Արդեն ավելի քան չորս օր է անցել ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից, սակայն մինչ օրս պաշտոնապես չի նշվում, թե ինչն է եղել այդ ողբերգության պատճառը, որի արդյունքում ՀՀ 8 քաղաքացի է մահացել, իսկ 43-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Առայժմ ամեն ինչ վարկածների շրջանակներում է:
Հայտնի է, որ վթարի ենթարկված «Higer» մակնիշի ավտոբուսը պատկանել է Արթուր Հարությունյանի` հայտնի Պալաչի «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին: Նշված ավտոբուսները նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով չինական արտադրության ավտոբուսներ են: Նախնական վարկածով վթարի պատճառը եղել է վարորդի՝ ղեկին քնելը: Սակայն այդ դեպքում տարօրինակ է, որ ավտոբուսը մեծ արագության տակ է շրջվել: Ամեն դեպքում, հույս ունենանք, որ ՌԴ իրավապահները առաջիկայում պաշտոնապես կասեն, թե ինչպես է ստացվել, որ ավտոբուսը ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել եւ շրջվել: Այդ փաստը, ամեն դեպքում, տարակուսանքի տեղիք է տալիս: Բանն այն է, որ նշված ավտոբուսները կահավորված են հեռակա վերահսկողության «GPRS» եւ, այսպես կոչված, «ռեգիստր» համակարգերով: Ինչը հնարավորություն է տալիս պարզել, թե ավտոմեքենան ինչու է ճանապարհից դուրս եկել, արդյո՞ք նրա ճանապարհին ինչ-որ խոչընդոտ է հայտնվել, այդ պահին այն ի՞նչ արագությամբ է ընթացել եւ այսպես շարունակ:
Բնականաբար, եթե հաստատվի, որ վթարի պատճառը եղել է ավտոբուսի անսարքությունը, ապա պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի «Կինգ Դելյուքս» ընկերության եւ վարորդների ուսերին: Այն, որ ուղեւորափոխադրող ընկերությունները կձգտեն հնարավորինս քիչ գումար ծախսել իրենց տրանսպորտային միջոցների վրա` փորձելով հնարավորինս շատ եկամուտ ստանալ հասկանալի է: Սակայն մյուս կողմից մի տեսակ անհավանական է թվում, որ ինչ-որ մեկը, ով էլ նա լինի, կարող է ավտոբուսը անսարք վիճակում 3 հազար կիլոմերտ երկարությամբ ուղերթի ուղարկել: Ավելին՝ ցանկացած վարորդ ինքը եւս չի համաձայնի: Իհարկե, քաղաքի շրջանակներում մարդիկ կարող են մի քանի լումայի համար անսարք ավտոբուսով երթուղի դուրս գալ, բայց միջպետական` հազարավոր կիլոմետրեր ձգվող երթի դուրս գալուց առաջ պետք է որ համոզվեին տրանսպորտային միջոցի սարքին լինելու հարցում: Ամեն դեպքում, մինչեւ վթարի պատճառները չպարզվեն եւ չհրապարակվեն, ոչ ոք չի կարող ասել, թե տեղի ունեցածի համար ով է պատասխանատվություն կրում:
Արդյոք կարող է այս վթարը պատահականության արդյունք չլինել, այլ ծրագրված ինչ-որ գործընթացի սկիզբը հանդիսանալ: Այս հարցի վերջնական պատասխանը պարզ կլինի այն ժամանակ, երբ վերջնականապես պարզ կդառնա, թե այս դեպքը ինչպես կազդի ավտոբուսով ուղեւորափոխադրումների գործընթացի վրա: Նախօրեին արդեն իսկ հայտնի դարձավ, որ ՌԴ ՆԳՆ աշխատակիցները Մոսկվայից Երեւան ուղեւորվող երկու ավտոբուսներ ստուգել եւ դրանց մոտ անսարքություններ են հայտնաբերել:
Իսկ որպեսզի հասկանանք, թե արդյոք ավտոբուսով միջպետական ուղեւորափոխադրումները կարող էին հատուկ «հետաքրքրության» առիթ դառնալ, փորձենք հաշվարկել, թե ինչ ծավալների եկամուտների մասին է խոսքը:
Այսպես՝ ավտոբուսով ուղեւորափոխադրումները սկսեցին թափ հավաքել Վրաստանում 2004-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Մասնավորապես մինչեւ 2005 թվականը Հայաստանից Վրաստանի տարածքով ավտոմեքենայով Ռուսաստան գնալը արկածախնդրություն էր, քանի որ վրացական պետավտոտեսչությունը Հայաստանի վարորդներին եւ նրանց ուղեւորներին, բառիս բուն իմաստով, թալանում էին: Սակայն իշխանափոխությունից հետո իրավիճակը փոխվեց, վրացական պետավտոտեսչությունը ընդհանրապես լուծարվեց, իսկ նրանց փոխարինման եկած ոստիկանները սկսեցին միայն օրենքով գործել: Արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: Պաշտոնական վիճակագրության տվյալներում 2005-ից մինչեւ 2009 թվականը ավտոտրանսպորտով մարդկանց տեղաշարժը Հայաստանից` մեկնում-ժամանումները, ընդհանուր ցուցանիշով են ներկայացված՝ ուղղությունները չառանձնացված են:
Ստորեւ բերված ցուցակում ներկայացված է, թե 2005 թվականից սկսած քանի մարդ է ավտոտրանսպորտով Հայաստան գնացել եկել.
ընդհ. Վրաստանով
2005- 493,8 հզ. 293 հզ.
2006- 729,5 հզ 529 հզ.
2007- 1 մլն 139,4 հզ. 939 հզ.
2008- 1 մլն 277 հզ. 1 մլն 77 հզ.
2009- 1 մլն 375 հզ. 1 մլն 175 հզ.
2010- 1 մլն 873,1 հզ. 1 մլն 657,2 հզ.
2011- 2 մլն 132,7 հզ. 1 մլն 899,4 հզ.
2012- 2 մլն 520,4 հզ. 2 մլն 337,6 հզ.
2013- 3 մլն 116,5 հզ. 2 մլն 945,2 հզ.
2014- 3 մլն 315,4 հզ. 3 մլն 123,2 հզ.
2015- 2 մլն 558,9 հզ. 2 մլն 361,9 հզ.
Այս տարվա տվյալները ներկայացված են 9 ամիսների կտրվածքով: Ակնհայտ է, որ տարվա վերջին այդ ցուցանիշն անցած տարվանից պակաս չի լինի: Նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը չի հրապարակում, թե ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով դեպի Ռուսաստան մեկնողների թիվը որքան է: Սակայն կարող ենք համոզված լինել, որ վերջին գոնե չորս տարիներին ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով Հայաստան գնացող-եկող ուղեւորների թիվն առնվազն մեկ միլիոնի սահմաններում է: Բնականաբար, ավտոբուսներով մեկնելն էժան է, եւ դրա համար է, որ մարդիկ հենց այդ տրանսպորտն են նախընտրում:
Իսկ ո՞րն է վտանգը. ավտոբուսներով միջպետական ուղեւորափոխադրումների զարգանալու արդյունքում ավիացիան տարեկան մոտ 200 մլն դոլարի շրջանառություն է կորցնում:
Հիշեցնենք, որ Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ինքնաթիռով ուղեւորափոխադրումները վերջին մեկուկես տարում իրականացնում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները: Այսինքն՝ վերը նշված գումարներն ավելի կոնկրետ կորցնում են կոնկրետ ռուսական ավիաընկերությունները:
Կասկած չկա, որ վթարներից հետո մարդիկ կսկսեն առավել շատ մտածել նաեւ ինքնաթիռով մեկնելու մասին: Իսկ թե ավտոբուսներով երթեւեկության քաղաքականության մեջ ինչ փոփոխություններ կմտցվեն, ապագան ցույց կտա: Առայժմ միայն կարող ենք խոսել խստացումների մասին:
Վահագն Հովակիմյան