Սահմանին ադրբեջանցիների բացած հողաշեն ճանապարհի վտանգներն արդեն երևում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում գնդակոծել է Բաղանիս գյուղի ծայրին երթեւեկող մեծ բեռնատարը: Գնդակներից վնասվել է «ֆուռի» շարժիչը, անիվներից մեկը շարքից դուրս է եկել: Ոսկեվանի մի քանի բնակիչ բեռնատարի (ազգությամբ օս) վարորդին իրենց տուն են տարել, հյուրասիրել: Նոյեմբերի 4-ին եւ 5-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաեւ սահմանագոտու վտանգավոր հատվածը շրջանցող, Հարսնաքարով ձգվող Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը:

Ամիսներ առաջ ադրբեջանական զինուժը սահմանի հատվածում կարմիր էքսկավատորով հողաշեն նոր ճանապարհ էր բացում, ինչի մասին «Ժողովուրդը» բազմիցս ահազանգել է: Սակայն դրան համարժեք արձագանք չեղավ: Այդ ժամանակ մտահոգություն էինք հնչեցրել, որ հողաշեն նոր, լայն ճանապարհի շինարարությունից, դրանով նոր զինտեխնիկա փոխադրելուց հետո ադրբեջանական զինուժը սահմանագծի երկայնքով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին ոտնձգություններ է կատարելու: Ինչը եւ, փաստորեն, տեղի ունեցավ:

1990-ական թվականների երկրորդ կեսին Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանված էր հողի մեծ թմբերով, որոնք  անվտանգ էին դարձնում երթեւեկը: Սակայն այդ հողապատնեշները, չգիտես ինչու, քանդվեցին եւ հիմա միջպետական ճանապարհով, սահմանի երկայնքով, երթեւեկը կատարվում է անպաշտպան՝ ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց: Փաստորեն ադրբեջանական զինուժի «բարի կամքից» է կախված այդ հատվածում մեքենաները գնդակոծել-չգնդակոծելը:

Հիշեցնենք, որ 2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը, որը, սակայն, չլուծեց ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանված երթեւեկի խնդիրը, քանի որ ճանապարհը բաց է ադրբեջանական հրետակոծության համար: Սահմանագծով ձգվող, 4 կմ երկարությամբ հիմնական ճանապարհի փոխարեն կառուցվեց 11 կմ երկարությամբ ոլորապտույտ, լեռնային ճանապարհ: Շատերի կարծիքով` ճանապարհը երկարացնելը, ոլորանների թվի մեծացումը նպատակ ուներ Լինսի հիմնադրամից մեծ ֆինանսներ կորզել: Եթե նոր ճանապարհի կառուցման նպատակը ադրբեջանական զինուժի ոտնձգություններից երթեւեկի անվտանգության ապահովումը լիներ, ապա շրջանցիկ ճանապարհը կկառուցվեր հիմնական, ներկայումս չգործող ճանապարհից քիչ վերեւ: Այդ դեպքում նոր ճանապարհը ե՛ւ կարճ կլիներ, ե՛ւ հողապատնեշով ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանված, ապահով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս