Երբեմն ժյուրիի վրա ճնշում են գործադրում. «Վահան Թեքեյան» մրցույթի մրցանակները սպասում են իրենց տերերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեքեյան մշակութային միությունը 2015-ի դեկտեմբերին կամփոփի հերթական ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Մրցանակներ կշնորհվեն հետեւյալ անվանակարգերում` գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, մանկապատանեկան ստեղծագործություններ:

Մշակութային միության գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հայտարարված մրցույթը որեւէ տարիքային, տարածքային սահմանափակում չի ենթադրում. միակ պայմանն այն է, որ տվյալ գործը ստեղծված լինի 2014-ին (օր.` գրական գործը այդ թվականին պետք է տպագրված լինի, երաժշտությունը` որեւէ համերգասրահում հնչած):

Երաժշտություն անվանակարգում առաջադրվելու համար պարտադիր է միայն, որ մասնակիցը լինի հեղինակ-կատարող:
Մեր այն հարցին, թե ովքեր են ընդգրկված լինելու ժյուրիի կազմում, Գ. Մուրադյանը պատասխանեց, որ ցանկալի չէ` անդամների անունները հրապարակվեն. «Պատճառն այն է, որ հայ իրականության մեջ երբեմն սկսում են ճնշում գործադրել ժյուրիի անդամների վրա, փորձում են բարեխոսել, ծանոթ «մեջ գցել», որպեսզի մրցանակի արժանանան:

Նրանք իրենց նպատակին չեն հասնում, բայց ժյուրիի անդամները բողոքում են: Սա Հայաստանն է, եւ այդ խնդիրը միշտ առկա է»,-մեկնաբանեց գրասենյակի պատասխանատուն` հավելելով միայն, որ գրականություն անվանակարգում ժյուրիի կազմում սփյուռքահայ գրականագետ Երվանդ Ազատյանն է:
Գ Մուրադյանը նաեւ նշեց, որ իրենք հետմահու մրցանակներ չեն շնորհում, ինչպես նաեւ պետական մրցանակի արժանացած գործչի մրցանակի չեն արժանացնում. «Մեր նպատակը նոր տաղանդների, շնորհալի ստեղծագործողների գտնելն ու հայտնաբերելն է, վերջինիս անվանը նաեւ միջազգային ասպարեզում հնչղություն հաղորդելը»:

Հ.Գ. Նշենք, որ մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց հեղինակած աշխատանքները կարող են միության գրասենյակ ներկայացնել նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս