցրել է էժանացման: Օրինակ՝ 2013-2014 թվականներին Հայաստանում ձկան 1 կիլոգրամը վաճառվում էր 1900-2000 դրամով, իսկ հիմա այն արժի 1600-1700 դրամ:

Ձվի շուկայում նույնպես գնանկում է արձանագրվել՝ 0.5 տոկոս: Նշենք, որ այս ապրանքատեսակը եւս չի արտահանվում: Բացի այս՝ ձվի արտադրության ոլորտում կենտրոնացվածություն եւ մենաշնորհ չկա: Եւ մրցակցության արդյունքում էլ գնային էական տատանումներ չեն գրանցվում: Սակայն որոշ մասնագետների խոսքերով՝ ձվի էժան գինը երկար չի պահպանվի, քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 7 դրամի թանկացումը այս շուկայում եւս իր բացասական ազդեցությունը կթողնի:
Իսկ, ահա, շաքարավազի շուկայում արձանագրվել է 4 տոկոս գնաճ: Թեեւ Հայաստանում ընդհանուր գնաճը նույն մակարդակի վրա է գտնվում, այնուամենայնիվ, նկատենք, որ շաքարավազի ոլորոտը մոնոպոլացված է: Այն Հայաստան է ներմուծում ընդամենը մեկ ընկերություն, ինչի հետեւանքով էլ, անկախ միջազգային շուկայի միտումներից, պարբերաբար թանկանում է: Սրան զուգահեռ նկատենք, որ հրուշակեղենի շուկայում արձանագրվել է 15.3 տոկոս գնաճ:

Ըստ ԱՎԾ-ի՝ ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընդհանուր արձանագրվել է 5.9 տոկոս գնաճ: Այստեղ 8.8 տոկոսով թանկացել են լվացող միջոցները եւ խոհանոցային սպասքը: Իսկ շինանյութի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 10.6 տոկոս: Գրենական պիտույքները նույնպես զերծ չեն մնացել թանկացումներից՝ 6.2 տոկոս: Թանկացել են նաեւ դեղամիջոցները՝ 8.5 տոկոս, կահույքը՝ 13.4, կենցաղային էլեկտրաապրանքները՝ 16.1 տոկոս:
Նշենք, որ բենզինի շուկայում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 8.4 տոկոսի գնանկում: Եթե ծառայությունների ոլորտի թանկացումները մարդիկ կարող են շատ չզգալ իրենց գրպանի վրա, քանի որ ամեն օր չեն օգտվում դրանցից, ապա սննդամթերքի թանկացումը մեծ հարված է բնակչության գրպանին: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ընդառաջ արդեն արտադրողների կողմից տեղեկություններ կան, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի որոշ տեսակներ կթանկանան: Հայաստանում միաժամանակ թանկացել է նաեւ հանգստի կազմակերպումը՝ 22.5 տոկոս, բուժսպասարկումը՝ 5 տոկոս: Թանկացել են նաեւ իրավական եւ բանկային ծառայությունները՝ 4.1 տոկոս: Իսկ, ահա, կապի ոլորտում արձանագրվել է 2.2 տոկոս գնանկում:

Նշենք, որ Գավառ քաղաքում այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, դեղամիջոցների շուկայում արձանագրվել է 18.3 տոկոս գնաճ: Իսկ, օրինակ, կոշիկի շուկայում բարձր գնաճ արձանագրվել է Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի Գավառ, Տավուշի Իջեւան քաղաքներում եւ մայրաքաղաք Երեւանում: Բեռնափոխադրումների սակագները նույնպես բարձրացել են, այստեղ գնաճը կազմել է 1.9 տոկոս, 11.2 տոկոս գնաճ էլ արձանագրվել է երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծառայությունների դեպքում:
Այնուամենայնիվ, մեծ վերապահումով է պետք վերաբերել ԱՎԾ-ի թվերին, առավելապես այս կամ այն ապրանքատեսակի գնանկման մասով: Թվերի հետ կապված միտումնավոր մեքենայություններից բացի՝ որեւէ ապրանքատեսակի գնանկման շնորհիվ ընդհանուր գնաճի տոկոսը կարող է նվազել:

Արդյունքում ընդհանուր գնաճի մակարդակը ցածր կստացվի: Հարկ ենք համարում հիշեցնել, որ օրեր առաջ կտրուկ էժանացան բրենդային՝ «Սնիկերս», Մարս», Բաունտի» եւ այլ շոկոլադների գները: Ըստ որոշ տեղեկությունների՝ նշված շոկոլադներից սկսել էր Հայաստան ներմուծել եւս մեկ ընկերություն: Իսկ մրցակցությունից օգտվեց քաղաքացին: Սա ապացույցն է այն բանի, թե ինչպես շուկայում առկա մրցակցությունը կարող է հանգեցնել գնանկման:
Հ.Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ազգային ժողովը ընդունեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ըստ որոշ մասնագետների՝ այս օրինագծի ընդունումը խիստ բացասաբար կանդրադառնա տեղական արտադրության վրա. տրանսպորտի թանկացումը, սոցիալական ցնցումները, արտադրական գործընթացներում անհավասար մրցակցությունն անխուսափելի կլինեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս