ՀՀԿ-ն հարայ-հրոցով քարոզարշավ չի անի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հոկտեմբերի 28-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 1-֊ին կսկսի սահմանադրական փոփոխությունների ակտիվ քարոզչությունը: Սակայն մինչեւ այսօր ՀՀԿ-ն որեւէ ակտիվություն չի ցուցաբերում` բացի ՀՀԿ շտաբում երեկոյան ժամերին անցկացվող հանդիպումները:

«Մինչեւ այդ, վերջնական կհստակեցվի կուսակցության քարոզչության ժամանակացույցը, նոյեմբերի 1֊ին կուսակցությունը կանցնի արդեն ակտիվ քարոզչական աշխատանքների: Հանրապետականն այժմ աշխատում է քարոզչական տեքստի, պաստառների պատրաստման վրա, 2֊3 օր հետո պատրաստ կլինի ե՛ւ լոգոն, ե՛ւ կարգախոսը: ՀՀԿ֊ն օգտագործելու է քարոզչական բոլոր միջոցները, որ մատչելի ձեւով ժողովրդին բացատրի, թե ինչ են իրենցից ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները,-հայտարարել էր Վ. Բաղդասարյանը` հավելելով,-մենք պետք է այնպես կազմակերպենք հանրաքվեն, որ խոցելի կողմ չլինի, քանի որ այս պրոցեսին հետեւում է ողջ միջազգային հանրությունը»:

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում այս օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպես պետք է բաշխվեն աշխատանքները, որպեսզի հանրաքվեի արդյունքները լինեն Սերժ Սարգսյանի «սրտով»: Ըստ մեր տեղեկությունների՝ շտաբում ընդգրկված ՀՀԿ-ականներից շատերը կարծում են, որ պետք չէ մեծ միջոցառումներ իրականացնել, մարդկանց հավաքել, քանի որ մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը այս ժամանակահատվածում տեղերում կաշխատեն: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փնտրում էր ՀՀԿ-ականների` պարզելու համար, թե ինչու ակտիվ քարոզչություն չեն իրականացնում: Սակայն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Աժ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կտրականապես հրաժարվում էին մեր հեռախոսազանգերին պատասխանել:
Ի վերջո, մեզ հաջողվեց զրուցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ, ով հավաստիացրեց, որ ՀՀԿ-ականների ակտիվ քարոզչությանն ականատես կլինենք արդեն ամենակարճ առաջիկայում:

-Պարո՛ն Ավետիսյան, այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ին որեւէ կերպ չի վերաբերում դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն, քանի որ այս ժամանակահատվածում Ձեր կուսակցությունը որեւէ տեսանելի քայլ չի կատարում` հանրությանը իրազեկելու եւ քարոզելու ուղղությամբ: Ինչո՞ւ եք այդքան «պասիվ», ինչո՞ւ քարոզչություն չեք իրականացնում:

-Մենք ժամանակին, հստակ ամեն ինչ կանենք, ու այնպես չի, որ հարայ-հրոցով ենք անելու, նորմալ, ամեն ինչը տեղը տեղին լինելու է: Իսկ քարոզչության միջոցները տարբեր են՝ հեռուստատեսությամբ, մամուլով, անմիջական մարդկանց հետ շփումներով, որն ինձ համար ավելի գերադասելի է: Մենք երկուսն էլ անելու ենք, քարոզչական համապատասխան նյութեր էլ ենք ունենալու: Իհարկե, այսպես մեծ հավաքներ չենք ունենալու, բայց կոնկրետ աշխատանքով զբաղվելու ենք ու հիմա էլ զբաղվում ենք:

-ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, հայտարարել էր, որ արդեն նոյեմբերի 1-ից ՀՀԿ-ն ակտիվ քարոզչություն է իրականացնելու: Ի վերջո, այդ ակտիվությունը լինելո՞ւ է, թե՞ ոչ:

-Տեմպը կամաց-կամաց ենք տալիս, էլի, որպեսզի մի անգամից բան չլինի… Եթե, օրինակ, կոնկրետ ինձ եք հարցնում, ապա ես Գյումրիում վաղուց հանդիպումներ ունենում եմ տարբեր մարդկանց հետ, տարբեր կոլեկտիվների հետ, տարբեր ձեւաչափերով, հեռուստատեսությամբ, այնպես որ, մենք անում ենք մեր գործը, մեր քարոզչությունն իրականացնում ենք, այնպես չէ, որ մենք որեւէ բան չենք անում: Շատ ակտիվ հիմա չենք անում, բայց կամաց-կամաց ակտիվանալու ենք, այդ ակտիվությունը կզգացվի: Մենք չենք շտապում, մենք մեկ ամիս ժամանակ ունենք, այնպես որ, մենք այդ ժամանակահատվածում կարող ենք նորմալ մեր աշխատանքներն իրականացնել: Մենք այնպես ենք պլանավորել մեր գործերը, որ մեզ լրիվ բավարար է այդ մեկ ամիսը:

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ է որոշում կայացվել մեծ հավաքներ չկազմակերպել, ՀՀԿ-ն այն համոզմանն է, որ հանրությունն արդեն կողմնորոշվա՞ծ է:

-Մեր շտաբը գտնում է, որ մեծ հանրահավաքներ կազմակերպելն անիմաստ է, իսկ առաձին հանդիպումներ՝ տարբեր ձեւաչափերով, բնական է՝ եղել են, կլինեն: Հիմա ավելի ինտենսիվ կլինեն նման հանդիպումները, քարոզչական նյութեր կլինեն, որը մինչեւ օրս չկա: Պետք է ժողովրդին բացատրել, որպեսզի իմանա այդ ամենի մասին, որովհետեւ այսօր, ցավոք, սրտի շատ շատերը տեղյակ չեն բուն տեքստին, ծանոթ չեն բուն նպատակներին, իսկ դա անհրաժեշտ է անընդհատ մարդկանց ասել, բացատրել: Մեր թիմը այդ հավաքների արդյունավետությունը հենց դրանում չի տեսնում, մենք կարծում ենք, որ ժողովրդին պետք է հանդիպել փոքր ֆորմատներով: Դա հնարավորություն է տալիս նաեւ դիմացինին հարցեր տալ, իսկ հանրահավաքի ժամանակ մարդիկ չեն կարողանում հարցեր հնչեցնել եւ ստանալ իրենց համար ցանկալի պատասխան:

-Գյումրեցիները մշտապես աչքի են ընկել իրենց ընդդիմադիր կեցվածքով…

-Գյումրին ընդդիմադիր չէ, խնդրում եմ՝ Ձեր արտահայտությունների մեջ եղե՛ք կոռեկտ: Գյումրեցին պարզապես ունի սոցիալական խնդիրներ, դրա համար էլ Գյումրիում ավելի բարդ է, եւ այստեղ ավելի պահանջկոտ են իշխանություններից:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս