Կուրսանտի մահվան գործով վկաներն ավիացիոն ինստիտուտ են տեղափոխվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ներգրավված փաստաբաններն ուսումնասիրում են նախաքննության նյութերը, պատրաստվում են դատական նիստերի, որոնք շուտով կմեկնարկեն Ավան եւ Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ 10 ամիս է անցել այն օրվանից, երբ առաջին կուրսեցի Բարսեղյանի մարմինը՝ բազմաթիվ վնասվածքներով, գտան մարզահրապարակի պտտաձողից կախված, վրան՝ տանջանքի հետքեր, բազմաթիվ վնասվածքներ, որոնք ապացուցում էին, որ առանձնակի դաժանությամբ է կատարվել սպանությունը, եւ որ մարդասպաններն իրենց գործն անելուց հետո ինքնասպանության իմիտացիա են ստեղծել։

Այժմ ունենք կատարվածի պաշտոնական նկարագրությունը՝ ըստ գործի նյութերի։ Տղաները մի քանի հոգով բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը եւ ձեռքերը, փակել են բերանը՝ զրկելով նրան օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին եւ դեմքին, այնուհետեւ, սեղմելով պարանոցը, կոտրել են ենթալեզվային ոսկորը։ Բարսեղյանը մահացել է շնչահեղձությունից։

Շորերը հագցնելով, մարմինը մարզահրապարակ են հասցրել եւ պարանով կախել ձողից։ Առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով կատարված սպանության համար մեղադրանք է առաջադրվել 4 հոգու՝ Գնել Թեւոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին եւ Մովսես Ազարյանին։ Մեղադրանքներ են առաջադրված նաեւ բռնությունների սպառնալիքի, կանոնագրքային հարաբերությունների խախտման համար։ Անցած ամիսների ընթացքում մեղադրյալների փաստաբանները, սակայն, քննության ավարտին ավելի ազատ են իրենց տպավորությունները հայտնում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս