ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՓԱԹԵԹԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որով կրճատվում են երկրի նախագահի լիազորությունները։ Նախագահը չի կարող կառավարությունը ցրել ու նշանակել առանց խորհրդարանի համաձայնության։ Փոփոխություններով արգելվում Է նաեւ խորհրդարանն արձակել նախագահական ընտրություններին նախորդող մայիս ամսից մինչեւ պետության նորընտիր ղեկավարի պաշտոնակալման արարողությունը։ Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին:
ԵՂԲԱՅՐԱԲԱՐ
Թուրքիային անհանգստացրել է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամական խմբի ստեղծումը, եւ այդ երկրի իշխանությունները դիվանագիտական խողովակներով այդ կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Լիտվային` նախագահ Աբդուլահ Գյուլի՝ ապրիլի 3-ին Լիտվա կատարվելիք պաշտոնական այցի նախաշեմին։ Ըստ «Հուրիեթ»-ի՝ Լիտվայի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի մտահոգությանը՝ նշելով, թե չի ճանաչում ԼՂՀ անկախությունը:
48 ԺԱՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա արտահերթ նիստում միաձայն ընդունված որոշմամբ 48 ժամ է տվել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրված «Առաքելություն» կուսակցությանը` 3 մլն դրամի չափով ընտրական գրավի անդորրագիրը ներկայացնելու համար: Մինչեւ մարտի 29-ի ժամը 14-ն անդորրագիրը չներկայացնելու դեպքում կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը կմերժվի:
ԷԼԻ ԶԱՐԶԱՆԴԸ
«Առավոտ»-ը հաղորդել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի հերթական ծեծկռտուքի մասին, որի հետեւանքով Արմեն Վարդանյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ նրան մարմնական վնասվածքներ են հասցրել Զարզանդ Ն.-ն եւ Դավիթ Բ.-ն, ում փնտրում են: Իսկ Սուրեն Խաչատրյանն ասում է, թե թիկնապահ չունի: Բայց եթե, այնուամենայնիվ, թիկնապահին բռնեն, ալիբի կա. տուժողն աստիճանահարթակից է ընկել:
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «Սիվիլիթաս» հիմնադրամը եւ «Սիվիլնեթ»-ը համարում են իրենց գործընկերը: Այս մասին երեկ մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ը «Սիվիլիթաս»-ի հետ երեք նախագիծ է իրականացրել, եւ իրենք որեւէ խնդիր չեն ունեցել այն հարցում, թե ինչպես են ծախսվել ամերիկացի հարկատուների գումարները:
ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
Մարտի 25-ին Գյումրու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում «օղակ օպերացիա» են իրականացրել եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրատվական ծառայությանը սպասարկող մեքենան տեղափոխել ՃՈ տուգանային հրապարակ: Մեքենան 2 օր առանց հիմնավորման պահվել է ՃՈ-ում, միայն նշվել է, թե մեքենայի վարորդը՝ «ԳԱԼԱ»-ի աշխատակից Արմեն Պետրոսյանը, խախտում է թույլ տվել եւ փաստաթղթերը չի հանձնել ոստիկանությանը:
««Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն» հկ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ՀՀ ոստիկանությունը գործել է օրենքի խախտումներով: Դա, իհարկե, ոչ մեկի համար նորություն չէ: